Без рубрики

Հարձակում Նիսում. Գրոհ նաեւ Հայաստանի վրա

 

arm146856641232

lragir.am — Հայաստանը հայտնվել է տարածքների վերաբերյալ թեժ քննարկումների փուլում: Արցախի հակամարտության գործընթացի շուրջ աշխույժ դիվանագիտական շարժերը, նաեւ բավական անորոշ, հակասական արտահայտություններն ինչ որ պայմանավորվածությունների եւ տարբերակների մասին, միաժամանակ այդ ամենի վերաբերյալ պաշտոնական Երեւանի ոչ այդքան որոշակի, առավելապես լղոզված հերքումները, եւ ի լրումն այդ ամենի ՀՀԿ-ականների հայտարարությունները «տարածք կարգավիճակի դիմաց» տարբերակով, հանրության շրջանում առաջացրել են տարածքների ճակատագրի համար լրջագույն մտահոգություններ:
Իշխանության հասցեին հնչում են կոշտ քննադատություններ ու սպառնալիքներ, եթե համարձակվեն գնալ տարածքային զիջման:
Հասարակության տրամադրությունը եւ մոտեցումները հուշում են, որ անգամ «կարգավիճակ տարածքի դիմաց» բանաձեւը, այսինքն տարածքի դիմաց Արցախի անկախ կարգավիճակի արձանագրումը հանրության համար ընդունելի տարբերակ չէ, տարածքի հանձնումը չի դիտվում կարգավիճակի ձեռքբերմանը համարժեք, ինչը ընդհանուր առմամբ Հայաստանի հասարակության համարժեքության վկայությունն է:
Տարածքը չի կարող լինել Արցախի կարգավիճակին համարժեք «փոխանակում» կամ «փոխզիջում» մի շարք պատճառներով, որոնցից առանցքայինն այն է, որ ժամանակակից աշխարհը լի է ուժով տարբեր խնդիրներ լուծելու օրինակներով, այն էլ ամենաթարմ, ու թարմացող օրինակներով: Ըստ այդմ, կարգավիճակը պահանջում է անվտանգության մեխանիզմներ, որոնք ավելին են, քան թուղթը:
Եվ այդ առումով, հերթական դաժան եւ ողբերգական օրինակն է Ֆրանսիայի Նիս քաղաքում տեղի ունեցած սարսափելի ահաբեկությունը, երբ ահաբեկիչը բեռնատարի ղեկին մխրճվել է տոնախմբությանը մասնակից ամբոխի մեջ եւ սպանել մի քանի տասնյակ մարդու, մի քանի տասնյակին վիրավորել:
Սարսափելի այդ ոճրագործությունը ցնցել է աշխարհը: Ընդ որում, ահաբեկիչները, որոնց գործողության համար պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը, ոճրագործության օր են ընտրել Ֆրանսիայի Ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը: Բայց, դա միայն Ֆրանսիայի Ազգային տոնը չէ: Դա համամարդկային տոն է, որովհետեւ այդ տոնը խորհրդանշում է մարդկության համար կարեւորագույն արժեքները՝ Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն:
Արժեքներ, հասկացություններ, որոնք փոխեցին թե Ֆրանսիան, թե ժամանակի ընթացքում նաեւ գրեթե ամբողջ աշխարհը, որոնք դարձան համամարդկային նոր առաջընթացի հիմք: Եվ այդ իմաստով, հուլիսի 14-ին Ֆրանսիայի վրա կատարված հարձակումը առավել քան աղաղակող, ցինիկ ու հանդուգն հարձակում էր քաղաքակիրթ աշխարհի վրա, համամարդկային արժեքների վրա:
Եվ այդ ողբերգությունը, որն առաջին հայացքից որեւէ կապ չունի Արցախի խնդրի հետ, իրականում նաեւ ողբերգական, դաժան, բայց խիստ ուսանելի դաս է առաջատար քաղաքակրթական համակարգի եւ դրան առնչվող բոլոր այլ խնդիրների համար: Իսկ Արցախի խնդիրը առնչվում է հենց դրան: Արցախի խնդիրը Պուտինի, Ռուսաստանի խնդիրը չէ, ինչպես կարող է նամակագրել իր դարն ապրած ինչ որ մի «սիրողական նավապետ»:
Արցախի խնդիրը քաղաքակրթական առաջատար համակարգի խնդիր է, միջազգային անվտանգության խնդիր, Եվրատլանտյան համակարգի անվտանգության խնդիր, քանի որ Հայաստանի հասարակությունն իր խորքում հենց Ազատության, Հավասարության եւ Եղբայրության արժեքների կրողն է, որոնք պարզապես քառորդ դար խեղդվել են պոստսովետական «էլիտայի» բնազդներով: Շարունակում են մնալ խեղդված, բայց նաեւ ակնառու են ճեղքվող ու բացվող բազմաթիվ օդանցքները տարբեր բնագավառներում, որոնք վկայում են հենց Ազատության, Հավասարության ու Եղբայրության արժեհամակարգում Հայաստանի քաղաքացիների ահռելի ներուժը:
Ըստ այդմ, հարձակումը Նիսում գրոհ է նաեւ Հայաստանի վրա: Եվ գրոհն Արցախում, գրոհ է նաեւ Ֆրանսիայի վրա, գրոհ է նաեւ Եվրոպայի վրա:
Հետեւաբար, տարածք հասկացությունն Արցախի խնդրում ունի չափազանց ընդգրկուն, խորքային, միջազգային նշանակություն, քան զուտ բանակցային կամ այսպես կոչված «փոխզիջման» առարկան:
Առավել եւս ապրիլի պատերազմից հետո, երբ ակնառու է, որ Ադրբեջանի պետական իշխանության մտածողությունն ու պատկերացումները գործնականում լիովին համապատասխանում են ահաբեկչական տրամաբանությանը:
Ընդ որում, էական չէ անգամ, թե Հայաստանի քսանհինգ տարվա իշխանությունը խոշոր հաշվով հենց այդպես էլ դիտարկել է տարածքը, փաստացի արժեզրկելով դրա թե հայկական պետականության համար ունեցած, թե միջազգային նշանակությունը: Վերջին հաշվով, միջազգային անվտանգության համակարգի, եվրոպական անվտանգության համակարգի ճակատագիրը չի կարող թողնվել Հայաստանի սահմանափակ մտահորիզոնով «էլիտայի» մեկնաբանությանը:
Խոշոր հաշվով, անվտանգության միջազգային համակարգը հենց այդպես էլ դիտարկել է խնդիրը, եւ բոլորովին պատահական չէ, որ երկու տասնամյակ առաջ այդ համակարգը դույզն իսկ չի խանգարել հայկական ուժերին լուծել այդ խնդիրը եւ գծել միջազգային անվտանգության համակարգի նոր սահմանը, որպես սառը պատերազմից հետո միջազգային անվտանգության այդ համակարգի նոր սուբյեկտ իր լուման բերելով այդ գործում:
Եվ խոշոր հաշվով, երկու տասնամյակ շարունակ հենց միջազգային անվտանգության համակարգի կենտրոններն են պահել այդ սահմանը, այն «մսխելու» հայկական «էլիտաների» քաղաքականության ֆոնին:
Սակայն, պահելու այդ մեթոդները սպառվել են, որովհետեւ հայկական «էլիտաները» համառորեն հրաժարվել են սուբյեկտությունից, հանուն փողի եւ իշխանության, եւ հանուն դրա գլխավոր հովանավոր ռուսական կայսրության շահի:
Ներկայում միջազգային անվտանգության համակարգը, եվրաատլանտյան քաղաքակրթական համակարգը Արցախի հարցում փնտրում է իր սահմանը պահելու նոր հնարավորություններ, ինչն իհարկե բարդ է, հաշվի առնելով այն, որ ի տարբերություն 25 տարվա վաղեմության իրավիճակի, ներկայում հայկական կողմը սուբյեկտային գործընկեր չէ:
Բայց, կասկած չկա, որ այդ հնարավորությունը գտնվելու է, առավել եւս, որ Հայաստանի «էլիտայի» սուբյեկտության բացակայության պարագայում այդուհանդերձ նվազագույն նախադրյալի առկայությունը պահպանվում է, ընդ որում դատելով ամեն ինչից պահպանվում է բավական ամուր՝ հայկական հասարակության եւ զինված ուժերի կորիզը հաստատակամ է պետական սուբյեկտության հարցում:
Այլ կերպ ասած, Հայաստանում «հատակը» այդուհանդերձ երեւում է, շատ խորքում՝ բայց երեւում է, Հայաստանն «անհատակ հոր» կամ «սեւ խոռոչ» չէ միջազգային անվտանգության համակարգում, եւ այդ համակարգը ունի Հայաստանում «ոտք դնելու» տեղ՝ այդ համակարգի հայկական սահմանը համատեղ պահելու համար:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

hing.am

hing.am