Հայաստանի արտահերթ ընտրությունն ու Ռուսաստանի թիկունքը

76

1in.am — Մոսկվան չի բացառում Վրաստանի հետ բարձր մակարդակի հանդիպման հնարավորությունը: Նախօրեին այդ մասին հայտարարություն էր արել ՌԴ փոխարտգործնախարար Կարասինը, Վրաստանի ներկայացուցիչ Աբաշիձեի հետ վրաց-ռուսական բանակցության հերթական փուլից հետո: Կարասինն ասել էր նաև, որ կողմերն աշխատում են ղեկավարների մակարդակի հանդիպման ուղղությամբ, նախապատրաստելով այն, որպեսզի հանդիպումը լինի առարկայական: Վրաց-ռուսական բարձր մակարդակի հանդիպման հանգամանքը ուշագրավ է, իհարկե, մի շարք առումներով, այդ թվում և այն, որ դրա մասին հայտարարությունն արվեց Դուշանբեում ԱՊՀ վեհաժողովի և դրա թերևս ամենանշանակալից իրադարձության՝ Փաշինյան-Ալիև զրույցի ֆոնին:

Բանն այն է, որ ռեգիոնալ անվտանգության տեսանկյունից երկու «բարձր մակարդակները» ունեն համարժեք նշանակություն: Գործնականում, Կովկասը բաժանված է ռեգիոնալ երկու հակամարտության՝ ռուս-վրացական և հայ-ադրբեջանական: Դրանք ոչ անմիջական պատճառահետևանքային, բայց տրամաբանական, շղթայական կապի մեջ են: Այդ առումով, օրինակ, խիստ հետաքրքիր էր, որ 2008 թվականին Թուրքիայի նախագահ Գյուլը Սերժ Սարգսյանի հրավերի առնչությամբ դիրքորոշում հայտնեց՝ հրավերն ընդունեց միայն երեք ամիս անց, ռուս-վրացական հնգօրյա պատերազմից հետո, երբ Կովկասը փաստացի արդեն այլ ռեգիոնալ իրողության շրջանակում էր: Երկու հակամարտությունները իրենց բովանդակությամբ ու բաղադրությամբ, անշուշտ, տարբեր են, սակայն նրանք, ընդհանուր առմամբ, կազմում են Կովկասի անվտանգության երկու առանցքները և հատկանշական է, որ Փաշինյան-Ալիև զրույցից օրեր անց Ռուսաստանը նաև հայտնում է Վրաստանի հետ Առաջին դեմքերով հանդիպման պատրաստակամության և անգամ դրա ուղղությամբ երկուստեք աշխատանքի մասին: Իսկ Փաշինյան-Ալիև զրույցը նույնպես առանձնահատուկ էր, թեև հայ-ադրբեջանական Առաջին դեմքերի ֆորմատը ինքնին նոր բան չէ:

Խնդիրը տվյալ դեպքում այն է, որ Հայաստանում նոր իրավիճակը նոր բնույթ է հաղորդում թե՛ ֆորմատին, թե՛ հակամարտության կարգավորման գործընթացին ընդհանրապես: Ու թեև Դուշանբեի զրույցում անդրադարձ չկար Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Արցախի սուբյեկտության առնչությամբ, այդուհանդերձ, դրա հանդեպ լռությունը գործնականում կարող է որոշակիորեն նշանակել նաև Ադրբեջանի համաձայնության նշան: Դեռևս ապրիլի պատերազմից հետո ռազմա-քաղաքական և դիվանագիտական շոշափելի փակուղում հայտնված Բաքվի համար Հայաստանում թավշյա հեղափոխությունը փակուղին էլ ավելի խորացնող գործոն է: Ադրբեջանը փորձեց թավշյա հեղափոխության ծավալմանը զուգահեռ դուրս գալ ավելի նպաստավոր դիրքեր՝ թե՛ ռազմական, թե՛ քաղաքական իմաստով: Բայց դա չստացվեց, հայկական կողմը թե՛ ռազմական, թե՛ քաղաքական ու դիվանագիտական առումով հասցրեց կետային, ճշգրիտ հարվածներ:

Զուգահեռ, Հայաստանի նոր իշխանության աշխարհաքաղաքական ճանաչման գործընթացի խորացումը ինչ-որ առումով նաև այդ հարվածների ճանաչում էր, որտեղ առանցքային դեր ունեցավ նաև Ռուսաստանի հանգամանքը: Այդ առումով ուշագրավ է, որ Ալիևը Փաշինյանի հետ զրուցելուց ընդամենը ժամեր առաջ Բաքվում ընդունել էր Պուտինին: Հունիսին, Մոսկվայում, դարձյալ Պուտինի օգնությամբ ծանոթանալով Փաշինյանին, Ալիևը գործնականում հրաժարվել էր նրա հետ որևէ այլ բան խոսելուց: Բայց հունիսին Հայաստանի վարչապետն ու նոր իշխանությունն ունեին աշխարհաքաղաքական մի ընկալում, առավել անորոշ, իսկ սեպտեմբերի վերջին արդեն բոլորովին այլ: Ալիևն այլևս չէր կարող հրաժարվել: Կովկասում պատերազմի աշխարհաքաղաքական արգելանքը ակնառու է, հետևաբար պետք է չխեղդվել փակուղում: Առավել ևս, որ Բաքուն այդպիսով կարող է շնչահեղձ անել նաև Ռուսաստանին: Մոսկվան ներկայումս չափազանց ծանր վիճակում է, հատկապես ներքին խնդիրների մասով:

Ռուսաստանում անգամ իշխանական տրամաբանության ներքո գործող լրատվամիջոցներով զգուշորեն, բայց սկսում են քննարկել ներքին քաղաքական տրանսֆորմացիաների անխուսափելիության, ընդհուպ իշխանությունից «Եդինայա Ռոսիա» կուսակցության հեռանալու տարբերակներ: Պուտինը չունի ներքին ծանրացող տնտեսական վիճակի պայմաններում սոցիալական ընդվզումները զսպելու այլ միջոցներ: Այդ պարագայում շատ կարևոր է դառնում Կովկասը, որպես ՌԴ համար առանձնահատուկ ռեգիոն, որտեղ կառավարելի կայունությունը դառնում է կենսական: Կովկասի կայունությունը Ռուսաստանի համար «թիկունք» է ներքին խնդիրների վրա կենտրոնանալու համար: Այդ համատեքստում է նաև վրաց-ռուսական բարձր մակարդակի հանդիպման պատրաստակամությունը: Մոսկվան փորձում է Կովկասի երկու առանցքային գծերի՝ հայ-ադրբեջանական և ռուս-վրացական հակամարտությունների ուղղությամբ ձևավորել որոշակի կառավարելիության հուսալի մեխանիզմներ «թիկունքից» հարվածը բացառելու համար: Ի վերջո՝ այդ հանգամանքը ՌԴ համար նաև միջազգային կառուցողական հաղորդակցության բացառիկ ուղղություն է:

Կովկասի անվտանգության և կայունության ուղղությամբ Մոսկվայի ջանքը միջազգային անվտանգության համակարգում լեգիտիմ դերակատարության եզակի հնարավորություն է, որը բաց թողնել Մոսկվան չի կարող: Հատկապես, երբ Ապրիլյան պատերազմին արձանագրել է այդ հնարավորությունը բաց թողնելու ծանր հետևանքի գրեթե մարմնացած վտանգը: Հայաստանն այդ համատեքստում ևս ստանում է բացառիկ նշանակություն, այդ թվում՝ Վրաստանի հետ հարաբերության առանձնահատկության մասով: Կամ առարկայանում է այդ նշանակությունը, հատկապես թավշյա հեղափոխության՝ խորհրդարանի արտահերթ ընտրությամբ ամբողջացման պայմաններում: Լիարժեք դերակատարման համար նվազագույնն անհրաժեշտ է լիարժեք իշխանություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache