Լրահոս

Հայաստանը «կիսվեց». Տեղի է ունենում անխուսափելին

 

Հայաստանի խորհրդարանում մեկնարկել է աշնանային նստաշրջանը, եւ ամենաակտուալ հարցը դարձել է Եվրասիական միությունից Հայաստանից դուրս գալու վերաբերյալ Ելք խմբակցության նախաձեռնությունը: Մյուս խմբակցությունները հիմնականում բացասական արձագանք են տվել՝ նախաձեռնությունը ժամանակավրեպ եւ անհիմն համարելով:
Ընդ որում, ՀՀԿ որոշ պատգամավորներ հղում են անում, որ հասարակությունում այդպիսի պատվեր չի հասունացել, եւ բնակչությունը հիմնականում կողմ է ԵՏՄ-ին անդամակցությանը:
Իրականում այդպե՞ս է, եւ պատգամավորներին որտեղի՞ց այդ տեղեկությունները:
Հայաստանի բնակչության 50.67%-ը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցությունը բացասաբար է ազդել երկրի վրա, իսկ 45.33%-ը վստահ է, որ ազդեցությունը դրական է եղել, վկայում են Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի անցկացրած հարցումների տվյալները:
56%-ը նշել է, որ Ռուսաստանը բացասական ազդեցություն է ունենում ղարաբաղյան կարգավորման վրա, իսկ 40%-ը ազդեցությունը դրական է գնահատում:
Հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, 15%-ը դրական պատասխան է տվել, 41%-ը կարծիք է հայտնել, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի անվտանգությունը: Հարցին, թե ՀԱՊԿ-ը Հայաստանին կօգնի՞, եթե Ադրբեջանը պատերազմ սանձազերծի, 31%-ը դրական է պատասխանել, 63.4%-ը՝ բացասական:
78%-ը բացասական է գնահատում ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց հրաժարվելը, 20.5%-ը՝ դրական: Հայաստանի քաղաքացիների 88.6%-ը Եվրամիության հետ հարաբերություններն ակտիվացումը դրական է գնահատում, 10%-ը բացասական: ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցությունը դրական է գնահատել 58%-ը, բացասական՝ 38%-ը:
Հայաստանում հարցումները, ցավոք, մեծ վստահություն չեն վայելում, սակայն անգամ անզեն աչքով կարելի է տեսնել, որ ապրիլյան պատերազմից հետո Հայաստանում փոխվել է վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ: Եթե նախկինում Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը Ռուսաստանին «բնական դաշնակից» էր համարում, որի ռազմաբազան պաշտպանում է Հայաստանը Թուրքիայից, ապա այժմ շատերը ռուսական բազային վերաբերում են որպես օկուպացիոն զորք: Գրեթե նույն վերաբերմունքն է ԵՏՄ ու ՀԱՊԿ հանդեպ, երբ շատերն այդ դաշինքներին անդամակցությունը գնահատում են որպես «Ռուսաստանին չբարկացնելու» տուրք:
Որքանո՞վ է Հայաստանում հասարակական կարծիքն արտացոլվում քաղաքականությունում: Ելք խմբակցությունը փաստացի ձեւակերպել է Հայաստանի բնակչության կեսի քաղաքական պատվերը (եթե դատենք հարցումից), որը դեմ է ԵՏՄ-ին: Մյուս խորհրդարանական խմբակցություններն արտացոլում են բնակչության մյուս կեսի տեսակետը, որոնք համարում են, որ ռուսական ակումբներին անդամակցությունն ավելի անվտանգ ու շահավետ է ինքնիշխանության համար:
Խորհրդարանի պատգամավորները, պատասխանելով ԵՏՄ-ին անդամակցության օգուտների մասին, չեն կարողանում հուսադրող թվեր նշել, սակայն ասում են, որ Հայաստանը ԵՏՄ-ին այլընտրանք չունի: ԵՏՄ-ին այլընտրանքը միշտ կար. Հայաստանը կարող էր չմտնել ԵՏՄ, ինչպես օրինակ Տաջիկստանն ու Ադրբեջանը, եւ պահպաներ անկախությունը:
Հավանաբար այդ մասին խոսելը դեռ վաղ է, սակայն կգա օրը, երբ հայ հանրությանը ԵՏՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե կառաջարկվի: Եվ Հայաստանում կգտնվեն ազգային քաղաքական ուժեր, որոնք ունակ կլինեն իրագործել հասարակության քաղաքական պատվերը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing