Լրահոս

Հայաստանը ժամանակ ունի մինչեւ աշուն

 

ԱՄՆ-ն Հայաստանին կոչ է անում ինքնուրույն պաշտպանական քաղաքականություն վարել
Այսօր Հայաստանի ԱԻՆ եւ ԱՄՆ ու Մեծ Բրիտանիայի զինովորականների մասնակցությամբ անց են կացվել վարժանքներ, որից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզն ասել է, որ Հայաստանի ու ԱՄՆ պաշտպանական համագործակցությունը զարգանում է վերջին տարիների ընթացքում: Սակայն, կարեւոր է, որ Հայաստանն ինքնուրույն որոշումներ կայացնի պաշտպանական ոլորտում, ասել է դեսպանը:
Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն որոշումներ կայացնել պաշտպանական ոլորտում, եթե ՀԱՊԿ ռազմական դաշինքում է, հոգում է Ռուսաստանի ռազմաբազայի ծախսերը, Ռուսաստանի հետ անվտանգության պայմանագիր, համատեղ ՀՕՊ համաձայնագիր եւ բազմաթիվ այլ փաստաթղթեր ունի: 2011 թվականին ՀԱՊԿ կանոնակարգում կետ է մտցվել, որի համաձայն՝ անդամ երկրները չեն կարող իրենց տարածքներում երրորդ երկրների ռազմական ենթակառուցվածքներ տեղակայել առանց ՀԱՊԿ համաձայնության:
Երեկ Պուտինը վավերացրել է համատեղ հայ-ռուսական խմբավորում ստեղծելու մասին պայմանագիրը: Նույն օրը նա համաձայնագիր է ստորագրել Սիրիայի Խմեյմիմ ավիաբազան 49 տարով վարձակալելու մասին, եւ փորձագետների խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի հետ միացյալ խմբավորումը (102-րդ բազայի հետ միասին) եւ Խմեյմիմի բազան դիտարկում է որպես տարածաշրջանում իր պաշտպանական գծի մաս:
Ռուսաստանը վավերացրել է 2016 թվականի դեկտեմբերին ստորագրված պայմանագիրը, իսկ Հայաստանի կառավարությունը միայն հուլիսի կեսերին է հավանություն տվել պայմանագրին եւ ուղարկել խորհրդարան, որտեղ այն պետք է վավերացվի, որից հետո կստորագրի Սերժ Սարգսյանը:
Հատկանշական է, որ Պուտինը պայմանագիրը ստորագրել է նույն օրերին, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց Ռուսաստանից Ս-400 զենիթային համալիրներ գնելու գործարքը գրեթե ավարտին հասցնելու մասին: Մինչ այդ Ռուսաստանն Ադրբեջանին հարձակողական հարվածային միջոցներ է մատակարարել, այդ թվում՝ Սոլնցեպյոկ:
Հնարավոր է, Պուտինը, վավերացնելով համաձայնագիրը, փորձում է դրանով երաշխիքներ տալ Հայաստանին: Աշնանը, երբ խորհրդարանը կսկսի համատեղ զորամիավորման պայմանագրի քննարկումը, կերեւա՝ արդյոք Հայաստանը լուրջ է վերաբերվում այդ երաշխիքներին:
Իսկ մինչ այդ՝ օգոստոսին, հայ զինծառայողները մասնակցելու են հարեւան Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի խոշոր վարժանքներին:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing