Լրահոս

Հայաստան-Ադրբեջան. ե՞րբ եւ ինչպե՞ս «կհանձնվեն հողերը»

 

89276

armtimes.com — Ռուսաստանում վստահ են, որ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, եթե իսկապես բանը հասնի հող կամ տարածքներ հանձնելուն, ապա դա կլինի ոչ թե արտաքին ճնշումների, այլ վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական միտումների, գործընթացների արդյունք: Համենայնդեպս, այս կարծիքին է  ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, Կովկասագետների ընկերակցության նախագահ Ալեքսանդր Կրիլովը:

Մինչ Մոսկվայում օգոստոսի 10-ին կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումը հայկական, ռուսական ու ադրբեջանական մեդիայում բավական ակտիվ պտտվում էին ԼՂ հակամարտության կարգավորման ինչ-որ ռուսական կամ Պուտինի պլանի մասին մեկնաբանություններ ու տեղեկատվական արտահոսքեր: Այն ենթադրում է, որ Ադրբեջանին որոշակի շրջանների հանձնման դիմաց Լեռնային Ղարաբաղին շնորհվում են անվտանգության երաշխիքներ ու ավելի ամուր կարգավիճակ, որը, սակայն, ճանաչում չէ: Այս վարկածն ապրիլյան պատերազմից հետո ակտիվ շրջանառության մեջ դրեցին ադրբեջանական պաշտոնական այրերը: Այն ավելի հարստացվեց Կրեմլին մոտ կանգնած տարբեր թերթերի տեղեկատվական արտահոսքերով, սկսեց ակտիվ շրջանառվել նաեւ հայակական մեդիա դաշտում:

Սակայն, Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ էլ, թեպետ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ հայկական կողմը պատրաստ է իրացնել «ձեռք բերված պայմանավորվածությունները», հող հանձնելու տարբերակը չստացվեց իրացնել: Ընդհանրապես, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման ողջ ընթացքում, եթե հավատանք կիսապաշտոնական արտահոսքերին ու շրջանառության մեջ դրված ոչ պաշտոնական (ու դեռ շրջանառվող) վարկածներին, հայկական կողմը մի քանի հարյուր անգամ կորցրած պետք է լիներ Ղարաբաղը: Միշտ խոսվում է ուժեղ արտաքին ճնշման առկայության մասին, սակայն դրա դիմաց «դրսից» լսում ենք հայտարարություններ, որ «կողմերին չի պարտադրվում պատրաստի դեղատոմսեր»:

Սա չի նշանակում, որ կողմերի վրա ճնշումներ ընդհանրապես չկան: Հատկապես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից գոնե Ռուսաստանը գոնե Հայաստանի վրա ունի ազդեցության տարբեր լծակներ: «Սակայն, այս իրավիճակում, երբ ապրիլյան պատերազմը դեռ երեկ է ավարտվել, խոսել ճնշումների միջոցով խնդրի կարգավորման մասին, կամ խոսել ռուսական պլանի ու Մոսկվայի ճնշման մասին, անհեթեթություն է», — մեզ հետ զրույցում նշեց Կրիլովը: Ստեղծված իրավիճակում, վստահ է նա, ռուսական դիվանագիտության հիմնական խնդիրը՝ նոր էսկալացիայից, պատերազմից խուսափելն է:

«Հենց այդ պատճառով է Պուտինը խոսում այն մասին, որ կարգավորման գործընթացում չպետք է լինեն հաղթողներ ու պարտվողներ: Իսկ Մոսկվան չի պարտադրելու որեւէ լուծում կողմերին, քանի որ դրա պատասխանը կարող է լինել իրավիճակի կտրուկ սրացումն առաջնագծում»,- ասաց նա՝ հավելելով, որ Մոսկվային առաջին հերթին Անդրկովկասում կայունություն է պետք: Ճնշումները միայն դրանց մասին խոսակցությունները չեն, այլ կոնկրետ գործողություններ՝ տնտեսական ու ռազմական պատժամիջոցներ, մեկուսացում, ինչը, մատնանշում է քաղաքագետը, այս պարագայում չկա: «Ոչ մի նման բան մենք չենք տեսնում»,- ասաց նա:

Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ երկրի՝ Հայաստանի վրա ճնշումների մասին հայտարարությունները «արհեստականորեն ուռճացվում են», ու այդ քարոզչական խրտվիլակը, ըստ մեր զրուցակցի, շրջանառում են հայաստանյան որոշակի ուժեր հանրային գիտակցության մանիպուլյացիայի եւ այս կամ այն քաղաքական նպատակների հասնելու համար: Ադրբեջանի քարոզչությունը, ըստ քաղաքագետի, այս առումով տարբերվում է, քանի որ այնտեղ հիմնական թիրախն է հակառակորդը՝ Հայաստանը, որին պետք է ճնշել կամ հաղթել: «Հայաստանում քարոզչական ակտիվության էպիկենտրոնում է իշխանությունը եւ Ռուսաստանը, որն իբր թե ինչ որ բան է պարտադրում իր դաշնակցին: Տարածքներ վերադարձնելու մասին քաղաքական իշխանության մակարդակով խոսում է ադրբեջանական իշխանությունը, որը եւ կրկնում են Հայաստանի լրատվամիջոցներն ու որոշ քաղաքական գործիչներ: Նրանք փաստացի կրկնում են Բաքվի քարոզչական թեզերը, որը ճեղքում է մտցնում է հասարակության մեջ, խարխլում է բանակի նկատմամբ հավատը, թուլացնում ՀՀ իշխանությանը միջազգային հարթակներում»,- կարծում է Ալեքսանդր Կրիլովը:

Այն պարագայում, երբ Հայաստանում խոսում են արտաքին ազդեցությամբ ստատուս-քվոյի փոփոխության մոտալուտ հնարավորության մասին, նույն այդ արտաքին ուժերից հնչում են հայտարարություններ, որ Երևանի ու Բաքվի փոխարեն ոչ մեկը չի լուծելու ԼՂ հիմնախնդիրը: Այսպես էլ մեկս մյուսի վրա «գցելով» «յոլա» ենք գնում, իսկ այդ ընթացքում հակամարտությունը որոշակի ներքին դինամիկայով զարգանում է:

«ԼՂ հակամարտության շփման գոտում իրավիճակը կարող են փոխել միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Գլխավոր խնդիրն այստեղ ոչ թե Մոսկվայի կամ ԱՄՆ-ի դիրքորոշումն է, այլ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը դարձրել են Ղարաբաղն ազգային գաղափար կամ պետականության խորհրդանիշ: Ուստի, դժվար է լինելու հրաժարվել այդ գաղափարից, քանի որ այն հավասարազոր է քաղաքական ինքնասպանության: Քանի դեռ նման տրամադրություններ են տիրում Հայաստանում ու Ադրբեջանում, սպասել լարվածության թուլացման կամ հակամարտության կարգավորման ուղղակի անհնար է»,- վստահ է Կրիլովը:

Վերլուծաբանի խոսքից պարզվում է, որ ստեղծված իրավիճակում սպասել կտրուկ շրջադարձի անիմաստ է: Կրիլովը հենց այդպես էլ կարծում է, ու խորհուրդ տալիս հայկական կողմերին պատրաստվել նոր բախումների՝ անգամ «ապրիլյան պատերազմի օրինակով»: «Հուսով եմ` ապրիլյան բախումներից Հայաստանում կատարվել են համապատասխան հետեւություններ, աշխատանքներ տարվել են սխալների ուղղման առումով, քանի որ մեծ է հավանականությունը, որ Ադրեբջանն օգտագործելու է հանկարծակիության գործոնը»,- եզրափակեց նա:

Արշալույս Մղդեսյան

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing