Հայաստանը խեղդեց պատերազմը. Թուրքիայի դաժան ընտրությունը

0

Հռոմի Պապը տվել է Էրդողանի դատավճիռը

Վատիկանում ընդունելով Թուրքիայի նախագահ Էրդողանին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը նրան իբրեւ հուշանվեր է հանձնել մի մեդալյոն, որում հրեշտակ է եւ հրեշ: Պապը ասել է, որ խաղաղության հրեշտակը խեղդում է պատերազմի հրեշին: Ֆրանցիսկոս Առաջինը Վատիկանին բնորոշ խորհրդանիշների լեզվով կարդացել է Թուրքիայի նախագահի դատավճիռը, իհարկե մյուս կողմից թողնելով ընտրության հնարավորություն, դրանից խուսափելու համար:

Դրա համար Թուրքիան պետք է նպաստի խաղաղությանը, ոչ թե պատերազմին:Թվում է չափազանց պարզունակ, մյուս կողմից էլ ներկայում խիստ հարաբերական է դարձել թե խաղաղությունը, թե պատերազմը եւ շատ դժվար է ասել, թե որ դեպքում ինչին է նպաստելու Էրդողանը:Վատիկան մեկնելուց առաջ նա ասել էր, թե Պապի հետ քննարկելու է Մերձավոր Արեւելքի ու Երուսաղեմի խնդիրները: 6 տասնամյակ Թուրքիայի առաջնորդ չէր եղել Վատիկանում, ինչը նշանակում է, որ առաջացել էին այդ տեւական եւ պատմական դադարը խախտելու ծանրակշիռ պատճառներ:

Ընդ որում, եթե Վատիկան է մեկնել Էրդողանը, որը մեծ հաշվով փորձում է ներկայում կայսր խաղալ, դա նշանակում է, որ պատճառներն ավելի շատ հենց նրա մոտ են: Անգամ եթե Թուրքիայի նախագահը մեկնել է Վատիկան վերջնագիր ներկայացնելու, ոչ թե արեւմտյան քաղաքակրթության հետ հաշտության եզրեր գտնելու, միեւնույն է դա հուշում է նրա որոշակի անելանելի վիճակի մասին:Բանն այն է, որ Թուրքիան հայտնվել է պատմա-քաղաքական դերի կորստի առաջ, որքան էլ ներկայում իրեն ի զորու է համարում լուծել ռազմական եւ ռազմա-քաղաքական խնդիրներ Մերձավոր Արեւելքում:

Էրդողանը լավ է պատկերացնում, որ ի վերջո հնարավոր չէ նվաճել աշխարհը ու երբեւէ ինչ որ կետում պետք է կանգ առնել: Հիմնարար խնդիրը սակայն Թուրքիայի տեղն ու դերն է աշխարհում, եւ Հռոմի Պապը Էրդողանին գործնականում ցույց է տվել հենց այդ խնդիրը:ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիան անխուսափելիորեն հայտնվելու էր դրա առաջ, մյուս կողմից սակայն Անկարան հայտնվեց նաեւ անելանելի վիճակում՝ Արցախի խնդրի հետեւանքով:

Բանն այն է, որ հետխորհրդային աշխարհում Թուրքիայի տեղի ու դերի վերանայումը զգալիորեն կախված էր լինելու Կովկասում ստատուս-քվոյի վերանայումից եւ Հայաստանի հետ հարաբերությունից: Արցախի խնդիրը թույլ չտվեց, որպեսզի Անկարան ունենա Հայաստանի հետ հարաբերության ընտրություն: Անկախ Անկարայի պահվածքի հայկական դիտանկյունից մեր գնահատականից, աներկբա է, որ զուտ ռացիոնալ, պրագմատիկ տեսանկյունից չափազանց դժվար է պատկերացնել, որ Անկարան Արցախի խնդրում, այն էլ պատերազմի օրերին չորդեգրեր Ադրբեջանի աջակցության դիրքորոշում:

Գործնականում, էապես թուլացած Ռուսաստանը նաեւ այդ միջոցով կարողացավ Անկարային պահել ռուս-թուրքական պայմանագրերով ձեւավորված ռեգիոնալ ստատուս-քվոյի շրջանակում, գրեթե արգելափակելով հետխորհրդային աշխարհակարգում տեղ ու դեր ունենալու Թուրքիայի հեռանկարը: Բանն այն է, որ այդ հեռանկարը ուղիղ կախվածության մեջ է հայ-թուրքական հարաբերության կարգավորման հեռանկարից, ոչ թե Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ռազմա-քաղաքական հաջողություններից:Դրանք այդ տեսանկյունից ունեն խիստ սահմանափակ ներուժ, եւ Թուրքիան մշտապես լինելու է էպիզոդիկ դերում՝ պատմական կտրվածքով, ի տարբերություն հայ-թուրքական հարաբերության կարգավորման, որը գործնականում ի զորու է քանդել աշխարհքաղաքական մի «գորդյան» հանգույց եւ չի պարփակված միայն ողբերգական պատմական խնդիր ունեցող երկու հարեւանների հարաբերության շրջանակում:

Հայ-թուրքական հարաբերությունը փոս է քաղաքակրթական մի հսկա խաչմերուկում, որը թույլ չի տալիս լցնել Ադրբեջանը:Բուն խնդիրը ներկայում այն է, թե արդյոք Թուրքիան այդ հարցում ի զորու կլինի դուրս գալ Ադրբեջանի ենթակայությունից, ազատվել ադրբեջանական ճնշումից եւ առանց նախապայմանի հարաբերության գնալ Հայաստանի հետ:Այստեղ է գլոբալ խաղաղության ու պատերազմի դերակատարումը, քանի որ պատերազմի ու խաղաղության խնդիրն անմիջական ռազմական գործողություններով չէ, որ արտացոլվում է, այլ պատմա-քաղաքական դերակատարումով եւ աշխարհքաղաքական ինքնության ձեւավորումով:Ֆրանցիսկոս Առաջինն Էրդողանի համար ձեւակերպել է խնդիրը, ակնարկով, որ այն չունի պատերազմական լուծում, եւ Թուրքիայի նախագահի համար հարցն այն է, թե որ դերն է նախընտրում՝ պատերազմը խեղդողի՞, թե խեղդվողի:

Բանն այն է, որ պատերազմը խեղդողի դերը Թուրքիան կարող է խաղալ միայն Հայաստանի հետ՝ առանց նախապայմանի: Հայաստանն իր մասով պատերազմն արդեն իսկ խեղդում է՝ քառորդ դար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache