Լրահոս

Հարված Կարեն Կարապետյանին. նա վարչապե՞տ է, թե՞ այլեւս ոչ

 

Իրատես պարբերականը տեղեկություն էր հրապարակել Սերժ Սարգսյանի 2018-ի մի սցենարի վերաբերյալ, ըստ որի Սարգսյանը ստանձնում է վարչապետի պաշտոնը, իսկ ներկայիս վարչապետ Կարապետյանը՝ նրա առաջին փոխվարչապետի, որը պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար: Ըստ սցենարի, այդպիսով զուգորդվելու են անվտանգությունն ու առաջընթացը:

Որքանով է իրատեսական այդ սցենարը, իհարկե դժվար է ասել: Երեւի թե կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն ունի 2018-ի մի քանի սցենար: Նա ինքը բաց է պահում բոլոր սցենարների հավանականությունը, որեւէ կոնկրետ բան չասելով նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ճակատագրի կամ ծրագրերի մասին:Տվյալ դեպքում շատ ավելի հետաքրքիր է, թե Սարգսյանից բացի, որեւէ մեկն ունի՞ սցենար 2018-ի կապակցությամբ: Քանի որ այստեղ առանցքային է Կարեն Կարապետյանի պարագան, նկատի ունենալով նրա վարչապետությունը, հարցն ուշագրավ է հենց նրա մասով:

Իսկ Կարեն Կարապետյանն ունի՞ 2018-ի քաղաքական սցենար: Կարեն Կարապետյանն էլ այդ մասով չի արտահայտվել որոշակի: Նա արել է մի քանի հայտարարություն, որոնք առաջին հայացքից թվում են վարչապետ մնալու հավակնության կամ պատրաստակամության հաստատում, բայց, մյուս կողմից, դատելով Կարեն Կարապետյանի գործունեությունից, նա համառորեն հրաժարվում է քաղաքական բաղադրիչից:Կարապետյանը բավական աշխույժ է տնտեսական, կառավարչական հարցերում, հայտարարել է անգամ «արտակարգ դրության» աշխատանքային ռեժիմ, բայց հանրությանը եւ աշխարհքաղաքական կենտրոններին ծանոթ չէ Արցախի խնդրի վերաբերյալ նրա հայեցակարգային որեւէ պատկերացում:Մինչդեռ, վարչապետը 2018 թվականի ապրիլից հանդիսանալու է Հայաստանի Առաջին դեմքը, հետեւաբար նրա ուսին է լինելու նաեւ Արցախի հարցում քաղաքականությունը, հարկ եղած դեպքում բանակցությունը համանախագահների եւ Ադրբեջանի առաջին դեմքի հետ:

Կարեն Կարապետյանը բավական խուսանավում է նաեւ ներքաղաքական թեմաներից, հայտնի չէ Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման վերաբերյալ նրա որեւէ ծրագրային պատկերացում:

Կարապետյանը գուցե ունի այդ ամենից, այսպես ասած սուր անկյուններից խուսանավելու մարտավարական որոշում, համարելով, թե այդ թեմաներով արտահայտվելն իր համար կարող է լինել ավելորդ խնդիր, դրանց հետեւանքով կարող է հայտնվել ավելորդ թիրախավորման ներքո՝ առավել եւս, որ առանց այդ էլ տնտեսական թիրախավորման առիթներն ու պատճառները քիչ չեն: Կարապետյանը գուցե ակնկալում է խուսանավել «ավելորդություններից», մինչեւ տնտեսական քայլերի շնորհիվ կստեղծի ներիշխանական ուժերի նոր հարաբերակցություն, ձեռք կբերի իշխանության մեջ էական ազդեցություն, որն էլ թույլ կտա առավել նվազ ռիսկերի պայմաններում ձեւակերպել ներքին ու արտաքին քաղաքական պատկերացումները:Տարբերակ է, իհարկե: Բայց Կարապետյանը կարող է հայտնվել փաստի առաջ:

Օրինակ, մի փաստ արդեն կա՝ տեղեկություն սցենարի մասին, որ նա այդուհանդերձ չի լինելու վարչապետ, վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը՝ իսկ նա առաջին փոխվարչապետ: Դա նշանակում է առաջին քավության նոխազ, տարբերություն չկա:Դժվար է ասել, թե ով ինչ վերաբերմունք կունենա սցենարային այդ տարբերակի մասին եւ ընդհանրապես որքանով է այդ տարբերակը առարկայական, օրակարգային: Բայց դրա մասին տեղեկատվության առկայության պարագայում աներկբա է, որ Կարեն Կարապետյանի քաղաքականությանը՝ թեկուզ տնտեսական քաղաքականությանը հավատացողների թիվը սրանից հետո հակադարձ համեմատական է լինելու Սարգսյանի վարչապետության այդ սցենարին հավատացողների թվին:Դա հարված է Կարեն Կարապետյանին, որի ծանրությունը լինելու է պրոգրեսիվ եւ մեծանալու է «հակահարվածի» ուշանալու ամեն օրվան զուգահեռ:

Հակահարվածը կարող է լինել Կարեն Կարապետյանի քաղաքական ծրագրային հավակնության դրսեւորումը:Կարապետյանը հունվարին ամփոփելով իր հարյուր օրը, նկատելիորեն սկսեց ցույց տալ, որ վարչապետ է, ոչ թե մենեջեր: Արձագանքը չուշացավ թե Մոսկվայից, թե Վաշինգտոնից, թե Բրյուսելից, որոնք հայտնեցին նրա հետ աշխատանքի պատրաստակամություն:Խորհրդարանի ընտրության միջազգային լեգիտիմության համար դա անհրաժեշտ էր նաեւ Սերժ Սարգսյանին, սակայն 2018-ի նրա լեգիտիմության համար այժմ արդեն անհրաժեշտ է ցույց տալ, որ Կարապետյանը վարչապետ չէ, այլ մենեջեր: Կարեն Կարապետյանը չունի հակառակը ցույց տալու այլընտրանք, եթե իհարկե նա իսկապես լոկ մենեջեր չէ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing