Հայաստանի արագընթաց շղթան. բլից-կրիգ լայն ճակատով

99

lragir.am — Թեեւ Նյու Յորք ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի մեկնելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրության ուշադրությունը կենտրոնացրեց ներքին օրակարգի վրա, իհարկե նաեւ Երեւանի Ավագանու ընտրության արդյունքի եւ խորհրդարանի արտահերթ ընտրության ավելի ու ավելի հրատապ դարձող խնդրի ֆոնին, այդուհանդերձ Հայաստանի շաբաթը հույժ կարեւոր եւ ուշագրավ ստացվեց նաեւ արտաքին հարության վրա:

Նիկոլ Փաշինյանի Նյու Յորք այցը սկսվեց ՄԱԿ գլխավոր քարտուղար Գուտերեշի ուշագրավ հայտարարությամբ, որ Հայաստանում տեղի ունեցածը աշխարհի համար իշխանության փոխանցման ֆանտաստիկ մոդել է: Գուտերեշը նույնը կրկնեց նաեւ ՄԱԿ ամբիոնից, արձանագրելով Հայաստանի երիտասարդության ձեռքբերումը: ՄԱԿ ԳԱ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը այդ ձեռքբերումը փորձեց ներկայացնել արտաքին քաղաքական հայեցակարգի կոնսպեկտի տեսքով, արձանագրելով Արցախի եւ արցախահայության հանդեպ միջազգային հանրությանպատասխանատվությունը, միաժամանակ ներկայացնելով նաեւ Նոր Հայաստանի պատասխանատվությունը միջազգային հանրության առաջ:

ՄԱԿ գլխավոր Ասամբլեայի կուլուարներում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Հասան Ռոհանիի հետ, միաժամանակ նա հայտարարեց, որ ոչ պաշտոնական շփումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Պոմպեոյի հետ, որոնց ընթացքում զրուցել են հայ-ամերիկյան հարաբերության հետագա ընթացքի մասին: Միացյալ Նահանգներից Նիկոլ Փաշինյանն ուղեւորվեց Դուշանբե՝ ԱՊՀ Վեհաժողովին, որտեղ ոչ պաշտոնական զրուցակիցը ավելի անսպասելի էր՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որն ըստ ռուսական Կոմերսանտի՝ ինքն է մոտեցել Փաշինյանին եւ զրույց սկսել նրա հետ: Հետագայում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պայմանավորվել են սահմանին լարվածությունը նվազեցնելու հարցում, միաժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել նաեւ օպերատիվ կապի ստեղծման մասին:

Ինչպիսին կլինի այդ պայմանավորվածության տեւողությունն ու հաստատունությունը, պարզ չէ, վերջին հաշվով առաջին անգամ չէ Երեւանի ու Բաքվի միջեւ խոսակցություն լարվածությունը նվազեցնելու մասին, սակայն ներկայում Երեւանը ունի լիովին այլ քաղաքական բովանդակություն եւ հեռանկար, ինչն իրավիճակը դարձնում է աննախադեպ:

Այդ առումով նաեւ հատկանշական է, որ Ալիեւը Փաշինյանի հետ զրույցի է բռնվում այն բանից հետո, երբ նախօրեին Բաքվում հյուրընկալել էր ՌԴ նախագահ Պուտինին: Ի՞նչ դեր է ունեցել Պուտինն Ալիեւին Փաշինյանի հետ զրույցի տրամադրելու, այսպես ասած զրույցի «հրահրելու» եւ սահմանին լարվածության ու օպերատիվ կապի համար պայմանավորվելու հարցում: Ուշագրավ էր, որ Ալիեւի հետ զրույցից քիչ անց Նիկոլ Փաշինյանը զրուցում էր Եվգենի Օնեգին վեպը ձեռքից ցած չդնող Պուտինի հետ, ընդ որում զրույցը բավական աշխույժ էր եւ ավելի շատ հենց Պուտինի ժեստիկուլյացիայով:

Ուշագրավ է, որ այդ ընթացքում, երբ Դուշանբեում փաստացի շարունակվում էր Նյու Յորքում ոչ պաշտոնական շփումների եվրասիական «սերիան», Միացյալ Նահանգներում ՄԱԿ ԳԱ կուլուարներում իր աշխատանքը շարունակում էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա ունեցել է ուշագրավ հանդիպումների շարք, այդ թվում թե ՌԴ արտգործնախարարի, թե նաեւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերի օգնական Ուես Միտչելի հետ: Միտչելի հետ Հայաստանի արտգործնախարարը քննարկել է թե հայ-ամերիկյան, թե նաեւ մերձավորարեւելյան խնդիրներ, մասնավորապես կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցը, ինչը հատկապես ուշագրավ է Սիրիայում Հայաստանի մարդասիրական առաքելության հարցի օրակարգում լինելու ֆոնին:

Ուշագրավ է նաեւ, որ Զոհրաբ Մնացականյանը հանդիպում էր ունեցել Ամերիկայի հրեական կոմիտեի ներկայացուցիչների հետ, քննարկելով թե ռեգիոնալ, թե հայ-իսրայելական երկկողմ հարցեր:

Միեւնույն ժամանակ, զուգահեռ արտերկրում էր նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, ով հանդիպումներ էր ունենում Եվրոպայում:

Այլ կերպ ասած, նախորդ շաբաթը Հայաստանի նոր իշխանության դիվանագիտական «սպրինտի» յուրօրինակ շաբաթ էր՝ Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Եվրասիա տարածությամբ:

Ինչպիսին է լինելու արդյունքների շղթան, եւ արտահայտման ինչ ռեժիմում եւ ժամանակահատվածում:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache