Լրահոս

Հայաստանը կանխել է պատերազմը. Նոր որոշման հեռանկարը

 

«Չկա պատերազմական գործողությունների այնպիսի զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել Ադրբեջանի համար օգուտով: Եվ ընդհակառակը, կա շատ մեծ ռիսկ, որ լայնամասշտաբ պատերազմի պարագայում Ադրբեջանը կարող է ստանալ անուղղելի վնաս իր տնտեսության և պետության համար: Ես չեմ նվազեցնում այն վտանգները, որը լայնամասշտաբ պատերազմը կարող է ունենալ Հայաստանի համար: Բացարձակ մեկը մյուսին չի բացառում: Բայց մտածված գնալ լայնամասշտաբ պատերամզի այս իրավիճակում` Ադրբեջանի կողմից չմտածված քայլ կլիներ: Բայց դա չի բացառում տարբեր սադրանքների, էսկալացիաների, թիրախային հարվածներ հասցնելու հնարավոր վտանգները», հունիսի 28-ի ասուլիսում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, պատասխանելով լայնամասշտաբ պատերազմի վտանգի մասին հարցին:
Սարգսյանն անշուշտ գեղեցիկ է շարադրում խնդիրը: Ադրբեջանը անկարող է լայնամասշտաբ պատերազմով լուծել խնդիր: Այստեղ գործոնները իհարկե մի քանիսն են: Բանն այն է, որ Ադրբեջանը խնդիր լուծելու համար ունի լայնամասշտաբ ռազմական գործողությունների շատ կարճ ժամանակ, որովհետեւ երկարելու դեպքում իրավիճակը բարդանում է՝ շահերը բազմազան են դառնում, խնդիրներ առաջանում են արդեն տարածաշրջանային լայն մասշտաբով: Ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն չունի կարճ հաջողության հնարավորություն: Ապրիլից հետո՝ առավել եւս: Այդ առումով իհարկե գերխնդիր է թույլ չտալ ապրիլից հետո վերականգնված ռազմա-քաղաքական հավասարակշռության խախտում եւ զուգահեռ փորձել վերականգնել տնտեսական եւ ռազմա-տեխնիկական հավասարակշռության դիսբալանսը, էապես կրճատել այն: Առավել եւս, որ Բաքուն ներկայում խնդիր ունի իր հիմնական խաղաքարտի՝ նավթագազային փողի հարցում:
Բայց իրավիճակից բխող պատեհ հնարավորությունն օգտագործելու համար պահանջվում է, որ Հայաստանի իշխանությունն էլ իր փողի խնդիրները լուծելու քսանամյա ռեժիմից անցում կատարի պետության փողի խնդիրը լուծելու իրական կառավարման: Մինչդեռ առայժմ նկատելի է, որ Հայաստանի բարձրագույն իշխանությունը ռազմա-քաղաքական խնդիրները փորձում է լուծել նվազագույն անհրաժեշտի ծավալով, իսկ առավելագույն ուշադրությունը կենտրոնանում է 2018-ի իշխանական խնդիրը լուծելու վրա:
Մինչդեռ, լայնամասշտաբ պատերազմի հարցում խնդիրը միայն Ադրբեջանի հնարավորությունը չէ: Վիգեն Սարգսյանն իրավացի է՝ Ալիեւը չի գնա մի բանի, որով չի կարող լուծել սկզբունքորեն որեւէ էական հարց, փոխարենը կստանա լրջագույն նոր խնդիրներ՝ հատկապես երբ ակնհայտ է, որ Ադրբեջանի «պատերազմական հարցումները» մերժում են բոլորը, անգամ մինչեւ 2016-ի ապրիլ դրանց գլխավոր հովանավոր Ռուսաստանը:
Բայց բանն այն է, որ լայնամասշտաբ պատերազմը միայն Ադրբեջանի «որոշելիքը» չէ: Ավելին, դա ընդհանրապես Ադրբեջանի «որոշելիքը» չէ՝ Ադրբեջանը մեղմ ասած չի պատկանում այդպիսի որոշում կայացնելու «իրավասու» միջազգային սուբյեկտների շարքին: Ըստ այդմ, լայնամասշտաբ պատերազմի մասին որոշում Ադրբեջանը չի կայացնելու, հետեւաբար որոշումը կախված չէ Ադրբեջանի այս կամ այն խնդիր լուծելու հնարավորությունից, այլ կախված է այն բանից, թե արդյոք պատերազմի որոշման «իրավասու» միջազգային որեւէ սուբյեկտ չի տեսնի, որ պատերազմով կարող է լուծել որեւէ խնդիր:
Այստեղ է հարցը. Ադրբեջանը չունի պատերազմով խնդիր լուծելու ճանապարհ, բայց բանը դա չէ, այլ այն, որ պատերազմը կարող է խնդրի լուծում դիտարկել որեւէ այլ՝ արդեն այդպիսի որոշման «իրավասու» սուբյեկտ կամ սուբյեկտներ: Իսկ Ադրբեջանը կարող է օգտվել, կամ իհարկե նաեւ տուժել դրանից:
Հայաստանի համար հնարավոր դիտարկումները պետք է արվեն հենց այդ ելակետով, եւ ըստ այդմ պետք է դիտարկվեն պատերազմի զսպման համար անհրաժեշտ գործողությունները: Իսկ Հայաստանն այդ հարցում ունի առանցքային նշանակություն, քանի որ Հայաստանն է (ներառյալ Արցախը) ի վերջո առաջին պատերազմի իր ռազմական արդյունքով վերջ դրել լայնամասշտաբ պատերազմին եւ քառորդ դար պահել խաղաղությունը:
Եվ հատկանշական է, որ այդ խաղաղությունը վտանգվեց ու պատերազմի սպառնալիքը մեծացավ այն բանից հետո, երբ Հայաստանը կատարեց արտաքին քաղաքական մի շարք քայլեր, որոնք կասկածի տակ դրեցին պետության ինքնիշխանությունը եւ ըստ այդմ տարածաշրջանի ռազմա-քաղաքական հավասարակշռությունը, ինչն էլ գումարվելով մինչ այդ ներքին անարդյունավետ կառավարման հետեւանքին, հանգեցրեց լրջագույն խնդիրների:
Ապրիլի պատերազմին վերահաս աղետի առաջ կանգնեց հայկական զինուժը, բայց հստակ է, որ միայն զինուժը չի կարող պահել իրավիճակը, եթե պետական քաղաքականությունը չի բերում դրա բեկումնային փոփոխության, եթե ապրիլին պահված ինքնիշխանությունը ծայրահեղ իրավիճակում դրսեւորված բացառիկ դրվագից չի վերածվեում պետական քաղաքական, դիվանագիտական, տնտեսական օրինաչափության եւ առօրյայի:
Եթե Հայաստանի իշխանությունը խորքային առումով լուծում է այդ խնդիրները, դրսեւորում է դրանց լուծման քաղաքական կամք եւ պարզապես մարդկային ազնվություն ու պարկեշտություն, ապա տարածաշրջանում պատերազմով որեւէ հարց լուծելու անհրաժեշտությունը եթե ոչ բացառվում, ապա էականորեն նվազում է արդեն խորքային, համակարգային տեսանկյունից՝ արդեն որոշում կայացնելու «իրավասուների» լայն մակարդակում, քանի որ երկու տասնամյակ առաջ նոր իրավիճակ ստեղծած Հայաստանի ամրապնդումը տարածաշրջանային անվտանգության նոր, ավելի արդիական համակարգի ամրապնդումն է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing