Լրահոս

Հայաստանի բանակն այսօր երկու հակառակորդ ունի` արտաքին թշնամին և երկրի «ցեցը»` քրեաօլիգարխիան

 

Երեկ վաղ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում Վարդենիս-Շորժա ավտոճանապարհին, Պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 6 մետր սահել մոտակա ձորակը: Վնասվածքներ են ստացել 14 զինծառայողներ, բարեբախտաբար, նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Բանակի հետ կապված ցանկացած տեղեկատվություն մեր հայրենակիցները շատ զգայուն են արձագանքում և սա շատ բնական է մի քանի հանգամանքների հանրագումարում:

Նախ` բանակն այն պետական ինստիտուտն է, որն անմիջականորեն կապված է հասարակության հետ: Այնտեղ են ծառայում մեր որդիները, եղբայրները ու բնական են բոլորիս հույզերը, ապրումները, տագնապները, մանավանդ, երբ առաջնագծում վիճակը լարված է, ու գրեթե ամեն շաբաթ մենք ստանում ենք հակառակորդի սադրանքների մասին տեղեկատվություն: Ցավալիորեն տեղեկանում ենք նաև մեր բանակի զոհերի, վիրավորների մասին: Ահա, այս համատեքստում շատ կարևոր է բանակային միջադեպերի բացառումը, որոնք հետևանք են ոչ կանոնադրական հարաբերությունների, անփութության, անորակ կառավարման, կոռուպցիայի: Դրանց հետևանքով բանակում լինում են կորուստներ, գրանցվում են մահացության դեպքեր, որոնք չունեն որևէ արդարացում, բացատրություն:

Հայաստանի բանակը բացառիկ դեր ունի առնվազն երկու առումով: Հանրային ընկալման մեջ նա միակ պետական ինստիտուտն է, որն ասոցացվում Հայաստանի ինքնիշխանության, անվտանգության հետ: Եվ սա օբյեկտիվ իրականություն է, որովհետև նույն Քառօրյա պատերազմը փաստեց, որ մեր սպան, զինվորը Հայաստանի ու Արցախի անվտանգության միակ իրական երաշխիքն են` պետական մյուս մարմինների անգործության կամ հանցավոր գործունեության, խաղաղության միջազգային երաշխիքների բացակայության ֆոնին:

Բանակի առաքելությունը, սահմանած նշաձողը կարևոր նշանակություն ունեն երկրի ներքին կյանքում: Ակամայից բանակը` պետական միակ կայացած ինստիտուտը, պետականության հետ ասոցացվող միակ համակարգը հակադրության մեջ է մեկ այլ համակարգի` քրեաօլիգարխիայի հետ, որն այն է, ինչը հակացուցված է երկրին, նրա պաշտպանությանը, անվտանգությանը, առաջընթացին: Բանակը միակ խոչընդոտն է, որ մնացել է քրեաօլիգարխիայի, Հայաստանում նրա անփառունակ իշխանությունը սնուցող Ռուսաստանի կոկորդում:

Հայաստանի բանակն այսօր երկու հակառակորդ ունի` արտաքին թշնամին և երկրի «ցեցը»` քրեաօլիգարխիան: Երկուսին էլ մեր բանակը պարտավոր է հաղթել` հանուն Հայաստանի, նրա ապագայի:

Դրական, գովելի է, որ Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի խուսափում խնդիրների բարձրաձայնումից, դրանք հանրային քննարկման առարկա դարձնելուց: Երեկ Վիգեն Սարգսյանը ելույթ է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստում և կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը: Կարևոր արձանագրումներ են, միայն թե` պայքարը պետք է տարվի առամց PR-ի, բարձրագոչ կարգախոսների ու սրտակեղեքիչ անունների, քաղաքական և ներհամակարգային կոնյուկտուրայից ու շահերից դուրս: Միայն այդ պարագայում` բանակը կկարողանա հավուր պատշաճի կատարել իր առաքելությունը, որն ավելի տարողունակ օրակարգ ունի և չի սահմանափակվում միայն հայրենիքի պաշտպանությամբ:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing