Հարձակում պետության վրա. ինչ է կատարվել

118

1in.am — Հայաստանյան լրահոսը սեպտեմբերի 11-ին պայթեցրեց ԱԱԾ պետի և ՀՔԾ պետի միջև հեռախոսազրույցը, որի բովանդակությունն արդեն հայտնի է թերևս բոլորին: Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը հանդես եկան պատասխան հարցազրույցով, որում ներկայացրին ոչ միայն դրա վերաբերյալ պարզաբանումներ, ընդ որում՝ այդ մասով ոչ այնքան համոզիչ և նոր հարցեր առաջացնող, այլ նաև, այսպես ասած՝ նոր բացահայտումներ Մարտի 1-ի գործով, նաև Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի, հանրության ու պետության հաշվին հարստացման խնդրի և դրա դեմ պայքարի: Այլ կերպ ասած՝ հրապարակված ձայնագրությանը տրվեց ոչ պակաս հնչեղ հակահարված, և այդ իմաստով, ըստ էության, եղավ բումերանգի էֆեկտ: Եթե ձայնագրությամբ կար նոր իշխանությանը, ԱԱԾ և ՀՔԾ պետերին հարվածելու նպատակ, ինչը առնվազն առերևույթ դիտարկմամբ պետք է լինի այդ տրամաբանության մեջ, ապա այդ նպատակը հազիվ թե հնարավոր լինի համարել արդարացված, և ստացվեց լիովին հակառակ էֆեկտ:

Այս ամենը, սակայն, դեռևս գտնվում է այսպես ասած ինֆորմացիոն դաշտում, ինչը հիմք կարող է տալ եզրակացնելու, որ ներկայումս իրավիճակը կարծես թե մտնում է մի նոր փուլ կամ հնարավոր է ասել ենթափուլ՝ ինֆորմացիոն պատերազմի կամ ինֆորմացիոն, քարոզչական դիմակայության ենթափուլ, որը կընթանա ներքին զարգացումների մյուս գծերին զուգահեռ: Միևնույն ժամանակ, առաջնայինն այս իրավիճակում, անկասկած, Ազգային անվտանգության բաղադրիչն է, և եթե ԱԱԾ և ՀՔԾ պետերի հեռախոսազրույցը ձայնագրվում է, ապա դա նշանակում է, որ կա լրջագույն սպառնալիք՝ անկախ ներքին դիմակայության հարցերից: Ի վերջո, ԱԱԾ պետն ինքն էլ հայտարարում է, որ ուրեմն կարող են ձայնագրված լինել այլ բարձրաստիճան պաշտոնյաներ էլ: Սա այլ բան չէ, քան հայտարարություն պետության վրա հարձակման մասին: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ պետք է լինի համարժեք վերաբերմունք այդ հարձակմանը, այսինքն` հակահարված հարձակվողներին: Բայց ովքե՞ր են նրանք:

Այստեղ քաղաքական գնահատականը, այսպես ասած, պարփակվում է «հակահեղափոխություն» տերմինով, սակայն սա մի կողմից հարաբերական, մյուս կողմից՝ անորոշ և զուտ քաղաքական գնահատական է, մինչդեռ խնդիրը պահանջում է իրավական լուծում և իրավական հիմքերի վրա կառուցված հակահարված անվտանգության ապահովման կամ արդեն, ըստ էության, վերականգնման ուղղությամբ: Այդ իմաստով, սակայն, պետք է արձանագրել նաև, որ ձայնագրության հրապարակումը սկզբունքորեն փոխում է իրավիճակը ներքին իրողությունների տրամաբանության շրջանակում: Խոսքն այն մասին է, որ ստեղծված իրավիճակում արդեն ձևակերպված կամ սեղանին դրված խնդիրը դառնում է պետության վրա կատարված, այսպես ասած, ներկայիս հարձակումը, ոչ թե անցյալի իրավական խնդիրների վերհանումը: Դա էլ, ըստ էության, իշխանությանը տալիս է այլ տրամաբանությամբ կոշտ քայլերի հիմք: Կլինե՞ն այդ քայլերը, թե՞ դրանք, այսպես ասած, կկախվեն այն թևերի կամ բևեռների գլխին, որոնք հավակնում են լինել ներկայիս գործընթացների արգելակներ: Հրապարակված ձայնագրությանը մի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանի արագ արձագանքը, մյուս կողմից՝ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ասուլիսը գործնականում վկայեցին, որ իրավիճակը ոչ միայն չհաջողվեց պայթեցնել, ըստ էության կամ այսպես ասած՝ խորքից, այլ գործնականում ստեղծվել է մի վիճակ, երբ «ռումբը պայթել է ահաբեկչի ձեռքին»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache