Հայաստանը ստացավ պատժելու իրավունք

108

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները հայտարարություն են տարածել Նյու Յորքում ՄԱկ ԳԱ շրջանակում տեղի ունեցած Մնացականյան-Մամեդյարով հանդիպման, նաեւ երկու արտգործնախարարների հետ իրենց առանձին հանդիպումների առիթով: Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը պարունակում է հետաքրքիր ձեւակերպումներ:

«Համանախագահները և նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և խնդրել պարզաբանում մտցնել մտահոգություն առաջացնող վերջին միջադեպերի և հայտարարությունների վերաբերյալ», ասված է նրանց հայտարարության մեջ: Պարզ չէ, թե հատկապես ումի՞ց են պարզաբանում խնդրել համանախագահները՝ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի նախարարից:

Չի բացառվում իհարկե, որ միջադեպերի առումով բացատրություն են խնդրել Ադրբեջանից, իսկ հայտարարությունների առումով՝ Հայաստանից: Խոսքն ըստ երեւույթին վերաբերում է ադրբեջանցի զինծառայողների խոցելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը, երբ վարչապետը նշեց, որ հայկական զինուժը ստիպված էր անել դա, որպեսզի կանգնեցնի հայկական սահմանամերձ շրջանների գնդակոծությունը:

«Համանախագահները խոր ափսոսանք են հայտնել շարունակվող և անտեղի մահվան դեպքերի առնչությամբ: Նրանք զգուշացրել են նախարարներին իրավիճակի սրման վտանգների մասին, կողմերին կոչ են արել կառուցողականորեն մասնակցել դրական միջավայրի հաստատմանը և խուսափել սադրիչ հռետորաբանությունից: Համանախագահներն ընդգծել են, որ համապարփակ կարգավորումը զիջումներ է պահանջում բոլոր կողմերից», ասված է հայտարարության մեջ: Ըստ դրա, նախարարները պայմանավորվել են մինչեւ տարեվերջ հանդիպել եւս մեկ անգամ եւ միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացը ակտիվացնելու համար եւ անել լարվածությունը նվազեցնելու հավելյալ քայլեր:

Հայաստանի նախկին իշխանության որոշ շրջանակներում Մինսկի խմբի հայտարարությունն առաջացրել է նկատելի ոգեւորություն, որը փորձ է արվում թաքցնել մտահոգության տոնի ներքո: Ոգեւորություն այն կապակցությամբ, որ առաջացել է Հայաստանի նոր իշխանությանն Արցախի հարցում անհաշվենկատ եւ անզգույշ, անփորձ քայլեր կատարելու համար ընդդիմախոսելու առիթ:

Տարիներ շարունակ Հայաստանի նախկին իշխանությունը պարբերաբար դիմում էր Մինսկի խմբի համանախագահներին, թե չպետք է հավասարության նշան դնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, որովհետեւ Ադրբեջանն ագրեսիվ է, խախտում է հրադադարն ու զբաղվում սահմանային մարդասպանությամբ, անգամ ահաբեկչական պետություն է: Այդ բնորոշումն արվում էր ընդհուպ փոխարտգործնախարարի մակարդակով:

Բայց, Մինսկի խմբի համանախագահները, բացառությամբ մեկ-երկու շատ թե քիչ հասցեական հայտարարության, այն էլ հավասարությունը գոնե նվազագույն չափով պահելու ակնհայտ ձգտումով, մնացյալ բոլոր դեպքերում անտեսում էին հայկական կողմի հայցերը եւ շարունակում էին անել հավասարության նշան պարունակող, իրավիճակի լարման դեպքում պատասխանատվությունը հավասարապես հայկական եւ ադրբեջանական կողմերի վրա դնող հայտարարությունների շարքը:

Մինսկի խմբի այդ պահվածքը զուտ առերեւույթ անարդարացի պահվածք էր, սակայն իրական քաղաքականության ռեժիմում ամեն ինչ հասկանալի էր: Մինսկի խումբը զբաղված է աշխարհքաղաքականությամբ, դա առանձնահատուկ եւ բացառիկ ֆորմատ է, հատկապես այժմ, որտեղ համատեղ աշխատում են պետություններ, որոնք արդեն մի քանի տարի գտնվում են սուր դիմակայության եւ իրարամերժ դիրքերում:

Այդ հանգամանքը առավել կարեւոր է դարձնում Մինսկի խմբի գոյությունը նրանց համար, քանի որ աշխարհքաղաքականությունը չի կարող կառուցվել միայն դիմակայության վրա եւ անհրաժեշտ են այլ ֆորմատներ: Գործնականում, Մինսկի խումբը հատկապես այժմ հենց այդ ֆորմատն է, եթե ոչ միակը, ապա շատ քչերից մեկը: Մինսկի խումբը ժյուրի կամ մրցավար չէ, որպեսզի որոշի, թե ով է խախտել կանոնը եւ պատժի նրան: Մինսկի խմբի անդամները լուծում են իրենց հարցերը, եւ եթե հակամարտության որեւէ կողմ կարծում է, թե Մինսկի խումբը լուծելու է իր հարցը, ապա դա խոր մոլորություն է, որը կարող է հանգեցնել բարդ հետեւանքի:

Դրա ցավալի արտահայտությունը ապրիլյան քառօրյա պատերազմն էր, երբ հայկական կողմը սպասում էր, որ Մինսկի խումբը ինչ որ հավասարումներ կամ անհավասարումներ է լուծելու, իսկ Ադրբեջանը ինքն էր փորձում լուծել իր խնդիրներն ու պատրաստվում պատերազմի:

Միայն ապրիլյան քառօրյա պատերազմի բռնկումից հետո հայկական կողմը սկսեց զբաղվել իր խնդիրները լուծելով, թե Մինսկի խմբին, թե աշխարհքաղաքական այլ կենտրոնների դնելով փաստի առաջ: Եվ դա արեց ոչ թե քաղաքական իշխանությունը, այլ զինված ուժերն ու հանրությունը, փրկելով այդ իշխանության դեմքը: Զինուժի ու հանրության դաշինքը ցույց տվեց, որ Հայաստանում չկա հարց լուծելու պատրաստ քաղաքական իշխանություն, բայց կա հարց լուծելու պատրաստ զինուժ եւ հանրություն:

Դա տեսան ու արձանագրեցին ռեգիոնալ իրավիճակում ներգրավված բոլոր ուժային կենտրոնները:

Ներկայումս Հայաստանում կա նաեւ հարց լուծելու պատրաստ քաղաքական իշխանություն եւ կա ոչ միայն զինուժ-հասարակություն, այլ նաեւ քաղաքական իշխանություն-հասարակություն դաշինք, կամ դաշինքը Հայաստանում այլեւս եռակողմ է՝ քաղաքական իշխանություն-զինուժ-հասարակություն, որը ձեւավորվել է աներեւակայելի մեթոդաբանության եւ իրադարձությունների արդյունքում:

Այդ եռանկյունին այլեւս պատրաստվում է առաջնորդվել հարցերի, ոչ թե «արդարության» հայցերի ճանապարհով: Համանախագահներն իրենց ամպլուայի մեջ են, նրանք դրանից դուրս չեն գալու, որովհետեւ այդտեղ են նրանց հարցերը: Ավելին, կողմը, որն ի վիճակի չէ լուծել իր հարցերը, նրանց համար դառնում է ոչ թե բարեկիրթ եւ խաղաղասեր, այլ պարզապես անօգնական բեռ:

Ըստ այդմ, խնդիրն այն է, թե Հայաստանն ինչպես է լուծելու իր հարցերը: Եվ այդ առումով Հայաստանը համենայն դեպս առայժմ ցույց է տալիս, որ իր հարցերը ինքն է լուծելու, եւ եթե Բաքուն ցուցաբերում է հանդգնություն, ապա ոչ թե դիմելու է համանախագահներին՝ որ պատժեն կամ նկատողություն անեն, այլ ինքն է պատժելու:

Համանախագահները դա են ուզում, որովհետեւ նրանք երբեք չեն կարող պատժել Ադրբեջանին, եւ ոչ էլ կարող են Հայաստանին պատժել: Նրանք լեգիտիմացնելու են այն կողմին, որն ամենից արդյունավետ հենց ինքը կլուծի իր հարցերը: Այդպես նրանք լեգիտիմացրել են հայկական հաղթանակը առաջին պատերազմում, այդպես նրանք լեգիտիմացրին Ադրբեջանի գրոհը ապրիլյան քառօրյային, բայց չորս օր անց էլ ճանաչեցին հայկական հակագրոհն ու Ադրբեջանին արգելեցին պատերազմել: Այստեղ է խնդիրը, իրական քաղաքականությունը, ոչ թե համանախագահների հայտարարություններում: Այդ իրական ռեժիմում է, որ հնարավոր է լինելու պահել թեկուզ հարաբերական խաղաղությունն ու կայունությունը, զսպելով խոշոր ռազմական գործողությունների վտանգի առարկայացումը: Դա լավագույն ռեժիմը չէ, բայց առաջիկա տարիների հեռանկարում դժբախտաբար չկա այդ խնդիրը լուծելու ավելի կենսունակ ու հարմարավետ տարբերակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache