Լրահոս

Հայ-ռուսական «բախում» Արա Աբրահամյանի տարեդարձին

 

Համացանցում տեղեկություն է հայտնվել, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը, ՌԴ արտգործնախարար Լավրովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Ժիրինովսկին մասնակցել են Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի 60-ամյակի արարողությանը, որը տեղի է ունեցել ռուսաստանցի միլիոնատերերի համար պոպուլյար ռեստորաններից մեկում:

Ըստ տեղեկությունների, մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը, թեեւ հայաստանյան «արքունիքում» Աբրահամյանը շնորհազրկվեց 2015 թվականից, երբ նա Հայաստանում հայտարարեց, թե պատրաստվում է ստեղծել կուսակցություն եւ մասնակցել խորհրդարանի ընտրությանը:Արա Աբրահամյանն այդ մասին հայտարարեց 2015-ի աշնանը, ասելով իհարկե, թե վերջնական որոշում կլինի 2016-ի մարտին: Թե ինչու էր Աբրահամյանը վերջնական որոշումը թողել մարտին, այդպես էլ պարզ չեղավ:

Հետո եղավ ապրիլի պատերազմը, որը արմատապես փոխեց ոչ միայն հայաստանյան ներքաղաքական կոնյունկտուրան, այլեւ տարածաշրջանի ռազմա-քաղաքական իրավիճակը, այդ համատեքստում նաեւ հայ-ռուսական հարաբերության բնույթը, Ռուսաստանին դրեց Հայաստանի հետ հարաբերության մասով լիովին նոր, ինչ որ առումով նաեւ փակուղային իրավիճակի առաջ:Արա Աբրահամյանն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանի ընտրությանը մասնակից կամ ներգրավված սուբյեկտների շարքում, ինչն առանձնահատուկ էր այն իմաստով, թե հատկապես ինչ «կարգախոսներով» էր նա մուտք գործելու այդ դաշտ: 2015-ի աշնանը Աբրահամյանը Երեւանում «ավետելով», որ ստեղծելու է կուսակցություն եւ մասնակցելու է ընտրությանը, խոսում էր նաեւ հայ-ռուսական հարաբերության զարգացմանը նպաստելու մասին, իսկ ուղենիշային «կարգախոսներն» էին՝ «Պուտինն ինչ ասում է՝ ճիշտ է ասում», եւ «ես մենթալիտետով ռուս եմ»:

Այդպիսով, Արա Աբրահամյանը 2015-ի աշնանը հավակնում էր Հայաստանի քաղաքական դաշտք մուտք գործել ռուսահպատակության նոր, ավելի «բարձր» եւ բացահայտ նշաձողով, ինչն անկասկած խիստ անհարմար դրության մեջ էր դնելու Հայաստանի թե իշխանությանը, թե մնացյալ քաղաքական ուժերին, որոնք ստիպված պետք է լինեին կամ հարմարվել այդ նշաձողին, կամ էլ կամա թե ակամա հանդես գալ Ռուսաստանի դեմ, կասկածի տակ դնելով «Պուտինի միշտ ճիշտ» լինելը:Դա իսկապես լուրջ կլիներ մարտահրավեր Հայաստանի քաղաքական դաշտի համար, որը հազիվ էր մարսել 2013 թվականի սեպտեմբերի 3-ի «ազգային համաձայնության» գիշերը:

Ընդ որում, գիշեր, որից մի քանի օր առաջ, ըստ մամուլի տեղեկությունների, Սերժ Սարգսյանը վերջին մանրամասները ճշտել էր Խորվաթիայում Արա Աբրահամյանին պատկանող ամառանոցում ռուսաստանցի ինչ որ բարձրաստիճան պաշտոնյայի հետ:Այդպիսով, Աբրահամյանը 2015-ին թերեւս պատրաստվում էր ստանալ իր «բոնուսը»՝ 2013-ի գիշերը կազմակերպելու եւ բարեհաջող անցկացնելու համար, որից հետո այլեւս մնում էր ամբողջությամբ բացել խաղաքարտերն ու ձեռնամուխ լինել նոր իրավիճակի՝ քողարկված ռուսահպատակ քաղաքական գերիշխող դասից անցում կատարել արդեն բացահայտորեն ռուսական նախագծերի անմնացորդ հավանության՝ Պուտինի վերին ատյանի ճշմարտության դիրքերից հանդես եկող դասի: Կասկածից վեր է, որ Աբրահամյանը Երեւանում հանդես չէր գա այդպիսի «ավետիսով», եթե չունենար Մոսկվայում որոշակի շրջանակների առնվազն նախնական հավանությունը:Եվ հարց է առաջանում, թե ինչու՞ էր վերջնական որոշման համար սահմանված հենց 2016-ի մարտ ժամկետը, ի՞նչ էր սպասվում այդ ժամկետում, որպեսզի վերջնականապես պարզ լիներ, թե արդյոք Արա Աբրահամյանը Մոսկվայի «օրհնությամբ» մտնում է Հայաստանի խորհրդարանը վերցնելու: Արդյոք սպասվում էր Ադրբեջանի գրոհը, որից տեղյակ լինելու մասին Մոսկվային առնվազն երկու անգամ ապրիլի պատերազմից հետո ակնարկել է Սերժ Սարգսյանը:

Արդյոք ապրիլի պատերազմը պետք է ունենար այնպիսի ընթացք, որը հանգեցնելու էր Սերժ Սարգսյանի տապալմանը, բերելու էր Արցախում ռուսաստանյան «խաղաղապահ» ներկայության, իսկ դա լեգիտիմացնելու համար էլ Հայաստանի քաղաքական դաշտում պետք է լիներ Արա Աբրահամյանը՝ «Պուտինը միշտ ճիշտ է» կարգախոսով:Եվ արդյոք ապրիլի պատերազմին տապալելով ադրբեջանական գրոհը, Հայաստանի զինված ուժերը փաստացի չեն տապալել նաեւ Ռուսաստանի հայերի միության «մենթալիտետով ռուս» ղեկավարի գրոհը Հայաստանի վրա, ինչից հետո այլեւս նոր իրավիճակում Աբրահամյանի կարգախոսները Ռուսաստանի համար կունենային լիովին հակառակ էֆեկտ, եւ այդ իսկ պատճառով այլեւս անպատեհ էր նրան Հայաստան խորհրդարանի ընտրության գործուղելը:Ապրիլից հետո նոր իրավիճակ է, Ռուսաստանի համար նոր խնդիրներով, Հայաստանի հանդեպ Մոսկվայի հին քաղաքականության անհնարինության եւ նոր քաղաքականության փաստացի բացակայության իրողությամբ:Այդ համատեքստում Արա Աբրահամյանի 60-ամյակին ռուսական «իսթեբլիշմենթի» ներկայացուցիչների կազմն իսկապես հետաքրքիր է, եւ հատկապես նրանցից երկուսի՝ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովի եւ ըստ էության ոչ պաշտոնական մամուլի քարտուղարներից մեկի՝ Ժիրինովսկու «մաղթանքները»:Պաշտոնական խոսնակը մաղթել է, որ Աբրահամյանը վերջապես սովորի ռուսերեն խոսել, ըստ երեւույթին ակնարկելով, որ այդպես Աբրահամյանը գուցե Կրեմլի համար դառնա առավել արդյունավետ աշխատող:

Իսկ Ժիրինովսկին, ով մի քանի ամիս առաջ ադրբեջանցիների համար էր կենացներ ասում Բաքվում, մաղթել է վերադարձնել Արարատն ու ճանաչել Արցախը, ըստ երեւույթին Աբրահամյանի համար գծագրելով առաջիկա «կարգախոսների» շրջանակը: Թե ինչ է ասել Լավրովը, տեղեկություն չկա նույնիսկ սոցցանցերում:Ապրիլից հետո հայ-ռուսական հարաբերության մեջ առաջացած վակուումը Սերժ Սարգսյանը «լցրեց»՝ առաջ քաշելով վարչապետ Կարեն Կարապետյանին եւ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, փորձելով այդ վերադասավորումով դուրս գալ Մոսկվայի հետ հարաբերության ավելի ամուր դիրք:Ըստ երեւույթին, Մոսկվան էլ պատրաստվում է արդեն նոր «ռուսերենով» եւ «օրակարգով» Սարգսյանի դիմաց դուրս բերել Արա Աբրահամյանին:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing