Հայաստանը Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցում

0

ԱՄՆ նախագահ Դոնալադ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ, շնորհավորել նրան նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, նաեւ խոսել հնարավոր բարձր մակարդակի հանդիպման մասին, մի շարք խնդիրներ եւ սպառազինության մրցավազքի հարցը քննարկելու համար:

Տեղեկություն չկա, թե արդյոք ՌԴ նախագահը ԱՄՆ նախագահին շնորհակալություն հայտնել է իր ընտրության խնդրին ցուցաբերած աջակցության համար: Ընդ որում, բանն այն մոտեցումը չէ, թե Ռուսաստանի հանդեպ Արեւմուտքի կոշտ քաղաքականությունը բերել է Ռուսաստանի հանրության շրջանում այսպես ասած ռազմա-հայրենասիրական եւ մեծապետական զգացումների սրման, ինչն էլ դարձել է Պուտինի ռեկորդային ցուցանիշի պատճառ:Խնդիրը Պուտինի համար ամենեւին չի եղել ռուսական հասարակությունը:

Պուտինի համար բուն խնդիրը Ռուսաստանի տնտեսա-քաղաքական իսթեբլիշմենտն էր, իր մերձավոր եւ մոտակա շրջապատը, այդ շրջապատի վարքագիծը, որովհետեւ եթե հանրության շրջանում քաղաքական իրավիճակը բերում է Պուտին «ցարի» շուրջ համախմբվելու արձագանքի, ապա միլիարդատերերից եւ միլիոնատերերից ձեւավորվող տնտեսա-քաղաքական շրջապատում տրամադրություններն ու արձագանքները լրիվ հակառակ են, որովհետեւ նրանց կորուստներն անհամեմատ ավելի մեծ են, քան շարքային «մուժիկինը», առավել եւս, որ «մուժիկը» դարերով է վարժեցվել հանուն պետության կորուստների, իսկ ահա իսթեբլիշմենտը՝ այն էլ նորռուսական, լուրջ հարց է:Ահա դա էր խնդիրը Պուտինի համար՝ ինչպես կպահի իրեն իսթեբլիշմենտը, որը կարող էր պատրաստ լինել արեւմտյան որոշակի շրջանակների հետ Պուտինին «հանձնելու» շուրջ գալ պայմանավորվածության: Միեւնույն ժամանակ, ներսում բավական լուրջ պայմաններ թելադրեր Պուտինին՝ «չհանձնելու» համար: Ըստ այդմ, այդ վիճակում հայտնված ՌԴ նախագահին վերընտրությունից առաջ անհրաժեշտ էր բավական ազդեցիկ մի գործոն, որը կշրջեր իրավիճակն ու հենց իրեն կդներ իսթեբլիշմենտին վարքագիծ թելադրողի դերում:

Այստեղ է ահա, որ օգնության հասավ Վաշինգտոնը, ընտրությունից մի քանի ամիս առաջ հրապարակելով Կրեմլի հայտնի ցուցակը, պատժամիջոցների ենթակա մոտ 200 անուն ազգանունով: Այդ առարկայական թիրախավորումը անկասկած փոխեց խաղը եւ Պուտին-իսթեբլիշմենտ հարաբերության վեկտորը: Ընդ որում, հետաքրքիր է, որ այդ ցուցակի հրապարակումը հաջորդեց ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարների ԱՄՆ կատարած այցին:Այլ կերպ ասած, ԱՄՆ «անկյուն քշեց» ռուսական իսթեբլիշմենտին՝ Պուտինի ընտրությունից առաջ, չթողնելով խաղի տեղ եւ այդպիսով Պուտինին հնարավորություն տալով բռան մեջ հավաքել նրանց եւ ընտրական գործընթացում առավելագույնս կառավարելի դարձնել մերձավոր շրջապատի վարքագիծը:Այստեղ անշուշտ խնդիրը «լավությունը» չէ, եւ ամենեւին այն չէ, որ ամերիկա-ռուսական դիմակայությունը թատրոն է: Բանն այն է, որ ամեն ինչ պայմանավորում են շահերը:

Դրանք թելադրում են Ռուսաստանի թուլացում, բայց միեւնույն ժամանակ նաեւ վտանգավոր են դարձնում Ռուսաստանում իրավիճակի անկանխատեսելիությունը, քանի որ բացի ինքնին այն խնդիրներից, որ կարող են առաջանալ բուն Ռուսաստանի տարածքում, առկա է նաեւ Ռուսաստանի ազդեցության գոտիներում Մոսկվայի ֆունկցիոնալության հարցը:Նահանգներն անշուշտ պատրաստ չէ արագորեն լրացնել այդ բացը, իսկ որոշ դեպքերում գուցե նույնիսկ ամենեւին էլ չունի այդպիսի ցանկություն, եւ խնդիրը ոչ թե Ռուսաստանին փոխարինելը, այլ Ռուսաստանին խաղի կանոնների սեփական դաշտ բերելն է:Այդ տեսանկյունից, Կովկասը հենց այդ ռեգիոնն է, որտեղ Նահանգները չունեն Ռուսաստանին դուրս մղելու խնդիր, այլ՝ խաղի այլ կանոնների դաշտ բերելու: Թերեւս հենց այստեղ է Կովկասում ամերիկա-ռուսական մրցակցության առանցքը:Նաեւ այդ տեսանկյունից է, որ ներկայում ռեգիոնում առանձնահատուկ դերակատարում է ստանձնել Հայաստանը, որը կովկասյան պետություններից միակն է, որի մոտ ամենափոքրն է ԱՄՆ եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների աստիճանների միջակայքային տարբերությունը, հետեւաբար համադրելիության հնարավորությունը:

Որքանով են Վաշինգտոնն ու Մոսկվան պատրաստ օգտվել այդ հնարավորությունից: Առայժմ համեմատության մեջ առավելագույն պատրաստակամություն դրսեւորվում է ռազմա-քաղաքական առումով, արցախյան խնդրի համատեքստում, որտեղ չնայած շահերի բախումից, տարբեր վեկտորներից ու նշանակալիորեն տարբերվող վարքագծից, ռազմավարական առումով ամերիկա-ռուսական երկխոսությունն ու համադրությունն առկա է եւ հատկապես նկատելի առաջընթաց է արձանագրել ապրիլյան քառօրյայից հետո:Երկու տարի առաջ ապրիլյան քառօրյա պատերազմը Մոսկվայի համար ակնհայտ դարձրեց, որ Ռուսաստանը Կովկասում կարող է մնալ կամ Միացյալ Նահանգների ռազմա-քաղաքական աջակցությամբ, կամ չունի երկարաժամկետ ռեգիոնալ հեռանկար եւ կուլ է գնալու թուրքական գործոնին, առավել եւս, եթե այդ գործոնն ունենա Նահանգների աջակցությունը, ինչը անխուսափելիորեն տեղի կունենա Մոսկվայի միարժեք մերժման դեպքում:Հնարավո՞ր է, կամ կարո՞ղ է Հայաստանը համադրել ամերիկա-ռուսական հարաբերությունը այլ ուղղություններով, տնտեսական, տեխնոլոգիական, հասարակական-քաղաքական: Այստեղ է խնդիրը, եւ գուցե տարօրինակ թվա, բայց այստեղ է նաեւ բարդությունը, թեեւ թվում է, որ առավել բարդ պետք է լիներ համադրումը ռազմա-քաղաքական իմաստով:

Մյուս կողմից, ուշագրավ է Երեւանի նախաձեռնությունը՝ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի տեսքով, որն առիթ ունեցել եմ դիտարկել որպես Հայաստան-ԵՄ համաձայնագրի յուրօրինակ ռազմա-քաղաքական տրանսֆորմացիա, որը չէր կարող գոյություն ունենալ առանց Ռուսաստանի հետ համաձայնեցման: Յոթնամյա այդ ծրագիրը Երեւանը թերեւս դիտարկում է ռազմա-քաղաքական հարթության վրա ամերիկա-ռուսական շահերի համադրման տրանսֆորմացիոն խողովակ, որով «համադրումը» փորձ կարվի տեղափոխել այլ ոլորտներ, որ ուղղակի թե անուղղակի բխում են արդիականացման յոթնամյա ծրագրից, պետականության բոլոր ուղղություններով:Իհարկե, համադրումն ինքնին սկզբունքորեն միջանկյալ խնդիր է, բայց Հայաստանը ներկայում չունի այդ մակարդակում այլ խնդիրներ առարկայացնելու հնարավորություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache