Լրահոս

Հայ-թուրքական հարաբերության հիմնական պահանջը

 

Ապրիլի 24-ի հիշատակի օրվա առիթով հնչող տարբեր մեկնաբանությունների եւ հայ-թուրքական հարաբերության, Թուրքիայի հանդեպ Հայաստանի քաղաքականության վերաբերյալ դատողությունների շարքում բնականաբար հնչում են նաեւ պահանջատիրության կոչեր:

Դրանց հեղինակները կարծում են, որ Հայաստանը Թուրքիային պետք է ներկայացնի ֆինանսական, տարածքային պահանջներ, որպես ցեղասպանության հատուցում:Հայաստանի քաղաքական դաշտում, օրինակ, այդ դիրքերից հանդես եկող Դաշնակցությունը ստացել է դաշնակից կամ մրցակից՝ ի դեմս Երկիր Ծիրանի նորաստեղծ կուսակցության, որի հիմնադիր Զարուհի Փոստանջյանը նախօրեին հանդես է եկել Թուրքիային բավական կոշտ պահանջ ներկայացնելու պետական քաղաքականության կոչով:Ինչպիսի՞ն է Թուրքիայի հանդեպ Հայաստանի պետական քաղաքականությունը, այդքան էլ պարզ չէ: Անկախության 25 տարիների ընթացքում այդ քաղաքականությունը զարգացել է «զիգզագով»:

Օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում պաշտոնական Երեւանը ցուցադրաբար հրաժարվել է ոչ միայն որեւէ նյութական եւ տարածքային պահանջից, այլ նաեւ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում Հայաստանի ներգրավվածությունից: Ռոբերտ Քոչարյանը արեց հակառակը՝ միջազգային ճանաչման հարցը դարձնելով Հայաստանի պետական քաղաքականության օրակարգի հարց: Թեեւ, Քոչարյանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանը որպես պետություն Թուրքիայից չունի տարածքային պահանջ:Սերժ Սարգսյանը երկու նախագահներից ավելի հեռուն գնաց՝ սկսելով ֆուտբոլային դիվանագիտություն, կամ ավելի շուտ հայտարարելով դրա մասին, նաեւ ստորագրելով հայ-թուրքական արձանագրությունները, մի շարք բավական նուրբ եւ Հայաստանի շահի ու անվտանգության տեսանկյունից մեղմ ասած վիճելի դրույթներով:

Սակայն, նույն Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության տապալումից հետո շատ կտրուկ փոխեց հռետորաբանությունը Թուրքիայի հասցեին:Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Հայաստանի անկախ հանրապետության 25 տարիների ընթացքում գործնականում չի ձեւավորվել Թուրքիայի հետ հարաբերության ռազմավարական մոտեցում, որը կկազմեր պետական քաղաքականության առանցքը անկախ այն հանգամանքից, թե ով կլիներ իշխանությունը:Միեւնույն ժամանակ, 25-ամյա ընթացքում կուռ հանգամանք է այն, որ այսպես թե այնպես, Հայաստանի մոտեցման վրա կա Սփյուռքի ազդեցությունը: Ընդ որում, առնվազն մարտավարական առումով Սփյուռքի եւ Հայաստանի հանրապետության խնդիրներն ու շահը Թուրքիայի հետ հարաբերության, Թուրքիայի հանդեպ դիրքավորման մասով ոչ միշտ է նույնական, իսկ երբեմն էլ պարզապես հակասական է:25 տարիների ընթացքում չի գտնվել նաեւ այստեղ համադրման հասնելու բանաձեւը: Մի բան թերեւս աներկբա է, որ դա չի կարող տեղի ունենալ պահանջատիրության հիմքով:Այստեղ խնդիրները իսկապես բազմաթիվ են, տարբեր հարթության վրա: Որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանի պահանջը կարող է լինել ազդեցիկ եւ դառնալ միջազգային օրակարգի մաս: Մյուս կողմից, որքանո՞վ է իրատեսական, որ Հայաստանն ի վիճակի է տեր կանգնել իր պահանջներին, երբ մեղմ ասած կա իր ներկայիս վերահսկողության տակ գտնվող պետական տարածքին որակապես եւ պետական պատասխանատվությամբ տեր կանգնելու խնդիր:

Ինչ խոսք, հարցն ունի նաեւ իրավա-քաղաքական ասպեկտ եւ կարող է դառնալ քաղաքական գործիք, անկախ պահանջների բավարարման զուտ առարկայական կամ տարածքային-նյութական հեռանկարից:Բայց խնդիրը վիճարկելի է նաեւ քաղաքական առումով իրատեսականության եւ նպատակահարմարության տեսանկյունից: Օրինակ, տարածքները, որի հանդեպ Հայաստանը կարող է պահանջ ներկայացնել Թուրքիային, հիմնականում քրդաբնակ են: Ներկայում քրդերը Թուրքիայի կառավարության հանդեպ իրենք են պահանջատեր եւ այդ պահանջատիրությամբ, իրենց խնդիրներին հետամուտ լինելով նաեւ հանդիսանում են Հայաստանի չբարձրաձայնված, չհամաձայնեցված, բայց առնվազն ակամա դաշնակիցը:Երբ Հայաստանը տարածքային պահանջ է ներկայացնում Թուրքիային, դա ներառում է նաեւ այն տարածքները, որոնց վրա ներկայում ծավալված քրդական շարժումն է:

Այդ դեպքում արդյո՞ք չի առաջանում ռիսկ, որ Հայաստանի, հայության կամա թե ակամա դաշնակից քրդերը փաստորեն դառնում են արդեն Հայաստանի դեմ Թուրքիայի կառավարության դաշնակիցը, քանի որ Հայաստանի պահանջը վերաբերում է նաեւ քրդերին:Կա՞ արդյոք այդօրինակ հեռանկարի դիպչելու ռիսկ, արդյոք պահանջատիրությունն ունենալու է հնարավոր, իրատեսական բազմապատիկ ավելի մեծ էֆեկտ, որպեսզի «անտեսվի» քրդերի անբարյացակամ ընկալման խնդիրը:Դրան զուգահեռ, արդյոք Թուրքիայի հանդեպ պետական պահանջատիրությունը չի առաջացնելու այնպիսի հակազդեցություն, ընդհուպ ռազմա-քաղաքական, որը էլ ավելի է կարծրացնելու այն միֆական հիմքը, որի վրա կառուցվել է Հայաստանի հանդեպ ռուսական կայսերական գերիշխանությունը՝ «միակ փրկչի» կամ «միակ դաշնակցի» տեսքով:Ինչ խոսք, Հայաստանի հանդեպ Թուրքիայի ռազմավարական նկրտումներն ամենեւին կախված չեն պետական պահանջատիրության լինել-չլինելուց:

Դրանք լինելու են միշտ: Բայց, պետական մակարդակով պահանջատիրությունը իրական քաղաքականության ռեժիմում չի ամրացնելու Հայաստանի անվտանգությունը, փոխարենը «լեգիտիմացնելու» է Թուրքիայի նկրտումներն ու Հայաստանի վրա ռուսական կայսրության «հավերժական ազդեցությունը»:Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերություն ասվածը ենթակա է տարբեր աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային կենտրոնների ազդեցության եւ գործնականում անհնար է խնդիրը զերծ պահել դրանից եւ կենտրոնացնել զուտ երկկողմ շրջանակում:

Հայաստանի նվազագույն խնդիրը թերեւս պետք է լինի ոչ միայն այդ ազդեցությունների միֆական հիմքերը ավելորդ զգայականությամբ չխորացնելը, այլ դրանք զգայական ազդեցություններից մաքրելն ու իրական քաղաքականության շրջանակ բերելը, որտեղ առավել բաց տեսադաշտում շատ ավելի կբարձրանա Հայաստանի անելիքի հարցում երկարաժամկետ եւ օիպտիմալ ծրագրման հավանականությունը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing