Լրահոս

Հայ-ռուսական միացյալ ՀՕՊ-ի առաջին անակնկալը

 

arm146763315877

lragir.am – Ռուսաստանի նախագահ Պուտինին Թուրքիայի նախագահ Էրդողանի նամակից ընդամենը մի քանի օր է անցել, բայց Թուրքիան Ռուսաստանի զբոսաշրջային վարկանիշում բարձրացել է առաջին տեղ:
Պարզվում է՝ ռուսները վերեւից ազդանշանի էին սպասում Անթալյա սլանալու համար, նրանք շատ են կարոտել թուրքերին ու «ամեն ինչ ներառված է» արեւելյան սերվիսին:
Հայոց ցեղասպանության մասին միանգամից մոռացել են, այդ մասին առանձնապես չեն էլ հիշել ռուս-թուրքական մի քանի ամսվա վեճի ընթացքում: Այն բանից հետո, երբ Թուրքիայի տարածքից Սիրիայի հետ սահմանային հատվածում ռուսական ինքնաթիռ է խոցվել, Պետդումա օրինագիծ է ներկայացվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Սակայն թե՛ ԱԳՆ-ն, թե՛ մյուս կարեւոր մարմիններն անմիջապես հայտարարել են, որ այդպիսի օրինագծի ընդունումը չի համապատասխանում Ռուսաստանի շահերին:
Անցած շաբաթ, երբ Պուտինն ու Էրդողանը միմյանց ընդառաջ էին շտապում, Ֆրանսիայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին: Հայկական լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներում այդ իրադարձությունը գրեթե աննկատ է մնացել, փոխարենը կարելի է հիշել աժիոտաժը, երբ Պետդումայում ներկայացվել էր այդ օրինագիծը:
Ռուսաստանն այդպես էլ օրինագիծը չի ընդունել, ավելին, ապրիլին Ռուսաստանը գրեթե անթաքույց պաշտպանում էր Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան: Սակայն Հայաստանը, միեւնույն է, վավերացրել է Ռուսաստանի հետ համատեղ ՀՕՊ ստեղծելու համաձայնագիրը՝ երկինքը Մոսկվային հանձնելով:
Ըստ երեւույթին, այդ համաձայնագրին էին սպասում: Այսօր Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանին թույլ տալ օգտվել Ինջիրլիքի բազայից «հակաահաբեկչական» արշավի համար: Հայկական ՀՕՊ ենթարկումը Ռուսաստանին եւ Ինջիրլիքի բազայի օգտագործումն ամբողջացնում է ռուս-թուրքական ՀՕՊ գոտին:
Չավուշօղլուն ընդգծել է, որ բազան տրամադրվում է հակաահաբեկչական գործողության բոլոր մասնակիցներին, եւ եթե Ռուսաստանը նույնպես «Իսլամական պետության» թշնամին է, ապա ինչու բազան նաեւ Ռուսաստանին չտրամադրել:
Թուրքիան հակաահաբեկչական արշավն օգտագործում է սեփական խնդիրները լուծելու համար, մասնավորապես պայքարում է քրդական շարժման դեմ: Թուրքական ռազմաօդային ուժերը քրդերին ռմբակոծում են ոչ միայն Թուրքիայի, այլ նաեւ Սիրիայի եւ Իրաքի տարածքում: Ըստ երեւույթին, այսուհետ այդ հարցում թուրքերին օգնելու են նաեւ ռուսական ինքնաթիռները: Հնարավոր է, օգտագործվեն Հայաստանի ռադարներից ստացված տեղեկությունները:
Հատկանշական է, որ Չավուշօղլուի հայտարարությունը հնչել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից 3 օր առաջ, որտեղ Ռուսաստանը կարող է հայտարարվել միջազգային անվտանգության սպառնալիքներից մեկը: ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան վետո կդնի՞ այդ որոշման վրա եւ դրանից հետո Թուրքիան կմնա՞ դաշինքում:
Փորձագետները չեն բացառում ամենաանսպասելի տարբերակը՝ Թուրքիան դուրս է գալիս ՆԱՏՕ-ից ու ուղիղ դաշինքի մեջ մտնում Ռուսաստանի հետ:
Աստված պահի Հայաստանը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am