Լրահոս

Հայաստանը զիջո՞ւմ է դիրքերը

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ապրիլի 27-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը:Եռակողմ հանդիպման հավանականության մասին Ադրբեջանը խոսել է հունվարից ի վեր, երկու անգամ:

Երկու անգամ էլ Հայաստանը մերժել է այն, իսկ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե դեմ չէ նման հանդիպումներին, բայց չի կարող պարտադրել կողմերին:Ապրիլյան պատերազմից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում, երբ ձախողվեց ռուս-ադրբեջանական ծրագիրը, այդ երկրները հայտնվեցին փակուղում: Ադրբեջանը կորցրեց «պատերազմի» իրավունքը, Ռուսաստանը՝ կարգավորման «մենաշնորհը», որն ընձեռում էր եռակողմ ձեւաչափը:

Փոխարենը, Հայաստանը մի շարք քիչ թե շատ համարժեք քայլերով հստակեցրեց իր դիրքորոշումն ու բանակցությունը շարունակելու նախապայմաններ առաջ քաշեց: Դա իհարկե ավելի լավ էր, քան նախորդ շրջանում ընդհանրապես որեւէ դիրքորոշման բացակայությունը: Դա նկատվեց եւ գնահատվեց, թե ռազմական, թե քաղաքական առումով:Իր հերթին, Ռուսաստանը նույնպես ստիպված էր գնալ որոշակի քայլերի, քանի որ կարող էր կորցնել ոչ միայն Հայաստանը, այլեւ այն միակ հարթակը, որտեղ շփում ունի Արեւմուտքի առաջատար երկրների՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ՝ Մինսկի խումբը:Հայաստանը կառչեց այս հնարավորությունից, ինչն անդրադարձավ թե շփման գծում, թե կարգավորման գործընթացում տեղի ունեցած փոփոխությունների վրա:Եվ ահա, Ադրբեջանի ԶԼՄ-ները երրորդ անգամ են ազդարարում եռակողմ հանդիպման մասին, նշելով կոնկրետ օր՝ ապրիլի 27-ը: Նախորդ երկու դեպքերում կարծես թե օր չէր նշվում: Ադրբեջանի այս ձգտումը հասկանալի է՝ փակուղուց դուրս գալու միակ տարբերակը եռակողմ ձեւաչափի վերականգնումն է՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցում Ռուսաստանից ունեցած ակնկալիքով:

Ի դեպ, Հայաստանի խորհրդարանի ընտրարշավի մեկնարկից առաջ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը համոզմունք էր հայտնել, որ ընտրությունից հետո բանակցությունը կշարունակվի:Ինչ որ բա՞ն է փոխվել, Հայաստանը համաձայնվե՞լ է եռակողմ հանդիպմանը: Հայաստանի ԱԳՆ-ն առայժմ լռում է, չհերքելով ու չհաստատելով տեղեկությունը: Արդյոք այս ձեւաչափի վերականգնումը կապված է Հայաստանի ընտրությունների հետ, հաշվի առնելով, որ Պուտինը նախ «քարտ բլանշ» տվեց Սերժ Սարգսյանին, ապա դարձավ պետության միակ ղեկավարը (չհաշված ԵՏՄ երկրները), ով շնորհավորեց Սարգսյանին ընտրությանը հաղթելու կապակցությամբ:Արդյոք ինչ որ բան է փոխվել Ռուսաստանի պարագայում:

Չի բացառվում, որ ԱՄՆ հետ հարաբերությունը կարգավորելու եւ Սիրիայում երկխոսություն սկսելու փորձերի տապալումից հետո Ռուսաստանը կրկին փորձի Արեւմուտքին ու մասնավորապես ԱՄՆ-ին երկխոսության «հարկադրել» Ղարաբաղում:

Իսկ դրա միջոցներից մեկը եռակողմ ձեւաչափին անցնելն է:Անցյալ տարի ապրիլին նման փորձը տապալվեց, Արեւմուտքը մերժեց թե Ռուսաստանի մենաշնորհը կարգավորման գործընթացում, թե երկխոսելու առաջարկը, կարգավորման գործընթացում ամրագրելով նոր տարրեր՝ հետաքննության մեխանիզմների տեղակայումն ու Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը, որոնք ձեռնտու էին հայկական կողմին ու որոնք մերժեց Ադրբեջանը, իսկ Ռուսաստանը որպես համանախագահ այդպես էլ չարձագանքեց:Հայաստանն ապրիլին կորցրեց մարտական դիրքեր, բայց ձեռք բերեց քաղաքական որոշակի առավելություն ու գերադասելի դիրքեր: Եռակողմ այս հանդիպումն արդյոք նահանջ է այդ դիրքերից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing