Լրահոս

Հայաստանի համար Լավրովի նոր ու անհարմար պլանը

 

Ռուսաստանը կողջուներ ՀԱՊԿ գործակցությունն Աբխազիայի հետ, Սուխումիում Աբխազիայի նախագահի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է այնտեղ այցելած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Լիարժեք անդամի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է այս կամ այն կազմակերպության բոլոր անդամների կոնսենսուսային հավանությունը, ասել է Լավրովը, նշելով, թե նույնը վերաբերում է նաեւ դիտորդի կարգավիճակին:«Եթե խոսենք ՀԱՊԿ մասին՝ այդ կազմակերպությունը կոչված է ապահովել իր անդամ երկրների անվտանգտությունը:

Աբխազիայի հանրապետության անվտանգությունը ամենահուսալի ձեւով ապահովված ու երաշխավորված է այն հարաբերությամբ, որ ամրագրված է Ռուսաստանի Դաշնության եւ Աբխազիայի միեւ միջպետական պայմանագրերում», հայտարարել  Լավրովը:Ըստ ամենայնի, Լավրովին հարց է ուղղվել ՀԱՊԿ եւ Աբխազիայի գործակցության մասին, ինչին ի պատասխան էլ ՌԴ արտգործնախարարը ասել է, թե դրա համար անհրաժեշտ է բոլոր անդամների կոնսենսուսային համաձայնությունը:

Դժվար է ասել, հարցի նախաձեռնությունն Աբխազիայինն է, թե Ռուսաստանինը, որը ցանկանում է իրականացնել ՀԱՊԿ անդամների այսպես ասած զոնդաժ, իսկ գուցե նաեւ ավելի լայն միջազգային զոնդաժ, ստուգելու համար, թե ինչ արձագանք կլինի Աբխազիա-ՀԱՊԿ գործակցության թեմայի վերաբերյալ:ՀԱՊԿ 6 անդամներից Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը ճանաչել է միայն Ռուսաստանը: Ռուսաստանն ըստ երեւույթին դեմ չի լինի, որ Աբխազիան ինչ որ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ հետ գործակցության մասով՝ անդամի կամ դիտորդի: Բայց, դրա համար իսկապես պետք է բոլոր անդամների հավանությունը: Պատրաստվու՞մ է արդյոք Մոսկվան անդամներին առաջարկել դա, թե ոչ: Արդյոք Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը կամ Կիրգիզիան կհամաձայնեն այդ հեռանկարին, ինչը գործնականում նշանակելու է Աբխազիայի ճանաչում:

Դա կբերի Վրաստանի հետ խնդիրների, նաեւ միջազգային հանրության բացասական արձագանքի ու խնդիրների, նկատի ունենալով այն, որ միջազգային հանրության համար Աբխազիան ճանաչված սուբյեկտ չէ:Ավելին, միջազգային ասպարեզում առավել ճանաչված է Արցախը՝ թեկուզ համեմատության մեջ, քան Աբխազիան: Դրա մասին է վկայում տարբերությունը, թե ինչպես են արձագանքում ուժային կենտրոնները Արցախում տեղի ունեցող հանրաքվեներին կամ ընտրություններին, ու ինչպես են արձագանքոմ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ընտրություններին: Դրանք միջազգային հանրությունը համարում է Վրաստանի տարածք, իսկ Արցախն Ադրբեջանի տարածք չի համարվում, եթե անգամ հանդիսանում է չճանաչված սուբյեկտ:Միեւնույն ժամանակ, Արցախի մասով վերաբերմունքը լիովին հակառակն է ՀԱՊԿ շրջանակում, այդ թվում Ռուսաստանի մոտ: Եթե Լավրովը կարող է բացատրություն տալ Աբխազիա-ՀԱՊԿ գործակցության «տեխնիկական» կողմի մասին, ապա Արցախի մասով Մոսկվան ուղղակի թե անուղղակի հրաժարվում է դիտարկել այն Հայաստանի հետ ունեցած անվտանգային պայմանագրերի համատեքստում, դիտարկել իբրեւ այդ պայմանագրերի պատասխանատվության գոտի՝ թե երկկողմ, թե ՀԱՊԿ մասով:

Դա իհարկե չի նշանակում, որ Լավրովի հայտարարությունները Հայաստանի համար կարող են հանդիսանալ «բարտերի» առիթ՝ Երեւանը համաձայնի դիտարկել Աբխազիայի խնդիրը, իսկ Ռուսաստանը սկսի խոսել Արցախ-ՀԱՊԿ գործակցության մասին:Գուցե արժեր խորհել այդ մասին, եթե ՀԱՊԿ-ը լիներ իսկապես անվտանգության հովանոց եւ հուսալի ռազմա-քաղաքական դաշնակից բռունցք:

Բայց ՀԱՊԿ-ը ընդամենը հետխորհրդային տարածքում ռուսական ազդեցության սխեմա է, որի բուն նպատակն այժմ ընդամենը այդ գոտում «գունավոր հեղափոխություն» թույլ չտալն է, ինչպես օրերս ձեւակերպել է Պուտինը:Միեւնույն ժամանակ, առկա է հայ-վրացական հարաբերության խնդիրը, եւ այստեղ նույնպես մեղմ ասած հարցական է, թե արդյոք Հայաստանն էլ ավելի մեծ վտանգ ձեռք չի բերի կամ առաջացնի Հայաստան-Արցախ անվտանգության համակարգի համար, գնալով Վրաստանի հետ հարաբերությունը վտանգի տակ դնելու որեւէ տարբերակի: Դրանով Հայաստան-Արցախը ոչ միայն չի դառնա առավել անվտանգ, այլ հակառակը՝ այսպես ասաճ ճակատում չստանալով հուսալի դաշնակից, պարզապես կբացվի նաեւ թիկունքը:Թե ինչու՞ է Ռուսաստանը հենց այժմ որոշել «գեներացնել» Աբխազիա-ՀԱՊԿ թեման, թեկուզ «ֆորմալ բացատրությամբ», դժվար է ասել:

Չի բացառվում, որ խոսքն իսկապես ոչ թե ռուսական, այլ աբխազական նախաձեռնության մասին է, ինչին էլ Մոսկվան պատասխանում է, որ դա կախված չէ իրենից: Հնարավոր է, որ աբխազներն են հարցն առաջ քաշում, Ռուսաստանից երկկողմ հարթության վրա որեւէ բան կորզելու համար:Բոլոր դեպքերում, խնդրի հրապարակային այդօրինակ շեշտադրումը Հայաստանի համար հատկապես անպատեհ է այն տեսանկյունից, որ ընդամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը վերջապես ստանձնել է Հայաստանի ներկայացուցիչը, տվյալ դեպքում Յուրի Խաչատուրովը: Թե Հայաստանի ինչին է պետք այդ պաշտոնը, որ ռոտացիոն կարգով դրվել է Երեւանի վրա, որեւէ կերպ պարզ չէ: Բայց, օրինակ Լավրովի հայտարարությունը հուշում է, որ Հայաստանն այդպիսով կարող է իրենից անկախ հայտնվել տարբեր նուրբ հարցերում ուղղակի թե անուղղակի պատասխանատվության ներքո, որտեղ առնվազն կարող են ձեւավորվել տհաճ նստվածքներ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing