Լրահոս

Հայաստանը բարդ խաղի մեջ. ռիսկային որոշման ուրվագիծը

 

ՌԻԱ Նովոստին նախօրեին հղում անելով Կիրգիզիայի անվտանգության խորհրդի քարտուղարին ասել է, որ ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է Սիրիա ՀԱՊԿ խաղաղապահներ ուղարկելու հարցը:
«ՀԱՊԿ մշտական խորհրդում քննարկվել է սիրիական խնդրի կարգավորման գործընթացում Ղրղըզստանի խաղաղապահ ուժերի հնարավոր մասնակցության հարցը», Կիրգիզիայի ԱԽ քարտուղար Թիմուր Ջամուկադիրովին մեջբերել է ռուսական գործակալությունը: Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը:
Ջումակադիրովը նշել է նաև, թե Բիշքեկն առայժմ ՀԱՊԿ-ից պաշտոնական առաջարկ չի ստացել՝ Սիրիա խաղաղապահներ ուղարկելու համար:
Ազատությունը շարունակելով հղումը ՌԻԱ Նովոստիին հայտնում է, որ հունիսի 22-ին ՌԴ պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ՌԴ դեսանտային զորքի նախկին հրամանատար, տխրահռչակ գեներալ Շամանովը հայտարարել էր, թե Մոսկվան Սիրիա խաղաղապահներ ուղարկելու նպատակով բանակցում է Ղազախստանի եւ Կիրգիզիայի հետ: Սիրիայում ղազախ եւ կիրգիզ խաղաղապահների հնարավոր տեղակայման մասին հայտնել էին նաեւ թուրքական լրատվամիջոցները, հղում անելով Էրդողանի մամուլի քարտուղարին, որը ըստ Հաբերթուրք հեռուստաընկերության ասել է, որ Մոսկվան խաղաղապահ առաքելության մեջ ներգրավելու առաջարկ է արել Աստանային ու Բիշքեկին:
Բայց, Շամանովի, նաեւ Թուրքիայի այդ տեղեկություններից հետո Աստանան պաշտոնապես հերքեց, թե քննարկվել է այդպիսի հարց եւ վարվում է այդպիսի բանակցություն:
Ի վերջո քննարկվե՞լ է ՀԱՊԿ շրջանակում Սիրիա խաղաղապահներ ուղարկելու հարցը, թե՞ ոչ: Կարո՞ղ է ՀԱՊԿ-ը տալ այդ հարցին հստակ պատասխան: Տպավորություն է, որ հարցը քննարկվել է եւ Մոսկվան փորձել է, սակայն ոչ բոլորն են համաձայնել առաջարկին, այսինքն դեմ է եղել Ղազախստանը: Ուշագրավ է, որ տեղեկությունը շրջանառվում է Մոսկվայի եւ Բիշքեկի միջեւ 240 միլիոն կիրգիզական պարտքի դուրսգրման համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ: Հնարավոր է, որ Մոսկվան դրա դիմաց ակնկալել է Սիրիայում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանը Բիշքեկի լոյալությունը: Բայց, եթե Ղազախստանը դեմ է, առաքելությունն անիրագործելի է, որովհետեւ ՀԱՊԿ կարող է այդօրինակ ներգրավում ունենալ միայն կոնսենսուսի պայմաններում:
Ղազախստանն առա՞յժմ դեմ է, թե դեմ է սկզբունքորեն, դժվար է ասել: Այսինքն, Աստանան Ռուսաստանից մե՞ծ գին կպահանջի համաձայնության համար, թե՞ դա կհամարի հարց, որը ենթակա չէ առեւտրի:
Իսկ ինչպիսի՞ դիրքորոշում կունենա Երեւանը: Օրինակ, Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը այդ մասին Ազատության հարցին պատասխանել է, որ զինված ուժերը պատրաստ են կատարել ռազմա-քաղաքական որեւէ հրաման, որեւէ առաջադրանք, որ կտա Գերագույն գլխավոր հրամանատարը:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մոտ մեկուկես ամիս առաջ Միր միջպետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է Սիրիայում մարդասիրական ականազերծմանը մասնակցելու հնարավորությունը: Հայաստանն օրինակ այդօրինակ խաղաղապահ առաքելություն իրականացնում է ՆԱՏՕ աֆղանական առաքելության շրջանակում:
Բայց Վիգեն Սարգսյանը խոսել էր Ռուսաստանի հետ, ոչ թե ՀԱՊԿ շուրջ քննարկումների մասին: Իսկ արդյոք Ռուսաստանին պետք է այլ ներգրավում, եթե դա ՀԱՊԿ դրոշով չէ: Բանն այն է, որ Հայաստանի ներգրավումը հազիվ թե Մոսկվայի համար ունենա ծանրակշիռ քաղաքական նշանակություն: Այլ հարց է, եթե ներգրավումը տեղի է ունենում ՀԱՊԿ դրոշով եւ մասնակցում են անդամ 6 պետությունները, եւ իհարկե առավել եւս միջինասիական մահմեդական երկրներ Կիրգիզիան, Տաջիկստանը եւ Ղազախստանը:
Ի դեպ, այդ համատեքստում էլ ուշագրավ է այն, որ Երեւանում օրերս ընդունեցին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Միաժամանակ հետաքրքիր են նաեւ Երեւանի վերջին շրջանի շփումները Կատարի հետ, որը համարվում է Սիրիայում Իսլամական Պետության ֆինանսավորողներից մեկը:
Արդյոք այդ քննարկումներում շոշափվում է խաղաղապահ առաքելության խնդիրը: Չէ՞ որ տրամաբանությունը հուշում է, որ այդ դեպքում առաքելությանը մասնակից պետությունները մեծ հավանականությամբ կարող են դառնալ թիրախ Սիրիայի կառավարությանն ընդդիմադիր ուժերի համար, այդ թվում Իսլամական պետության:
Արդյոք Երեւանը մի կողմից անկարող լինելով դիմադրել Ռուսաստանի ցանկությանը, օրինակ փորձում է Կատարի հետ աշխատանքի շնորհիվ բալանսավորել հնարավոր ներգրավման այդ ռիսկերը, հաշվի առնելով Կատարի ազդեցությունն ԻԼԻՊ վրա:
Մյուս կողմից, իսկ արդյոք Երեւանն ինքը չէ Ռուսաստանի հետ Սիրիայում խաղաղապահ նախաձեռնության հեռանկարի քննարկման նախաձեռնողը, փորձելով դրա դիմաց ստանալ որոշակի քաղաքական դիվիդենտներ այլ քաղաքական կամ ռազմա-քաղաքական հարցերում, եւ դրան զուգահեռ էլ միաժամանակ փորձ անելով ռիսկերը չեզոքացնել Կատարի հետ հարաբերության օգնությամբ:
Բոլոր դեպքերում հստակ է, որ խոսքը բարդ եւ բազմաշերտ խաղի մասին է եւ այդ իրավիճակներում որեւէ պետության համար շատ բարդ է լիովին զերծ մնալ ռիսկեր պարունակող քայլերից: Ի վերջո միջազգային քաղաքական սուբյեկտությունն անխուսափելի է դարձնում երբեմն այդօրինակ քայլերի դիմելը:
Վերջին հաշվով, նույն չափազանց ռիսկայինությունն էր մոտ մեկուկես տասնամյակ առաջ մեծ աղմուկի պատճառ հանդիսանում, երբ Հայաստանը կայացնում էր եռացող Աֆղանստանում ՆԱՏՕ խաղաղապահ առաքելությանը մասնակցելու որոշումը:
Խնդիրը պարզապես այն է, թե ինչի՞ համար է ռիսկը՝ պետության շահի եւ անվտանգության, թե՞ պարզապես անձնական կամ խմբային իշխանական խնդիրներ լուծելու:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing