Լրահոս

Հայաստանը միայն այդպես կկասեցնի ռուս-ադրբեջանական գործարքը

 

Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման մասին հարցին հայտարարել է, որ դա հայ-ռուսական կնճռոտ հարցերից մեկն է, որտեղ Ռուսաստանի բերած փաստարկները համոզիչ չեն:
«Իրականում պաշտոնական և ոչ պաշտոնական շփումներով հայ-ռուսական օրակարգի ամենաբարդ և կնճռոտ հարցը մնում է ռուսական զենքի մատակարարումն Ադրբեջանին: Դա հիմնավորվում է որպես տնտեսական գործարք, ռազմաքաղաքական պոտենցիալը հսկելու գործոն և այլն, դրանք համոզիչ չեն», Աշոտյանին մեջբերում է tert.am-ը:
Անկասկած համարձակ հայտարարություն է, եւ ուշագրավ է, որ այն հնչում է նախօրեին Ազգային Ժողովում ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից հետո, որ ունեցել էր Արմեն Աշոտյանն ու որի ընթացքում դեսպանը հույս էր հայտնել, որ հանձնաժողովի նրա հմուտ ղեկավարությամբ կունենան արդյունավետ գործակցություն:
Այդուհանդերձ, Աշոտյանի հայտարարությունը համարձակ, բայց կիսատ է: Կիսատ է այն պատճառով, որ նա խոսում է հարցը հանրությունից հեռու պահելու մասին: «Իհարկե, հանրությունը պետք է տեղեկացված լինի, սակայն ակնկալել, որ այնտեղ լուծում կգտնվի, կամ նման խնդիրների քննարկումը վերածել ռեալիթի շոուի, ապա ես այդ տեսակետին չեմ», ասում է նա:
Քաղաքականության մեջ, օրակարգային կարեւորագույն հարցերում հանրությունը «ռեալիթի շոուի» մասնակից չէ, այլ հենց քաղաքականության կարեւորագույն ռեսուրս, որովհետեւ հանրային կարծիքը այդ հարցերում հանդիսանում է խնդիրների լուծման կարեւոր միջոց, խթան:
Առավել եւս Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հարցում:
Հիշարժան է մի դրվագ 2004-05 թվականներից, երբ Հայաստանում բավականին բուռն արձագանք առաջացրեց ՌԴ Պետդումայի նախագահ Գրիզլովի հայտարարությունը այն մասին, թե Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է:
Հայաստանում այն ժամանակ առավել եւս «վարժված» չէին այդօրինակ հայտարարությունների եւ պահվածքի, այն ժամանակ դեռ սկիզբն էր միայն:
Բայց, այդ իրադրության մեջ հետաքրքիր արձագանք տվեց իշխանությունը, Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակի շուրթերով, որը ի պատասխան ճեպազրույցի ընթացքում հարցի, թե արդյո՞ք իշխանությանը չի մտահոգում հասարակության մեջ առաջացած բուռն դժգոհությունը, նա հայտարարեց, թե իր կարծիքով առաջին հերթին Ռուսաստանին պետք է հետաքրքրի, թե ինչ է մտածում Հայաստանի հասարակությունն իր մասին:
Հայաստանի իշխանությունը՝ իր ներկայիս բնույթով, որակով, իր ոչ վաղ անցյալի բեռով, Ռուսաստանի վտանգավոր եւ անցանկալի քայլերի, եւ առավել եւս Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, պետական արժանապատվությանը սպառնացող միտումների դեմ կարող է ունենալ մեկ կենսունակ եւ արդյունավետ ռեսուրս՝ հասարակությունը, հանրային կարծիքը:
Ռուսաստանին Հայաստանի շահն ու արժանապատվությունը ոտնահարող գործողություններից կարող է հետ կանգնեցնել միայն դա, միայն այդ կարծիքը կարող է Հայաստանի իշխանությանը տալ Ռուսաստանի իշխանության հետ քիչ թե շատ համարձակ խոսելու հնարավորություն, որովհետեւ համարձակության այլ պաշար այդ իշխանությունը չունի ելնելով իր բնույթից ու որակներից, ելնելով իր ձեւավորման եւ կենսագործունեության մեխանիզմների այն տրամաբանությունից, որտեղ սահմանադրականությունն ունի առավելապես ցուցանակային բնույթ:
Հետեւաբար, Ադրբեջանին ռուսական մահաբեր սպառազինության վաճառքի, եւ ընդհանրապես Հայաստանի շահի եւ անվտանգության դեմ կատարվաող հակադաշնակցային որեւէ քայլի հակազդման համար անհրաժեշտ է դրա հնարավորինս հանրայնացում, հանրային ճնշող կարծիքի ձեւավորում:
Իսկ ընդհանրապես Հայաստանի հանդեպ Ռուսաստանի մեծապետական քաղաքականությունը միջպետականի տրանսֆորմացնելու համար անհրաժեշտ է հանրային մտածողության փոփոխություն, արժեհամակարգային եւ աշխարհայացքային փոփոխություն, որպեսզի այլեւս չլինի ամեն առանձին առիթով հանրային կարծիք ձեւավորելու եւ դրա շնորհիվ Հայաստանը պաշտպանելու կարիք: Որպեսզի հանրությունն արդեն մտածողության եւ պատկերացումների հիմքից ինքնին լինի այնպիսին, որ Հայաստանի հետ որեւէ գործ ունեցող կամ Հայաստանին վերաբերող որեւէ հարցի առնչվող որեւէ տերություն հենց սկզբից հաշվի նստի Հայաստանի հանրային մտածողության եւ արժեհամակարգի հետ:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing