Հասանովն ու Գաջիեւը հայտարարում են Ղարաբաղում սպասվող զինված գործողությունների մասին

456

armtimes.com — Ադրբեջանի զինված ուժերը պատրաստվում են հայերի կողմից «իրենց պատկանող օկուպացված տարածքները հետ բերել»: Նման հայտարարությամբ է երեկ՝ հունիսի 20-ին հանդես եկել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հայտնում է  «Лента»-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին:

Նա հայտարարել է, որ իրենց նպատակն է բանակին պատրաստել պատերազմի, քանի որ քաղաքական բանակցություններն իրենց դուր չեն գալիս ու իրենք պատրաստ են գրավել «իրենց տարածքները».

«Մեր բանակն այժմ պատրաստ է այդ գործին, այդ թվում՝ հոգեբանորեն, բանակցությունները մեր աշխատանքի մեջ չեն մտնում»,- ասել է Հասանովը՝ հավելելով, որ այս պահին իրենց զինված ուժերի 80 տոկոսը պայմանագրային ծառայող է ու ողջ ռազմական տեխնիկան ղեկավարվում է հենց պայմանագրայինների կողմից, որոնք ունեն ամենաքիչը 5-6 տարվա աշխատանքային փորձ:

Հասանովի խոսքերով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տարիներ առաջ դրած խնդիրը՝ երկրի զինուժը համալրել ամբողջական տեխնիկայով ու լիարժեք պատրաստ լինել պատերազմի, գրեթե ամբողջությամբ կատարված է. «Մի քանի տարիների ընթացքում մենք լիարժեք ավարտին կհասցնենք մեր առջեւ դրված խնդիրը: Խոսքը մարտական մեքենաների, նրանց նորացման, վերազինման, նոր համակարգերի ու զինտեխնիկայի ձեռքբերման մասին է: Այս պահին ադրբեջանական բանակը 90 տոկոսով հագեցած է ավտոմատացված կառավարվող համակարգերով, մենք ունենք հեռու գործարկման համար նախատեսված հրթիռային համակարգեր, որոնք ստույգ հաշվարկներով կարող են միլիմետրի ճշգրտությամբ խոցել թիրախը՝ ցամաքային ու օդային»,- ասել է ՊՆ ղեկավարը:

Հասանովի խոսքերով, հունիսի 26-ին սպասվող շքերթի ժամանակ ցուցադրվելու է գերժամանակակից համակարգ, որի գոյության մասին քչերը գիտեն ու դժվարանում են հավատալ, որ Ադրբեջանին է պատկանում այդ տեխնիկան: Շքերթի ժամանակ կցուցադրվեն նաեւ ամերիկյան Bell-412 ուղղաթիռները, ինչպես նաեւ Ми-24, Ми-24G, հարվածային Ми-35M, ծովային Ка-27:

Միաժամանակ երկրի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Գաջիեւը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մշակել է ծրագիր՝ «Մեծ վերադարձ» անվանումով, որի հիմնական ու միակ նպատակը հայկական տարածքների վրա հարձակումն ու դրանց գրավումն է, Գաջիեւի խոսքերով՝ «օկուպացված պատմական տարածքների վերադարձը, քանի որ հայերը չեն ցանկանում տեղահանված ադրբեջանցիներին վերադարձնել իրենց հողեր»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache