Հատուկ միջոցից տուժած Զավեն Գրիգորյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին

1

azatutyun.am -Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքների 44-ամյա մասնակից Զավեն Գրիգորյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր այն ոստիկաններին և նրանց ղեկավարներին, որոնց կիրառած հատուկ միջոցների հետևանքով այրվել են նրա ոտքերը։

«Բոլորը պետք է անխտիր՝ ով հրաման ա տվել ոստիկաններին կիրառել, ով իրան ա հրաման տվել, որ ինքը հրաման տա, ես պահանջում եմ, որ էդ ամբողջ գիծը գտնվի, պատժվի: Որովհետև մենք անցած իշխանությունների համար ոչ մի բան ենք, մսի կտոր ենք», — «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Նա ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքին էր մասնակցում։ Հիշում է այն պահը, երբ դեռ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձում էր ոստիկանների տեղադրած փշալարից այն կողմ անցնել և մուտք գործել Ազգային Ժողով՝ անցնելու աշխատանքի։ Ոստիկաններն ի վերջո հատուկ միջոցներ կիրառեցին։ «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունը նշել է, որ ցույցերը ցրելու համար կիրառել է 11 հատուկ միջոց՝ «Զարյա-2» տեսակի լուսաձայնային 4 նռնակ, ինչպես նաեւ «Սվիրել» տեսակի 40 մմ լուսաձայնային 2 արկ։

«Մեկը վերևով են գցել, տեսան, որ չի կպնում, մյուսը՝ ոտների տակ, որովհետև կոնկրետ թիրախավորել էին Նիկոլին: Դա օֆիցիալ Հատուկ քննչականին ներկայացրեցի իմ ցուցմունքի մեջ», — ասաց Զավեն Գրիգորյանը:

Նա հիշում է, որ նռնակներից մեկն ընկել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վրա, որին մոտ էր կանգնած Նիկոլ Փաշինյանը։ Ինքը հազիվ է հասցրել փախչել այդ հատվածից, բայց վնասվել են երկու ոտքերը։ Զավենը ստիպված է 8 ամիս քայլել հենակների օգնությամբ։

Հանրահավաքի շատ մասնակիցներ, այդ թվում և հատուկ միջոցների կիրառումից տուժած քաղաքացիները պնդում են՝ հավաքը խաղաղ էր եւ ոստիկանությունը կարիք չուներ կիրառել հատուկ միջոցներ։ Նշենք, որ «Ոստիկանության մասին» օրենքով, հատուկ միջոցը կիրառվում է այն դեպքերում, եթե այլ միջոցներով ոստիկանների պարտականությունների կատարումը հնարավոր չէ ապահովել:

Հիշեցնեմ՝ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը երկու անգամ հատուկ միջոցներ կիրառեց․ առաջին անգամ՝ Բաղրամյան պողոտայում ապրիլի 16-ին, երկրորդ անգամ՝ Արցախի պողոտայում ապրիլի 22-ին Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու ժամանակ։

Ոստիկանության տվյալներով, անցած օրերին կիրառված հատուկ միջոցները ներառված են Առողջապահության նախարարի հրամանում, որտեղ էլ սահմանված են դրանց կիրառման թույլատրելի չափանիշները։

Մինչդեռ Զավեն Գրիգորյանը պնդում է, թե ոստիկանությունը դրանք սխալ է կիրառել՝ նախ չպահպանելով օրենքով սահմանված առնվազն 2.5 մետր հեռավորությունը, և որ դրանք նետել է հենց մարդկանց վրա․ — «Դուրս ա գալիս, որ Առողջապահության նախարարությունն էլ պետք ա պատասխանատվության գնա՝ եթե ինքը տվել ա թույլտվություն՝ համարելով, որ դա թեթև մարմնական վնասվածք է հասցնելու: Եթե սա թեթև ա, ես կտրվում եմ աշխատանքից մեկ տարով, ութ ամիս կրելու եմ էս ապարատը ոտքիս վրա․․․»

Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստերով, Զավեն Գրիգորյանը ճանաչվել է տուժող։

Նրա փաստաբան Տիգրան Եգորյանն ասում է՝ թե՛ հրաման տվողները, և թե՛ կատարողները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Եգորյանը կասկածներ ունի, որ ոստիկաններն անգամ չեն տիրապետել հատուկ միջոցների կիրառման մեթոդներին․ — «Դրանցով չպետք է կրակեն ժողովված մարդկանց վրա, դրանցով պետք է կրակեն ազատ տարածքներ, որտեղ որ համապատասխան քիմիական պրոցեսների արդյունքում օդի մեջ ներթափանցած նյութերը կազդեն ժողովրդի վրա»:

Մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ հատուկ միջոցները կիրառվել են դրանց տեխնիկական անձնագրերով նախատեսված պահանջների պահպանմամբ, ըստ մարդու առողջության համար հաստատված թույլատրելի չափանիշների:

Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը, ով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքների ակտիվ մասնակից էր, պնդում է․ — «Պատի վրա կանգնած տեսել եմ, որ նռնակներ կիրառող ոստիկանները ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, իրենց վարքի պատճառով իրենք մարմնական վնասվածքներ են ստացել: Ոչ թե քաղաքացիներն են վնասել այդ մարդկանց, ովքեր նռնակներ են նետել, այլ իրենք են մարմնական վնասվածքներ ստացել»:

Նշենք, որ ըստ ոստիկանության, հատուկ միջոցների կիրառման օրերին վնասվածքներ են ստացել նաև 26 ոստիկաններ։

«Վնասվածքների բնույթը և առաջացման մեխանիզմները, այդ թվում՝ հատուկ միջոցների կիրառման հետևանքով հնարավոր է որոշել միայն դատաբժշկական փորձաքննությամբ», — հայտնում է ոստիկանությունը։



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache