Հարված թիկունքի՞ն. Ռուսաստանը Թուրքիային չի՞ վաճառի C-400

 

arm147991250845

lragir.am- Վաղը՝ նոյեմբերի 24-ին, լրանում է մեկ տարին, երբ Սիրիայի հետ սահմանին թուրքական օդուժը խփեց ռուսական ռազմական ինքնաթիռը: Թուրքիան ու Ռուսաստանը, սակայն, կփորձեն չհիշել այդ միջադեպը, առավել եւս, որ Ռուսաստանը հայտարարել է Թուրքիային C-400 հրթիռային համալիրներ վաճառելու պատրաստակամության մասին:Այդ միջադեպի հետեւանքներով կարելի է հետեւել միջազգային եւ տարածաշրջանային քաղաքականության միտումներին: Ռուսաստանը սկզբում հայտարարեց  Թուրքիայի հետ հարաբերությունների խզման, «թիկունքին հարվածի» մասին: Սակայն Մոսվկան հնարավորություն տվեց Անկարային «արդարանալ» եւ մեղքը գցել «երրորդ ուժերի» վրա: Այն, որ ինքնաթիռը խփել են ոչ թե թուրքական, այլ երրորդ ուժերը, ասվում էր գրեթե պաշտոնական մակարդակով:Սկզբում Անկարան չօգտվեց հնարավորությունից, սակայն վերջնականապես էլ չխզեց հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ընդ որում, Թուրքիան օգտագործել է ժամանակն ի հեճուկս Ռուսաստանի Սիրիայում ամրապնդվելու համար:Մեկ տարվա ընթացքում Մոսկվան ու Անկարան հաշտվելու փորձեր են ձեռնարկել: Ստորջրյա հոսանքներն այնքան շատ էին, որ փոխարինելու էին եկել պաշտոնական քաղաքականությանը: Գլխավոր խնդիրը մեղավորին գտնելն էր: Ռուսաստանը, հավանաբար, կցանկանար, որ Թուրքիան մեղադրեր ԱՄՆ-ին, դուրս գար ՆԱՏՕ-ից եւ դառնար եվրասիական աշխարհի մաս, սակայն Թուրքիան այնքան էլ միամիտ չէ, եւ նոր մեղավորի գտավ:Արդյունքում խփված ինքնաթիռի «մեղավոր» հայտարարվեց Էրդողանի թշնամի Ֆեթհուլլահ Գյուլենը: Ավելին, պաշտոնից հեռացվել է վարչապետ Դավութօղլուն, որը, փաստացի, խոստովանել է, որ ռուսական ինքնաթիռը խփելու հրաման է տվել:

Նույն ժամանակ Ռուսաստանն ընկեր է դարձել, քանի որ Էրդողանին զգուշացրել է հուլիսին նախապատրաստված հեղաշրջման փորձի մասին: Անհաջող փորձից հետո Թուրքիան ու Ռուսաստանն անմիջապես մոռացել են ինքնաթիռի մասին, իսկ Պուտինն ու Էրդողանը նորից սկսել են միմյանց «թանկագին ընկեր» անվանել:Ռուսաստանն ու Թուրքիան խփված ինքնաթիռի միջադեպի մեկ ամյակին մոտեցել են հետաքրքիր իրավիճակում. ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո երկու երկրները փորձում են պարզել իրենց հարաբերությունները համաշխարհային առաջնորդի՝ ԱՄՆ-ի հետ: Գաղտնիք չէ, որ թուրք-ռուսական հարաբերությունները որոշակիորեն կախված են լինելու այն բանից, թե ինչպիսի քաղաքականություն կընտրի ԱՄՆ-ն Ռուսաստանի, Թուրքիայի եւ առհասարակ Եվրոպա մայրցամաքի նկատմամբ:ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանից C-400-ի գնումը Թուրքիայի ներքին գործն է, եւ Թուրքիան մտադիր չէ փոփոխել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Փորձագետները, սակայն, խոսում են այն մասին, որ Թուրքիան ու Ռուսաստանը հազիվ թե պայմանավորվեն ռազմատեխնիկական համագործակցության շուրջ: Ամենայն հավանականությամբ, սրանք ԱՄՆ-ին ու Եվրամիությանն ուղղված շանտաժի փորձեր են, որոնք Անկարան ու Մոսկվան համաձայնեցված իրականացնում են:




Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author