Լրահոս

Հայաստանը՝ ահաբեկչության և ապստամբության արանքում

 

ՊՊԾ գունդը գրավելու գործողությունն ապստամբություն էր, որն ուղղված էր Հայաստանում ժողովրդի իշխանությունը հաստատելուն:

«Հաշվի առնելով այն, որ վերջին 25 տարիներին ժողովուրդը չի կարողացել իշխանություն փոխել, մյուս բոլոր մեթոդներով երբևէ արդյունքի չէր հասել, մնում էր դիմել ապստամբության: Միջազգային իրավական բազմաթիվ փաստաթղթերում ասվում է՝ յուրաքանչյուր ոք ոչ միայն իրավունք ունի, այլ նաև պարտավոր է ապստամբություն անելու, եթե բռնատիրությունը փոխելու այլ հնարավորություն չի լինում»,- նշել է «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայիկ Պապիկյանը:

Նրա կտրուկ և միանշանակ գնահատականն ինչ-որ տեղ հասկանալի է և բխում է դատական գործընթացում Պապիկյանի կարգավիճակից, թեև վստահ ենք, որ պրոֆեսիոնալ իրավաբաններին ավելի կպատշաճեր մասնագիտական կարծիքը, քան քաղաքական արմատականությունը:

ՊՊԾ գնդի դեպքերից մեկ տարի անց հասարակությունը հստակ և միանշանակ կարծիք չունի այս դեպքերի վերաբերյալ ու թերևս չի ունենա նաև ապագայում. «ահաբեկչություն-ապստամբություն», «հերոսներ-հանցագործներ» դիլեման դեռ երկար ժամանակ մնալու է քաղաքական և հանրային դիսկուրսի օրակարգում:

Նույն Պապիկյանը և «ծռերի» տասնյակ կողմնակիցներ պնդում են, որ ՊՊԾ գունդը գրավելու գործողությունն ապստամբություն էր, որն ուղղված էր Հայաստանում ժողովրդի իշխանությունը հաստատելուն: Սա, մեղմ ասած, դեմագոգիկ պնդում է, որովհետև եթե հասարակությունը քվե չի տվել Սերժ Սարգսյանի իշխանությանը, ապա զինված մարդկանց էլ չի պատվիրակել կրակոցներով իր իշխանությունը հաստատել:

Հասարակությունը, ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա իշխանություններին, մեղմ ասած, չի սիրում, բայց չի հարգում, հերոսացնում մարդկանց, ովքեր բարիկադներ են փորում երկրի ներսում: Ապստամբություն ասվածը ժամանակակից կատեգորիաներով հեղափոխությունն է, որի ամենակարևոր բաղկացուցիչներն են հանրության զանգվածային աջակցությունը, քաղաքական հստակ օրակարգի առկայությունը և բռնության բացառումը:

«Ծռերը» արել են ճիշտ հակառակը՝ իրենց գործողությունները նույնացնելով ահաբեկչության հետ, ընդ որում՝ չկարողանալով ձևակերպել հստակ քաղաքական պահանջներ:

«Հերոսներ-հանցագործներ» դիլեման առհասարակ արհեստական է, որովհետև մարդիկ հերոսանում են, երբ հայրենիքի կամ հասարակության համար որևէ անձնվեր քայլ կամ ռացիոնալ գործողություն են կատարում: Ոստիկաններին պատանդառելը կամ նրանց վրա կրակելն անձնվիրություն չէ, և ոչ էլ ռացիոնալ է արկածախնդրության գնալը՝ առանց հետևանքները հաշվի առնելու:

Մյուս կողմից՝ ցանկացած բռնություն, կրակոց գործընթացը քաղաքական հարթությունից տեղափոխում է քրեական դաշտ՝ անկախ տեղի ունեցածի մոտիվներից, արարքը գործածների ծառայություններից:

Մեկ այլ ճշմարտություն էլ կա՝ արդեն պատմության փորձով հաստատված: Ապստամբները հեղափոխական են հռչակվում հաղթանակի արդյունքում, իսկ պարտության դեպքում զոհվում են կամ դատվում որպես ահաբեկիչներ:

Հայաստանի ամբողջ ողբերգությունն այն է, որ ահաբեկչությունների ու ապստամբությունների խնդիրը չի վերաբերում միայն անցյալի գնահատմանը: Այդ պոլեմիկան նաև հայաստանյան քաղաքականության օրակարգում է, քանի կան անարդյունավետ, զոռբա իշխանություններ և նրանց տապալել պատրաստվող «ծռեր»: Հայաստանը դեռ երկար ժամանակ է գտնվելու ահաբեկչության և ապստամբության արանքում:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing