Լրահոս

Հատուկ նշանակության գործողությունը

 

lragir.am — Անհրաժեշտ, բայց ոչ բավարար Իսկանդերը
Պաշտպանության նախարարի առաջաին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպշիկի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել սեպտեմբերի 25-ին ադրբեջանական կրակոցից հայ զինծառայողի մահվան փաստի առիթով, ասելով, որ պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է ադրբեջանական կողմի վրա:
Սեպտեմբերի 25-ին Արցախի ՊԲ-ն տարածեց տեղեկություն, որ Արցախի հարավային զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կրակոցից զոհվել է զինծառայող Սեւակ Խաչատրյանը:
Հայ զինծառայողի սպանությունը հաջորդեց Հայաստանի անկախության տոնի առիթով կազմակերպված զորահանդեսում Հայաստանի ռազմա-տեխնիկական ձեռքբերումների՝ մասնավորապես Իսկանդերի ցուցադրությանը, ինչը Հայաստանի հանրության շրջանում առաջ էր բերել մեծ ոգեւորություն, աշխույժ քննարկումներ:
Այդ ֆոնին, սպանությունը ստանում է բավական տխուր խորհրդանշականություն, ստիպելով տոնական «հրավառությունից» վերադառնալ իրականություն:
Աներկբա է, որ արդիական սպառազինությունը չափազանց կարեւոր է եւ ստեղծում է նոր ռազմա-քաղաքական իրավիճակ: Սակայն մարդկային ավելի փոքրաթիվ կյանքերի խնդիրը չպետք է մնա հազարավոր կյանքեր փրկող, լայնամասշտաբ ռազմական գործողություն զսպող հսկա համակարգերի ստվերում:
Մեկը չի փոխարինում մյուսին, չպետք է փոխարինի՝ պետք է լրացնի եւ ամբողջացնի:
Այդ իմաստով, սեպտեմբերի 25-ին հայկական կողմի ունեցած կորուստը ստիպում է հանրային եւ պետական ուշադրությունը կենտրոնացնել կետային, բայց չափազանց կարեւոր խնդիրների վրա:
Հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը բազմաշերտ է թե քաղաքական, թե ռազմական առումով, եւ այստեղ անվտանգությունը չի կարող արդյունավետ լուծումներ ունենալ մեծից փոքրի գնալով: Արդյունավետության համար պետք է հակառակը, ինչի մասին վկայեց ապրիլի պատերազմը:
Իսկանդերը զսպում է լայնամասշտաբ բախումն ու Ադրբեջանին զերծ պահում մեծ ախորժակներից, միաժամանակ որակապես նոր կշիռ հաղորդում է Հայաստանի ռազմա-քաղաքական դերակատարությանը: Բայց Իսկանդերը չի կարող զսպել ավելի լոկալ բախումները, որոնք կարող են հանգեցնել եթե ոչ տարածքային, ապա մարդկային կորուստների:
Ինչպե՞ս լուծել այդ խնդիրը:
Հայաստանի առանցքային խնդիրն է սահմանը պահող հայկական զինուժի յուրաքանչյուր զինծառայողի անվտանգության մակարդակի անընդհատ աճը: Ընդ որում, պետք է սահմանվի այդ աճի չափելի ընթացք:
Այդ տեսանկյունից, գնահատելի էր օրերս պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հայտարարությունը, որ Հայաստանը հակառակորդի հանդեպ առավելության առումով շեշտը դնում է մարդկային ներուժի վրա, եւ անհրաժեշտ է շարունակաբար ուժեղացնել հատուկ նշանակության գործողությունների ռեսուրսները:
Այստեղ Հայաստանի առավելությունը նկատելի է վաղուց: Մասնավորապես, դեռեւս 2014 թվականից, երբ հայկական զինուժը նախ հակառակորդին ստիպեց հրաժարվել Տավուշի ուղղությամբ դիվերսիոն պատերազմից, իսկ նոյեմբերին էլ հատուկ նշանակության օպերացիա իրականացրեց հակառակորդի տարածքում՝ դուրս բերելով հայկական խոցված ուղղաթիռի զոհերի աճյունները:
Այդ հարցը ամենեւին վերջին նշանակությունը չուներ նաեւ ապրիլի պատերազմում, երբ Ադրբեջանը գրոհի շեշտը դրել էր հենց հատուկ նշանակության զորքերի վրա, փորձելով այդպիսով վերականգնել առավելությունը հայկական զինուժի հանդեպ: Բայց, Հայաստանի զինված ուժերը փաստացի կոտրեցին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, նրանց մատնելով պարտության:
Խոշոր հաշվով, Իսկանդերն ու այլ հրթիռատեսակներն ընդամենն այն վահանն են, որի ներքո պետք է շարունակաբար կատարելագործվի հայկական «սուրը», այսինքն լոկալ խնդիրների լուծման գործում առավելության ամրապնդումն ու ընդլայնումը: Այսինքն, վահանն անհրաժեշտ է, բայց ամենեւին ոչ բավարարը:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...