Հայաստանը կանխեց անակնկալը. պետք է կասեցնել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը

221

1in.am — Հայաստանը պետք է օգտվի վետոյի իր իրավունքից՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցությունը կասեցնելու համար։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է միջազգայնագետ Գևորգ Մելիքյանը։

«Հայաստանը պետք է հետամուտ լինի վետոյի կիրառմանը։ Վետոն շատ կարևոր գործիք է։ Բայց մինչև վետոյին հասնելը պետք է հասկանալ, թե որքանով է դա մանևր Ադրբեջանի կողմից, կամ Ռուսաստանի կողմից, այլ իրականություն, որը փաստացի ուզում են ներկայացնել որպես իրականություն։ Որքան հասկանում եմ, Ադրբեջանի անդամակցումը ՀԱՊԿ-ին, լուրջ հարցեր է առաջացնում հենց Ադրբեջանում։ Այնպես չէ, որ իրենք միանշանակ համաձայն են, սա ես համարում եմ որպես զոնդաժ, կամ տրամադրությունների ստուգում, կամ Ռուսաստան-Հայաստան հարաբերություններում նոր նյարդ մտցնելու տարբերակ, որովհետև, որքան ինձ հայտնի է, Ադրբեջանում կան որոշ շրջանակներ, որոնք խոսում են այդ մասին, սակայն դա չի քննարկվել որպես լուրջ օրակարգային հարց»,- նշել է Գևորգ Մելիքյանը։

Խոսելով Յուրի Խաչատուրովին փոխելու հնարավորության մասին՝ Մելիքյանն ասել է. «Գոյություն ունի կարգ, և պետք է հասկանալ, թե այդ կարգը որքանով է պահպանվելու նույն ՀԱՊԿ-ի կողմից, սա այդ կառույցի համար որոշակիորեն փորձություն է դառնալու։ Իհարկե, Հայաստանը պետք է բացատրի, որ սա քմահաճույքի հարց չէ, կա կարգ, ռոտացիայով Հայաստանին է պատկանում այդ պաշտոնը։ Եվ այդ հանգամանքը պետք է բոլոր անդամ-պետությունները հարգեն։ Եթե ոչ, պետք է պարզել, թե կանոնադրության որ կետով է կարգավորվում, եթե Խաչատուրովին փոխարինելը դառնա Հայաստանի նախագահության կրճատման պատճառ»,- ասել է միջազգայնագետը։

Դիտարկմանը, թե Ղազախստանի և ՌԴ նսխագահները մտահոգություն են հայտնում Խաչատուրովին փոխարինելու կապակցությամբ, իսկ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, թե ի սկզբանե դեմ է եղել Խաչատուրովի թեկնածությանը, Գևորգ Մելիքյանն ասել է. «Մտահոգվելու կարիք կա, որովհետև շատ անձնավորված է Լուկաշենկոյի հայտարարությունը, և պետք է հասկանալ, թե ինչին է դեմ եղել Լուկաշենկոն։ Բայց սա ավելի լավ առիթ է բարձրաձայնելու այդ կազմակերպությունում Հայաստանի անդամակցության արդյունավետության խնդիրը դնելու համար։ Այդ կազմակերպությունում ամեն ինչ չէ, որ պարզ է կամ պարզվել է։ Լավ առիթ է, որ Հայաստանն այդ կառույցում դնի իրեն հուզող խնդիրները»,- ասել է Մելիքյանը։

Քաղաքագետ, «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության» հասարակական կազմակերպության նախագահ Ստեփան Գրիգորյանն էլ կարծում է, թե Հայաստանի ԱԳՆ-ն շատ ճիշտ արեց, որ զգուշացրեց՝ եթե Ադրբեջանի անդամակցությունը ռեալություն դառնա, Հայաստանը, հիմնադիր անդամ է, կարող է արգելափակել ցանկացած այլ երկրի մուտքը ՀԱՊԿ։ «Շատ ճիշտ էր, որ Հայաստանը նախօրոք զգուշացրեց, որ վաղը անակնկալ չլինի։ Երկրորդը, իրոք մենք պետք է ուշադիր հետևենք զարգացումներին»,- ասել է Գրիգորյանը։ Միևնույն ժսմանակ նա չի կարծում, թե Ադրբեջանը կցանկանա անդամակցել ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի հետ անվտանգության նույն համակարգում լինել։ Հարցին, թե այդ դեպքում ինչու էր Ադրբեջանը նման հայտարարություն անում, Ստեփան Գրիգորյանը պատասխանել է. «Դա խաղ էր, մեսիջ Ռուսաստանին, ղարաբաղյան կարգավորման գործընթացում առավելություն հասնելու միջոց։ «Հաշվարկը նրա վրա էր, որ Ռուսաստանն անցնի իրենց կողմ։ Դա միամիտ, պարզունակ խաղ էր, որը հեշտ է հաշվարկել»,- նշել է քաղաքագետը։




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache