Հայաստանը հինգի մեջ. Բաքվին հարված հակառակ ափից

34

Հայաստանում ներքին բուռն անցուդարձը միանգամայն բնականորեն ազդում է Հայաստանի շուրջ տեղի ունեցող արտաքին իրադարձությունների հանդեպ ուշադրության վրա, որոնք անմիջական առնչություն չունեն Հայաստանի հետ, սակայն զգալի նշանակություն ունեն Հայաստանին առնչվող այլ հարցերի եւ իրողությունների համար:

Դրանցից ամենաթարմը Կասպիցի կարգավիճակի վերաբերյալ ափամերձ հինգ պետությունների համաձայնությունն էր, որ տեղի ունեցավ օգոստոսի 12-ին ղազախական Ակտաու քաղաքում:

Լայն հանրությունն, իհարկե, անկախ ներքին զարգացումների թեժությունից ու դինամիկայից, գործնականում բոլոր երկրներում է ավելի հետաքրքրված ներքին հարցերով: Դա ավելի բնական է, քան հակառակը: Եթե իհարկե իշխանությունները միանգամայն մտածված ձեւով մարդկանց չեն փորձում ներքին հարցերից շեղել դեպի արտաքին խնդիրներ, ինչն օրինակ տեղի է ունենում Ռուսաստանում՝ համապետական հեռուստաընկերությունների միջոցով: Պատճառներն անշուշտ հայտնի են:

Իսկ ընդհանրապես, քաղաքացիներին պետք է ավելի շատ հետաքրքրի ներքին կյանքը՝ իր որակներով, խնդիրներով, հեռանկարներով, իսկ արտաքին զարգացումները պետք է լինեն իշխանության եւ իհարկե հասարակական-քաղաքական մասնագիտական, մտավոր խմբերի, տարբեր «էլիտաների» ուշադրության կենտրոնում:

Կասպիցի իրադարձությունն արժանացավ դրան, որտեղ գերակշռող մասը «ապոկալիպտիկ» տրամադրությունն էր, որի զգալի մասն էլ պայմանավորված էր զուտ ներքաղաքական կոնյուկտուրայով: Օրինակ, նախկին իշխանության գործիչներ եւ շրջանակներ շտապեցին հնչեցնել տագնապի շեփոր՝ Կասպիցի համաձայնության շուրջ:

Ու դա այն դեպքում, երբ օրինակ նախկինում այդօրինակ այլ իրադարձությունների պարագայում իրենք էին հորդորում հանրությանը չտրվել խուճապի եւ տեղի ունեցողը չդիտարկել Հայաստանի մեկուսացում կամ արտաքին քաղաքական անարդյունավետություն, անհաջողություն եւ այլն: Օրինակ, երբ խոսքը վերաբերում էր Կարս-Ախալքալակ-Բաքու երկաթուղուն, կամ Բաքվում Ռուսաստան-Իրան-Ադրբեջանի ֆորմատին:

Ընդ որում, սկզբունքորեն նրանք իրավացի էին, բայց ներկայում ներքաղաքական կամ կուսակցական, խմբային կոնյուկտուրայից ելնելով փորձում են անել այն, ինչից ձեռնպահ մնալու կոչ էին անում հանրությանը իրենց իշխանության շրջանում:

Կասպիցի համաձայնությունը անկասկած ռեգիոնալ եւ աշխարհքաղաքական կարեւոր զարգացում էր, ինչը սակայն դեռ պետք է անցնի ժամանակի փորձությունը: Ժամանակակից աշխարհում շատ բարդ է գլուխ հանել նույնիսկ այնպիսի համաձայնություններից, ինչպիսին են Թրամփ-Պուտին հանդիպումները: Դա իհարկե չի նշանակում, որ Հայաստանը պետք է այդ համաձայնությանը մոտենա «չիրականացվելու»,«տապալվելու» կանխավարկածով:

Մյուս կողմից, ծիծաղելի է մտածել, թե Հայաստանը կարող էր որեւէ բան անել դրա դեմ, այդ համաձայնությունը տապալելու, ձախողելու համար: Առկա է նաեւ մյուս հարցը՝ իսկ ինչու՞ պետք է Հայաստանն աներ դա:

Կա տեսակետ, թե Բաքուն դրանով ամրանում է եւ կարող է դառնալ ավելի ագրեսիվ, այդ թվում Արցախի հարցում: Բաքուն ստանում է կասպյան ավազանում էներգետիկ նախագծերի ավելի մեծ հնարավորություն: Բայց դա ավելի ագրեսիայի՞, թե՞ հակառակը՝ խորքային առումով զսպման տարբերակ է: Ադրբեջանի առերեւույթ ագրեսիվությունը պայմանավորված է մի շարք գործոններով՝ թե ներքին, թե արտաքին: Բայց, եթե դիտարկենք հարցը էներգակիրների եւ էներգանախագծերի հարթության վրա, ապա արժե թերեւս հարց դնել՝ իսկ արդյոք պատերազմող պետությունը կարող է լինել էներգանախագծերի հուսալի գործընկեր եւ «օպերատոր»:

Հետեւաբար, արդյոք դրանք ավելի շուտ զսպող գործոն չեն, քան պատերազմ խթանող: Եվ արդյոք նաեւ դա չէ այն «բոնուսի» գինը, որ ստացել է Բաքուն Կասպիցի համաձայնությամբ, հատկապես հաշվի առնելով նաեւ դրանից շաբաթներ առաջ այն հարվածը, որ Բաքուն ստացավ այլ ափին՝ Մինգեչաուրի: Ջրամբարը իր մեծությամբ անհամեմատելի է Կասպիցի հետ, բայց Մինգեչաուրում Բաքվի ստացած հարվածի մեծությունը թերեւս համարժեք էր Կասպիցում ձեռք բերածի մեծությանը:

Խնդիրը խորքային առումով այն է, որ արտաքին զարգացումներում Հայաստանի դիտարկումների ելակետը թերեւս պետք է լինի ոչ թե լավի կամ վատի «կանխավարկածը», այլ դրանց համադրությունը մեր խնդիրների հետ, ըստ այդմ մշակումները, թե ինչպես կարող ենք տեղի ունեցողը ծառայեցնել այդ խնդիրներին: Առավել եւս, երբ օբյեկտիվորեն չունենք դրանք կանխարգելելու հնարավորություն:

Այդ տեսանկյունից, աշխարհը գործնականում ռիսկերի ու հնարավորությունների մի ամբողջական գործընթաց է, անվերջ գործընթաց, որտեղ բուն լուծումները պետությունների, էլիտաների ներսում են, նրանց որակական, կառավարչական հատկանիշներում, ինչից անմիջականորեն կախված է շուրջը տեղի ունեցողի ռիսկայնության կամ օգտակարության աստիճանը: Որովհետեւ այդ ներքին որակներն ու հատկանիշները, դրանց միջոցով ձեւավորվող ներքին արդյունքն է ձեւավորելու արտաքին քաղաքականության, աշխարհքաղաքականության կարողունակության ներուժը, ռիսկերը չեզոքացնելու եւ հնարավորություններն օգտագործելու գործակիցը:

Մասնավորապես, Կասպիցում տեղի չի ունեցել որեւէ բան, որը չլինելու դեպքում Հայաստանի համար իրապես բացվում էր որեւէ հեռանկար: Այսինքն, Կասպիցի համաձայնությունը Հայաստանի հեռանկարի հաշվին չէ, եթե անգամ հասկանալիորեն դուրեկան չէ Հայաստանի համար: Այն ընդամենը ընդգծում է ֆոնը, որը հրամայական է դարձնում ինքնիշխանության անցման ներքին վերափոխումներին զուգահեռ առավել ստեղծագործ արտաքին քաղաքականության անցումը:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache