Լրահոս

Հայաստանը չի կարող գտնել, եթե չի կորցնելու Մոսկվան

 

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով ՌԴ-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցության մասին, ասել է, որ Հայաստանը չի կարող փոխել ոչինչ այդ հարցում, և անկասկած է, որ ՌԴ տնտեսական խնդիրները կթողնեն հետևանք Հայաստանի վրա, բայց ավելացրել է, որ Հայաստանը պետք է ընդլայնի իր տնտեսական կապերը այլ ուղղություններով, այլ երկրների հետ:

Շավարշ Քոչարյանն անկասկած իրավացի է, բայց այստեղ նաև առաջանում է մի հարց՝ իսկ ինչո՞ւ է Հայաստանը միայն այժմ ընդլայնում իր տնտեսական հնարավորություններն ու կապերը այլ ուղղություններով՝ փորձելով գտնել ռուսականին այլընտրանք: Եթե, իհարկե, ընդհանրապես ընդլայնում է, այսինքն՝ եթե պատրաստ է գնալ քայլերի, որոնք կհակասեն Ռուսաստանի կայսերական շահերին:

Որոշակի ջանք նկատելի է, բայց թերևս արժե ավելի խոսել առարկայական արդյունքների առկայության դեպքում միայն: Բայցևայնպես, ինչո՞ւ էր պետք սպասել, որ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունը սրվեր, որ կիրառվեին պատժամիջոցներ, Ռուսաստանի հանդեպ վարվեր մեկուսացման քաղաքականություն, Հայաստանը դրա հետևանքով կրեր վնասներ ու կորուստներ և նոր միայն ստիպված լիներ կատարել այլընտրանքների փնտրտուք: Ինչո՞ւ դա չի արվել ավելի վաղ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունը լարված չէր, և չկային պատժամիջոցներ: Չի՞ եղել անհրաժեշտություն, և ով կմտածեր, որ պատժամիջոցնե՞ր կլինեն:

Լավ, ենթադրենք, որ չկային պատժամիջոցներ, Հայաստանը շարունակում էր վայելել աշխարհաքաղաքական սուր դիմակայության բացակայության պտուղները: Դա՞ է հայկական պետական երազանքն ու պետական գաղափարախոսությունը, այսինքն՝ երբ որևէ մեկի հովանու ներքո մենք կուշտուկուռ ապրում ենք, տրանսֆերտները գալիս են, այստեղ ինչ-որ գնողունակություն է առաջանում, ներկրումները ավելանում են, կասկածելի՝ հետո նույնիսկ իշխանության բարձր մակարդակով սպեկուլյատիվ որակվող կապիտալ շինարարական փողեր են հայտնվում, երկնիշ աճ է առաջանում, վագրային թռիչք, գուցե նույնիսկ հորթային հրճվանք, ու մեզ թվում է, թե Հայաստանը զարգացող պետություն է:

Բայց հանկարծ բավական է ներիշխանական մի փոքր հակասություն իշխանությունը բաժանելու հողի վրա, հանկարծ այդ հակասությանն անպատեհ համաշխարհային մի ճգնաժամ, հետո հանկարծ Ռուսաստանի տնտեսության խնդիրներ, ու հայկական տնտեսական հրաշքի փուչիկը պայթում է: Որովհետև տնտեսական հրաշքը և ընդհանրապես պետականությունը կառուցվել են ոչ թե երազանքի ու գաղափարախոսության, այլ պատեհապաշտության, «որտեղ հաց՝ այնտեղ կաց» սկզբունքի վրա: Եվ Հայաստանին այդ մոդելը աղետի չի հասցրել միայն այն պատճառով, որ գոնե գտնվել են Ղարաբաղյան պատերազմ հաղթած որակներ, որոնք հետագայում երկու տասնամյակ պահել ու դեռ պահում են անորակ կառավարման և արատավոր համակարգի պայմաններում հայտնված պետականությունը:

Հակառակ դեպքում Հայաստանը այլընտրանք ձևավորած կլիներ մինչև ճգնաժամը, այսպես ասած՝ կանխարգելիչ տրամաբանությամբ, որը միանգամայն բնական պետք է լինի ցանկացած պետականության համար: Այդ դեպքում Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցները, Ռուսաստան-Արևմուտք խնդիրները Հայաստանի համար կարող էին լինել զգալի, բայց ամենևին ոչ վճռորոշ: Հայաստանը չէր կորցնի երկու տասնամյակ ժամանակ, գործնականում ամբողջ պետականությունը՝ տնտեսաքաղաքական համակարգով՝ Ռուսաստանին տալուց հետո վտանգի պահին սկսելով այն քայլ առ քայլ փրկելու գործընթացը: Ընդ որում, ամեն քայլից առաջ Մոսկվային համոզելով՝ այն էլ նույնիսկ ընդդիմության մակարդակով, որ դա ամենևին նրա դեմ չէ, որ Մոսկվան ոչինչ չի կորցնում Հայաստանում:

Ի՞նչն է այդ համոզումների ակնկալիքը կամ հաշվարկը, եթե ոչ՝ ընդամենը իշխանական կամ կուսակցական խնդիրների լուծումը, բայց մի բան աներկբա է՝ Հայաստանը չի կարող ոչինչ գտնել, որևէ նոր և հիմնարար բան, եթե Մոսկվան Հայաստանում չի կորցնելու ոչինչ:

Դա է իրականությունը՝ դուր գա դա որևէ մեկին, թե ոչ, և այդ իրականությունը ճանաչելն ու ընդունելն է Հայաստանի շահը և անվտանգությունը: Հետևաբար պետք է առաջնորդվել իրականությունը Մոսկվային բացատրելու տրամաբանությամբ ու անհրաժեշտությամբ, ոչ թե իբրև թե Մոսկվայի գլխի տակ փափուկ բարձ դնելու: Այլապես Հայաստանն անընդհատ կորցնելու է, նվազագույնը՝ ժամանակ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing