Լրահոս

Հաշվեհարդար ռուսաստանահայ «էլիտայի» հետ. «Պուտինը միշտ ճիշտ է»

 

Մոսկվայի հայկական այսպես ասած գլխավոր՝ Սուրբ Պայծառակերպության տաճարում, որն ի դեպ կառուցվել է Ռուսաստանի հայ մեծահարուստների փողերով, տեղի է ունեցել Լեւոն Հայրապետյանի հոգեհանգիստը: Հայրապետյանը մահացավ Մորդովիայի բանտում, որը համարվում է Ռուսաստանի ամենադաժան բանտերից մեկը:Հայրապետյանին ձերբակալեցին 2014 թվականին, Բաշնեֆտի գործով: Նրան մեղադրում էին նաեւ Բաշիկիրայից նախկին սենատոր Իգոր Իզվեստեւի մորից 700 հազար դոլար շորթելու համար, իբրեւ նրա որդու դատավճիռը մեղմելու դիմաց:Լեւոն Հայրապետյանը չի ընդունել իր մեղքը:

Սակայն դատապարտվել է: Նա հիվանդ էր քաղցկեղով, սակայն այդ հանգամանքը չնպաստեց նրա հանդեպ վերաբերմունքի փոփոխությանը, մասնավորապես բանտային պայմանից տնային կալանքի անցնելու հարցում: Ի վերջո, Հայրապետյանը, որն արդեն իսկ լինելով հիվանդ, անխուսափելիորեն ավելի ծանր վիճակում էր հայտնվելու ռուսական բանտում, մահացավ:Ինչու՞ նրա հանդեպ վարվեցին այդքան դաժան, մեղավո՞ր էր նա այն հարցում, թե՞ այդուհանդերձ նրա հանդեպ վերաբերմունքի բուն պատճառը այլ «մեղք» էր, որ նա գործել էր Ռուսաստանի ասենք որեւէ պաշտոնյայի կամ ազդեցիկ մարդու հանդեպ:

Թե՞ Հայրապետյանը պարզապես դարձավ մի շարք այլ մեղավորների «ազատվելու» միջոց, քավության հարմար նոխազ, որին չտվեցին ոչ մի շանս:Շատ բան այդ ամենից իհարկե հայտնի չէ: Հայտնի է միայն, թե ինչպիսին է Ռուսաստանի իրավապահ եւ արդարադատական համակարգը, եւ ակնհայտ է, որ այդ համակարգում կայացվում են միայն քաղաքական որոշմամբ թելադրված որոշումներ, երբ խոսքը վերաբերում է հնչեղ գործերի, ինչպիսին էր օրինակ Բաշնեֆտի գործը: Եվ այդ շրջանակում, սովորաբար դաժան են վարվում ոչ թե օրենքի, այլ իշխանական ներքին պայմանավորվածությունների առաջ մեղավորների հանդեպ, որոնք կարող են վատ նախադեպ դառնալ ամբողջատիրական կամ ավտորիտար համակարգերում:

Այդ իմաստով, Հայրապետյանի գործի դատական ընթացքը լիովին տեղավորվում է ռուսական իրականության կանոնների շրջանակում:Միաժամանակ, լիովին այդ կանոնների շրջանակում է թերեւս տեղավորվում նաեւ Հայրապետյանի գործի հանդեպ հայկական համայնքի, կամ համայնքային այսպես ասած «էլիտայի» պահվածքը:Բանն այն է, որ այդ «էլիտան» այդպես էլ առանձնահատուկ աշխուժություն չդրսեւորեց Հայրապետյանի պաշտպանության հարցում: Իսկ պաշտպանություն պետք էր ոչ միայն իրավական կամ քաղաքական, այլ նաեւ հանրային, քարոզչական դաշտում:Ինչու՞ հայկական համայնքային «էլիտան» վարվեց այդպես:

Որովհետեւ այդ «էլիտայի» ներկայացուցիչները, որոնք ամեն առիթով եւ անառիթ ներկայանում են իբրեւ ռուսաստանահայության խիղճ եւ ձայն, ժամանակին ինչ-ինչ խնդիրներ ու հարցե՞ր են ունեցել Հայրապետյանի հետ, թե՞ որովհետեւ նրանք չէին ցանկանում Հայրապետյանի պատճառով հարցեր ունենալ ՌԴ իշխանության հետ: Ի դեպ, այդ իմաստով խորհրդանշական է բոլորովին այլ առիթով՝ Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու հայտարարության շրջանակում Ռուսաստանի հայկական «էլիտայի» ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկի՝ Արա Աբրահամյանի հայտարարությունը, թե «Պուտինը միշտ ճիշտ է»:

Ըստ երեւույթին, նույն այդ տրամաբանությամբ է ռուսաստանահայ «էլիտան» առաջնորդվել նաեւ Հայրապետյանի հարցում՝ եթե նրան դատում են, բանտ նստեցնում, եթե հաշվի չեն առնում ծանր հիվանդության հանգամանքը, ուրեմն  այդպես է պետք, ուրեմն դա է ճիշտը:Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ Հայրապետյանի հոգեհանգստին, Սուրբ Պայծառակերպության հայկական տաճարում, հավաքվել է մոտ 1000 մարդ:Գեթ 100 մարդ չհավաքվեց ռուսաստանահայ 2,5 միլիոնի հասնող՝ կամ Պուտինի ասելով նույնիսկ Հայաստանի բնակչությանը գերազանցող սփյուռքում, երբ Հայրապետյանը ողջ էր եւ ուներ թեկուզ բարոյական պաշտպանության կարիք:Ընդ որում, ի վերջո բանն այն չէ՝ մեղավոր էր նա, թե ոչ, ընդհանրապես «ազնիվ» էր հարստացել, թե ոչ:

Եվ բանը նույնիսկ այն չէր, թե նա ինչպիսի բարերար էր Արցախի համար, ինչպիսին էին նրա ներդրումները, որն էր դրանց դրական եւ հնարավոր է նաեւ ոչ այնքան դրական էֆեկտը:Հայրապետյանի գործն ուղղակի թե անուղղակի թեստ էր ռուսաստանահայ համայնքի համար, որպես գործոն, որպես սուբյեկտ, որը կարող է կանգնել ազգային արժանապատվության դիրքերում: Ի վերջո, Հայրապետյանի հարցը նաեւ ազգային արժանապատվության հարց էր, որը ռուսաստանահայ համայնքը, իսկ ավելի կոնկրետ իհարկե համայնքի այսպես ասած «աշխարհիկ» եւ «հոգեւոր» «էլիտաները» պարզապես տանուլ տվեց առանց գործնականում «դիմադրության»:Գործնականում, կամա թե ակամա, Ռուսաստանում դաժան հաշվեհարդար են տեսել ոչ միայն Լեւոն Հայրապետյանի, այլ հենց ռուսաստանահայ համայնքի «էլիտայի» հետ, պարզապես «ավանսով»:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing