Լրահոս

Հայաստանը կարծես թե շահում է մարտը. Սարգսյանն ու Ալիեւը կփոխանակվեն

 

Մարտի 14-ին Փարիզում տեղի կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Հանդիպման պաշտոնական առիթը Ֆրանսիայի եւ Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերության 25-ամյակն է: Ֆրանսիայի նախագահը Ալիեւի հետ կքննարկի նաեւ Արցախի խնդիրը:Փարիզում Օլանդ-Ալիեւ հանդիպումը հատկանշական է նրանով, որ նույն օրը Ռուսաստանում սպասվում է Սերժ Սարգսյան-Պուտին հանդիպումը:Մինչ այդ, Սերժ Սարգսյանը Փարիզ կայցելի մարտի 8-9-ին, որտեղ նույնպես կհանդիպի Օլանդի հետ: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանն ու Ալիեւը կփոխանակվեն Ֆրանսիա այցերով:

Նախօրեին Ֆրանսիան ողջունել էր Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցության ավարտը, որ մայիսի 26-28-ը Բրյուսել կատարած այցի ընթացքում ազդարարեց Սերժ Սարգսյանը: Ֆրանսիայի արտաքին գործերի եւ միջազգային զարգացման նախարարության հայտարարությունը արձանագրում էր դրա կարեւորությունը, դրանով պայմանավորում Հայաստանի ու Ֆրանսիայի, ինչպես նաեւ Հայաստանի ու Եվրամիության հետագա հարաբերության արդյունավետ զարգացումը:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության այդ հայտարարության մեջ նաեւ հիշատակվում էր, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի անհրաժեշտության եւ կարեւորության մասին Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր դեռեւս 2014 թվականին, երբ այցելել էր Երեւան:

Այդպիսով, պաշտոնական Փարիզը թերեւս ընդգծում էր Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի գործընթացի եւ դրա ավարտի հարցում իր դերակատարումը:Բանն այն է, որ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո հայ-եվրոպական հարաբերությունը գործնականում ենթարկվեց շոկի, եւ տեւական ժամանակ առկա էր Հայաստանի հանդեպ խոր եւ համապարփակ անվստահություն՝ խորը եւ համապարփակ հարաբերության փոխարեն:Եվ ահա, Փարիզն ըստ ամենայնի ակնարկում է իր դերը այդ անվստահության հաղթահարման եւ Հայաստանի հետ նոր փաստաթղթի շուրջ գործընթաց սկսելու հարցում:

Այդ ֆոնին, երբ Սերժ Սարգսյանն ընդհանուր առմամբ դրական այց ունեցավ Բրյուսել, առավել ընդգծվում էր Եվրամիություն Իլհամ Ալիեւի բավական ամոթալի այցը, որ եղավ մի քանի շաբաթ առաջ: Այնտեղ Եվրահանձնաժողովի նախագահի մակարդակով Ալիեւը նույնիսկ ենթարկվեց ծաղրի ու հեգնանքի:Ակնհայտ է, որ ներկայիս փուլում Հայաստանն ու Ադրբեջանը Եվրոպայում ունեն տարբեր ընկալումներ, հատկապես այն բանից հետո, երբ եվրակառույցներում ծավալվեց նաեւ Ադրբեջանի խավիարային դիվանագիտության դրվագների բացահայտման գործընթաց:

Այս առումով, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի Ֆրանսիա կատարելիք հաջորդական այցերն ուշագրավ են, նկատի առնելով Ֆրանսիայի մոտեցումները Արցախի խնդրում:Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի հետապրիլյան հանդիպումներից հետո Ֆրանսիան հայտնեց երրորդ հանդիպումը կազմակերպելու պատրաստակամություն, որն այդպես էլ սակայն իրականություն չդարձավ:Թե ինչու, այդքան էլ պարզ չէ: Սակայն հատկանշական էր հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմիջապես հետո Երեւանում Ֆրանսիայի դեսպանի հայտարարությունը, թե չնայած Սանկտ-Պետերբուրգի ամփոփիչ հայտարարության մեջ չէր նշվում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի մասին, սակայն իրենց համար դա է մնում առաջնահերթ խնդիր:Այդ հանգամանքը ներկայում առավել կարեւոր է դառնում, նկատի ունենալով շփման գծում լարվածությունն ավելացնելու Ադրբեջանի քայլերը:Ինչ կփոխեն փարիզյան հանդիպումներն այս կապակցությամբ, եւ կկապակցվի արդյոք որեւէ կերպ Մոսկվայում Սերժ Սարգսյան-Պուտին հնարավոր հանդիպումը Փարիզում Օլանդ-Ալիեւ հանդիպման հետ:Հայկական կողմն ի պատասխան Ադրբեջանի լարվածության աճի տանող քայլերի տվել է բավական կոշտ թե ռազմական, թե քաղաքական պատասխան: Կողմերը դիվանագիտական ասպարեզում մղում են լուրջ դիրքային մարտեր: Եվրոպայում Հայաստանը կարծես թե շահում է մարտը:Հարցն այն է, թե ինչ վիճակում է լինելու ռուսական ուղղությամբ  ծավալվող իրադարձությունը: Սերժ Սարգսյանի այցից առաջ՝ մարտի 9-10-ին, երբ Սարգսյանը կլինի Փարիզում, Մոսկվա է այցելելու Էրդողանը, որն օրերս հանդիպել էր Ալիեւի հետ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing