Լրահոս

Հայաստանի եւ Վրաստանի կորցրած տարածքները

 

arm148130808076

lragir.am-Հարեւան Վրաստանն օրերս եւս մեկ քայլով մոտեցավ եվրաատլանտյան հանրությանն ու եվրոպական համակարգին: Եվրախորհրդարանն ու ԵՄ պետությունները համաձայնության եկան Վրաստանի եւ Ուկրաինայի հարցում առանց վիզային հաղորդակցության ռեժիմի մասով, ինչը նշանակում է, որ Վրաստանը շատ մոտ ապագայում կարող է առանց վիզայի հաղորդակցություն ունենալ Եվրամիության հետ: Դա եվրաասոցացման գործընթացի տրամաբանական հանգրվաններից մեկն է, այդ գործընթացն անցնող պետության եւ հասարակության ձեռքբերումներից մեկը:

Այդ համատեքստում հիշարժան է Վրաստանի եվրաասոցացման գործընթացի կապակցությամբ Հայաստանում շատ տարածված մեկնաբանություններից մեկը, որի աղբյուրը ռուսական պաշտոնական քարոզչության ոչ պաշտոնական «վտակներն» են:Երբ Հայաստանում որեւէ դիտարկում է արվում եվրաասոցացման ճանապարհին Վրաստանի տնտեսա-քաղաքական ձեռքբերումների կապակցությամբ, որոնք իրենց հետ բերում են նաեւ անվտանգության միավորներ, Հայաստանում հնչում էր եւ թերեւս կշարունակի հնչել «հակափաստարկը», թե Վրաստանը այդ ճանապարհին ունեցավ տարածքային կորուստ` Աբխազիան եւ Հարավային Օսիան:Հիշեցումը կամ հակափաստարկը, որ Վրաստանը դրանք կորցրել էր ավելի վաղ եւ դրանք դե ֆակտո դեռեւս 1990-ականներից էին այսպես ասած ռուսական, արժանանում էր պատասխանի, թե այդուհանդերձ 2008-ի պատերազմում Վրաստանը կորցրեց եւս մի քանի տարածք, որը չէր կորցրել մինչ այդ:Հնարավոր է, իհարկե: Եվ իհարկե մեղմ ասած քննարկելի հարց է, թե ինչքանով էր այդ պատերազմը «պարտադիր» եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհին: Թե՞ ամենեւին էլ «պարտադիր» չէր, այլ ընդամենը նախագահ Սահակաշվիլիի սխալ հաշվարկ, գործողություն, որոշում, գուցե որեւէ տեղից նետված եւ սխալ կուլ տրված խայծ, սադրանք եւ այլն:

Այդ կապակցությամբ կան իրարամերժ տեղեկություններ, որոնք առաջացնում են տարբեր հարցեր, այդպես էլ լիարժեք պատասխան կարծես թե չստացած:Օրինակ, որ ռուսական զորքը օգոստոսի պատերազմի մեկնարկից դեռեւս զգալիորեն առաջ կազմ ու պատրաստ կանգնած էր Ռուսաստանից` Հյուսիսային Օսիայից Հարավային Օսիա տանող Ռոկի թունելի մերձակայքում: Հարցերն իհարկե շատ են եւ գուցե շատ տարիներ անց ի հայտ գան որոշակի պատասխաններ, նոր մանրամասներ:Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ երբ որպես Վրաստանի եվրաատլանտյան ինտեգրացիայի «գին» ներկայացվում է այդ «փաստարկն» ու այդպիսով փորձ արվում «հիմնավորել», թե ինչու Հայաստանը չպետք է գնար եվրաինտեգրացիայի խորացման ճանապարհով` իրականում իհարկե ընդամենը շանտաժելով Հայաստանին, ներկայումս ի հայտ է գալիս մեկ այլ, Հայաստանի համար արդեն բավական տխուր մի օրինակ: Խոսքը ապրիլի պատերազմի եւ դրա ընթացքում 800 հեկտար տարածքային կորստի մասին է:Տվյալ պարագայում ստացվում է, որ եթե Վրաստանը կորուստ է ունեցել եվրաատլանտյան ինտեգրացիայի պայմաններում, որպես «գին», ապա Հայաստանը փաստորեն տարածքային կորուստ է ունեցել Եվրասիական միությանը անդամակցելու հետեւանքով, թեեւ ասվում էր, թե ԵՏՄ անդամ դառալով Հայաստանը դառնում է անվտանգ:

Այսինքն, թեեւ ռուսական քարոզչությունը սպառնում էր եւ շանտաժում, որ Հայաստանը եվրաատլանտյան ինտեգրացիայի ճանապարհով շարունակելու դեպքում կունենա կորուստ, այդուհանդերձ Հայաստանը տարածքային կորուստ ունեցավ հենց եվրասիական ճանապարհով գնալուց հետո: Ավելին, այդ ճանապարհին Հայաստանի այսպես կոչված դաշնակիցներն այդ սպառնալիքի ժամանակ ոչ միայն մատը-մատին չխփեցին, այլ աջակցեցին Ադրբեջանին:Իհարկե, այս դեպքում էլ հնարավոր է ասել` քանի որ լեզուն ոսկոր չունի, թե չանդամակցելու դեպքում Հայաստանը կունենար ավելի մեծ կորուստ: Կամ ինչպես նոր վարչապետ Կարեն Կարապետյանը կասեր, «փաստ չէ», որ ԵՏՄ չմտնելով Հայաստանի վիճակը կլիներ ավելի լավ:Բայց, նույն կերպ էլ «փաստ չէ», որ վիճակը կլիներ ավելի վատ եւ Հայաստանը չէր ունենա տարածքային կորուստ, օրինակ, թեկուզ 800 հեկտար:Ի՞նչն է բուն խնդիրը: Այն, որ Հայաստանի համար կարեւորագույն աշխարհաքաղաքական գործընթացներում հայաստանյան դիրքորոշումների եւ հանրային կարծիքի ձեւավորման հարցում գերիշխել են մանիպուլյացիաները, թե հարեւան Վրաստանի օրինակով, թե անմիջականորեն Հայաստանի:Փաստ է, որ Վրաստանը ներկայումս զգալիորեն առաջ է անցել Հայաստանից, իր տնտեսական միտումներով եւ ներդրումային միջավայրի գրավչությամբ, տարածաշրջանային քաղաքական-քաղաքակրթական կշռով, անկախ նրանից` դուր կգա դա Հայաստանին, թե ոչ:Մինչդեռ, այդ առումով Հայաստանը մի քանի տարի առաջ ուներ անհամեմատ ավելի նպաստավոր մեկնարկային պայման, ներուժ, ու նաեւ եվրաատլանտյան հանրության անհամեմատ ավելի տրամադրվածություն եւ հետաքրքրվածություն:

Վրաստանը մեծ հաշվով դարձել էր պահեստային տարբերակ, մասնավորապես այնտեղ Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո, որը ընտրեցին միայն երբ Հայաստանը ընտրեց ոչ թե ավելի, այլ ընդամենը «Իվանիշվիլիից ինչ պակաս լինելու» տարբերակը:Վրաստանը օգտագործեց պահը եւ բաց չթողեց այն: Թեեւ, Հայաստանի համար դա իհարկե չարյաց փոքրագույնն է, քանի որ Թբիլիսին եվրաատլանտյան ինտեգրացիայի շնորհիվ է կարողանալու դիմակայել ոչ միայն ռուսական, այլ նաեւ թուրք-ադրբեջանական հավակնություններին: Իսկ Հայաստանի համար դա կարեւոր է` բազմաթիվ կարեւոր տեսանկյուններից, որ Վրաստանը լինի եվրոպական համակարգի մաս եւ Վրաստանում ներկայացված լինի անվտանգության եվրաատլանտյան համակարգը, որը տարածաշրջանում կապահովի այն հավասարակշռությունը, որ խախտվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործակցության հետեւանքով:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing