Լրահոս

Հայաստանը Ռուսաստանին տալիս է նահանջի արժանապատիվ հնարավորություն

 

icon

hartak.am-ը գրում է . Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ավստրիական թերթին տված հարցազրույցում հանդես է եկել ուշագրավ առաջարկով: Նա հայտարարել է, որ Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում կայունության կարեւոր գրավական կլիներ, եթե ՄԱԿ անվտանգության խորհուրդը արգելանք սահմաներ հակամարտության բոլոր կողմերին զենքի վաճառքի վրա:

 

Հայկական եւ ադրբեջանական կողմերին զենքի վաճառքի արգելանքը անկասկած կբերի միլիտարիզացված իրավիճակի լիցքաթափման, զսպելով Ադրբեջանին: Ակնհայտ է, որ ներկայիս հարաբերակցության պայմաններում Ադրբեջանը, չնայած քանակական առավելությանը, պարզապես տապալվել է: Միաժամանակ հստակ է, որ Ալիեւը փորձելու է ժամանակն օգտագործել սպառազինության ծավալների տարբերությունն էլ ավելի մեծացնելու եւ ինչ որ ժամանակ անց կրկին ռազմական գրոհով ինչ որ հարց լուծելու փորձ ձեռնարկելու համար:

 

Այստեղ կարեւոր նշանակություն կարող է ունենալ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի հաստատումը, սակայն անկասկած է, որ դա նախադրյալ է, սակայն ոչ հիմնարար զսպող գործոն: Հիմնարար գործոն կարող է լինել հենց հակամարտության կողմերի հանդեպ համատարած էմբարգոն, երբ Ադրբեջանն այլեւս չի կարող մեծացնել իր սպառազինության ծավալը:

 

Արդյոք Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունը Երեւանի պաշտոնական դիրքորոշում է, առաջարկ կամ գաղափար: Արդյոք Երեւանը պատրաստվում է այն առաջ քաշել, թե՞ հուշում է միջազգային հանրությունից որեւէ մեկին՝ առաջ քաշելու համար:

 

Այդ գաղափարն ունի նաեւ մեկ այլ հետաքրքիր նրբերանգ: Ադրբեջանի սպառազինության թիվ մեկ մատակարարը հանդիսանում է Ռուսաստանը, որը հայտարարում է այդ կարգավիճակը պահելու եւ մատակարարումը շարունակելու վճռականության մասին: Միաժամանակ, Ռուսաստանը անհամեմատ պակսա թե դինամիկայով, թե ծավալով, թե նաեւ պատասխանատվությամբ է իրականացնում Հայաստանի մատակարարումը: Երեւանը ստիպված եղավ դա խոստովանել նույնիսկ պաշտոնապես:

 

Էմբարգոյի գաղափարը փաստացի այդ իրողության եւս մի խոստովանություն է: Բանն այն է, որ Ռուսաստանը մի կողմից խախտում է հավասարակշռությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, մյուս կողմից քաղաքական առումով թույլ չի տալիս Հայաստանին մտածել այդ խախտված հավասարակշռությունը մատակարար այլ գործընկերների շնորհիվ լրացնելու, վերականգնելու մասին, պարտադրելով մնալ լոկ ռուսական սպառազինության հույսին:

 

Այդ իրավիճակում, Երեւանը մի շարք հայտնի պատճառներով չկարողանալով ընդդիմանալ Մոսկվային, ըստ երեւույթին ելք է տեսնում ընդհանրապես հակամարտության կողմերին սպառազինության որեւէ աղբյուր թույլ չտալու մեջ:

 

Արդյոք այդ գաղափարը դուր կգա Ռուսաստանին: Միեւնույն ժամանակ, որքան էլ տարօրինակ հնչի, այդ գաղափարը կարող է ելք լինել նաեւ Ռուսաստանի համար՝ Ադրբեջանի հետ ռազմա-տեխնիկական գործակցությունը դադարեցնելու համար: Բանն այն է, որ քառօրյա պատերազմից հետո Մոսկվան հայտնվել է բավական ծանր վիճակում: Ադրբեջանը մատնվել է անհաջողության: «Տարածք խաղաղապահների դիմաց» ռուս-ադրբեջանական ծրագիրը չի ստացվել՝ հայկական զինուժը դիմադրել է: Բաքուն կանգնել է փակուղու առաջ, չունի թե առաջ, թե հետ գնալու հնարավորություն: Այդ հարցում Բաքվի հույսը Ռուսաստանն է: Բայց Ռուսաստանն ինքը հայտնվել է նույն վիճակում՝ Մոսկվան գտնվում է երկկողմանի «բարոյա-քաղաքական» ճնշման տակ, թե Ադրբեջանից, թե Հայաստանից: Երեւանն ու Բաքուն այդ ճնշումն իրականացնում են առանց կտրուկ եւ կոշտ քայլերի, ինչն էլ ավելի է բարդացնում Մոսկվայի վիճակը:

 

Ադրբեջանը Ռուսաստանից սպառազինության մեծ ծավալների գնումը կշարունակի մի պայմանով՝ եթե դրա հետ մեկտեղ շարունակի տրամադրվել ինչ որ պահի զենքը Արցախում կիրառելու իրավունք: Քառօրյա պատերազմից հետո այդ իրավունքը տրամադրելը Մոսկվայի համար գործնականում դարձել է անհնար, մի շարք հանգամանքներից ելնելով: Այդ պատճառով Ռուսաստանը գնում է հակառակ ճանապարհով՝ Հայաստանին է «զրկում» ռուսական զենքն Արցախում կիրառելու իրավունքից: Ներկայում դա առավելագույն ծառայությունն է, որ Մոսկվան ի զորու է մատուցել Բաքվին:

 

Այդ իրավիճակում մեծ է հավանականությունը, որ առաջիկայում Մոսկվայի համար կարող է առաջանալ Բաքվի հետ ռազմա-տեխնիկական գործակցությունից «արժանապատիվ» նահանջի անհրաժեշտություն: Մոսկվայի համար մի կողմից ցանկալի չէ հայտնվել Բաքվից հրապարակավ մերժվածի կարգավիճակում, մյուս կողմից ցանկալի չէ մերժել Բաքվին:

 

ՄԱԿ ԱԽ էմբարգոն այդ իրավիճակում կարող է լինել ցանկալի լուծում, երբ պատասխանատվությունը կմնա ՄԱԿ-ի վրա: Առավել եւս, որ քառօրյա պատերազմից հետո Մոսկվան կարծես թե անում է հնարավորը հրապարակային պատասխանատվությունից խուսափելու համար: Օրինակ, մինչ այդ պատերազմը Կովկասի գարանտի բացահայտ հավակնություններ ներկայացնող Մոսկվան հանկարծ որոշեց հրադադարի պահպանման համար պատասխանատվությունը դնել ԵԱՀԿ նախագահողի վրա:

 

Այդ իմաստով, իրադարձությունների որոշակի զարգացման պարագայում երկու կողմերին զենքի մատակարարման էմբարգոյի սահմանումը կարող է ձեռնտու լինել նաեւ Ռուսաստանին:

 

Առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու առաջարկով, որի օրակարգում նշել են զինադադարի ռեժիմի պահպանման ամրապնդումը և վստահություն ձեռք բերելու ուղիներ փնտրելը: Եթե համանախագահները կոնկրետացրել են առաջարկը, կնշանակի, որ այն փաստացի իրականություն է: Ավելին, ռուսական լրատվամիջոցները տարածել են, որ Վիեննայում այդ հանդիպմանը կարող են մասնակցել ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները:

 

Դա հիմք է տալիս ենթադրելու, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը կարող են ձեռք բերվել հրադադարի պահպանման վերաբերյալ որոշակի համաձայնություններ, որոնք Ադրբեջանը մերժում էր մինչ պատերազմը, բայց հարկադրված էր պատերազմի անհաջողությունից հետո առնվազն գնալ դրանց քննարկման:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing