Լրահոս

Հայաստանի աննախադեպ հարվածը. ինչ կլինի շարունակությունը

 

Հետագա լարումներից եւ կորուստներից խուսափելու համար Ադրբեջանի իշխանությունները պետք է համաձայնեն կատարել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հուլիսի 4-ի սահմանային լարումից հետո թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Բալայանի հայտարարության տողատակում նկատելի է որոշակի «հարձակողականություն», ինչն աննախադեպ է Հայաստանի ԱԳՆ արձագանքների տեսանկյունից, քանի որ դիվանագիտական տողատակում նշմարվող այդ տրամադրությունը գործնականում Ադրբեջանին հասցված հարվածի խոստովանություն է ոչ միայն զինված ուժերի, այլ նաեւ ԱԳՆ մակարդակով:
Ավելին, ԱԳՆ խոսնակի գրառման տողատակում նշմարվում է մեկ այլ միտք, որ Ադրբեջանը կշարունակի ստանալ անհամաչափ հարվածներ, մինչեւ չհամաձայնի հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրմանը: Այսինքն, տողատակում խնդիրը մատուցվում է անգամ ոչ միայն որպես պատասխան Ադրբեջանի նախահարձակ հերթական գործողությանը, այլ ավելի լայն տիրույթում որպես Ադրբեջանի վրա ռազմա-քաղաքական ճնշման մարտավարության դրսեւորում:
Տվյալ պարագայում իհարկե խոսքը լոկ բուն մեխանիզմը չէ, այլ այն պատասխանատվությունը, որ ինքնին ենթադրում է մեխանիզմի ներդրումը կողմերի համար՝ հրադադարի խախտման դեպքում:
Այլ կերպ ասած, Հայաստանի արտգործնախարության արձագանքը թերեւս առաջին անգամ համաչափ է հայկական զինված ուժերի գործողությանը եւ այդ գործողությունը սպասարկելու դիվանագիտական որոշակի շարունակության դրսեւորում:
Ինչո՞վ է պայմանավորված այդ «սինխրոնացումը», որ նախկինում բացակայում էր եւ տալիս նաեւ հանրային տարբեր շրջանակների քննադատության առիթ, նաեւ դժգոհություն առաջացնում ռազմական շրջանակներում՝ դիվանագիտական թիկունքի հետ կապված խնդիրների առումով:
Մյուս կողմից, Հայաստանի ռազմա-քաղաքական մարտավարության փոփոխությունն ըստ ամենայնի անխուսափելի է դառնալու կառավարման մոդելի փոփոխության ամբողջացմանը զուգահեռ, երբ գործնականում ձեւավորվում է բազմաբեւեռ իշխանական համակարգ, ինչը մեծացնելու է շահերի բախումը Հայաստանի իշխող համակարգի ներսում: Այդ իրավիճակը բերելու է Հայաստանի արտաքին քաղաքական մարտավարության մեջ զինված ուժերի դերակատարության աճին՝ ոչ միայն ռազմա-քաղաքական դիվանագիտության սուբյեկտ հանդիսանալու, այլ նաեւ ընդհանրապես պետական արտաքին քաղաքականության ձեւավորմանը մասնակից լինելու մասով:
Բացառված չէ, որ Հայաստանում սկսում է նկատվել այդ տրանսֆորմացիան, եւ այն արտացոլվում է սահմանային լարվածության միջադեպի կապակցությամբ ԱԳՆ աննախադեպ շեշտադրությամբ հայտարարության տողատակում:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի այդ տրանսֆորմացիան գործնականում կարող է ունենալ նաեւ միջազգային պահանջվածություն կամ լեգիտիմություն, հաշվի առնելով միջազգային հարաբերություններում առկա վիճակն ու դրանց արտացոլումը Կովկասում իրավիճակի վրա:
Խոշոր իմաստով, Կովկասում ռազմական լարման բացառման շուրջ միջազգային եւ տարածաշրջանային դերակատարների փոխհամաձայնությունը բավական նկատելի է: Ավելի ցածր մակարդակում Ադրբեջանի սադրանքները զսպելու հարցում նրանք չունեն անմիջական դերակատարության շահագրգռություն, նրանց համար դա փոքր խնդիր է, որին առավելագույնը կարող են անդրադառնալ Մինսկի խմբի համանախագահ դիվանագետների մակարդակով:
Դիվանագետներն ինքնին այդ «ընթացիկ» խնդիրների լուծման հարցում մնացել են անօգնական: Խոշոր հարցերում կան բարձր ղեկավարության հանձնարարականներ կամ ուղենիշներ, սակայն լոկալ հարցերում դրանք բացակայում են: Լոկալ հարցերում համանախագահները գործնականում մնում են հակամարտող կողմերի քաղաքականության հույսին:
Տվյալ պարագայում, համանախագահները Հայաստանի քաղաքականության հույսին են եւ դա նաեւ որոշակիորեն նկատելի է հուլիսի 4-ի միջադեպի վերաբերյալ նրանց հայտարարությունից: Այն հերթական ընդհանուր հայտարարության ոճով է, սակայն ինչպես ռուսաստանցի համանախագահն էր ասել Ստեփանակերտում, իրենց հայտարարությունները միշտ էլ հասցեական են: Պարզապես այդ «հասցեականությունը» նկատում եւ հասկանում են նա կամ նրանք, ում հասցեագրված են հայտարարությունները:
Այդ իմաստով, հուլիսի 4-ի միջադեպի վերաբերյալ համանախագահների հայտարարությունը, որտեղ որեւէ կերպ չի ակնարկվում հակառակորդի քաղաքացիական կորստի համար Հայաստանի զինուժի պատասխանատվություն, հասցեագրված է Ադրբեջանին, որը հայկական կողմի պատասխան հարվածից կրել է քաղաքացիական կորուստ, այսինքն կիրառել է ապրիլից հետո աննախադեպ զինատեսակ, բայց ստացել է ապրիլից հետո աննախադեպ կորուստ:
Բանն այն է, որ «ընթացիկ» մակարդակում ադրբեջանական սադրանքները զսպելու ճանապարհը հայկական քաղաքականության փոփոխությունն է, որի համար լայն մակարդակի միջավայրը եւ իրավիճակը բարենպաստ է: Անհրաժեշտ է այն տարածել ընթացիկ մակարդակի վրա, որը արդեն Հայաստանի անելիքն է: Իսկ դա հնարավոր է զինված ուժերի եւ արտաքին գործերի սինխրոն քաղաքականության շնորհիվ, որտեղ ելակետն իհարկե զինված ուժերի գործողություններն են:
Բանն այն է, որ վերջին տարիներին դրանք գործնականում եղել են Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունից բացառություն, եւ նույնիսկ արտաքին քաղաքականության բացթողումների եւ վրիպումների խմբագրման կամ սրբագրման ռեժիմ: Խնդիրը դրանք Հայաստանի արտաքին քաղաքականության բաղադրիչ, մաս դարձնելն է, որի միջոցով է հնարավոր Ադրբեջանի արտաքին քաղաքականության բաղադրությունից աստիճանաբար դուրս մղել լոկալ սադրանքների տարրը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing