good-banner
Լրահոս

[:am]Հայաստանի համար վտանգավոր համաձայնագիր[:]

  [:am]arm146495920458

lragir.am-ը գրում է. Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկում է 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Համաձայնագրի քննարկմանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՊՆ փոխնախարար Արա նազարյանին ուղղել է շատ պարզ մի հարց՝ եթե Հայաստանի օդային սահմանը հատի ադրբեջանական կամ թուրքական ռազմական օդանավ, դրա հանդեպ գործողության որոշումը ով է կայացնելու, ո՞վ է սեղմելու կոճակը՝ հայ, թե ռուս զինվորը:
Արա Նազարյանը հայտարարել է, թե կոճակով չէ, ամեն ինչ սահմանվելու է պայմանագրով:
Սա շատ հատկանշական դրվագ է: Հայաստանի Հանրապետության խորհրդարանում հարց է հնչում Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարարին, թե ո՞վ է կատարելու անհրաժեշտ գործողությունը, ով է կայացնելու դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշումը, ու հնչում է փաստացի սենսացիոն պատասխան՝ «ամեն ինչ որոշվելու է պայմանագրով»:
Ինչն է այստեղ սենսացիան: Բանն այն է, որ երբ ինքնիշխան, միջազգային հարաբերության սուբյեկտ հանդիսացող պետության պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյային, եւ ընդհանրապես որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի հարց է տրվում, թե ով է որոշում կայացնելու եւ գործելու, եթե հակառակորդի օդանավը խախտի Հայաստանի օդային տարածքը, ապա միակ տրամաբանական պատասխանը պետք է լինի հետեւյալը. իհարկե Հայաստանի Հանրապետության իշխանությունը եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:
Էլ ո՞վ է իրավասու արձագանքել ինքնիշխան պետության օդային տարածքի խախտմանը, եթե ոչ այդ պետության իշխանության համապատասխան օղակը:
Բայց Հայաստանի դեպքում, պարզվում է, որ «ամեն ինչ որոշվելու է պայմանագրով»՝ երրորդ երկրի հետ պայմանագրով: Երրորդ երկիրը տվյալ պարագայում իհարկե խիստ հարաբերական հասկացություն է, քանի որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, որը Հայաստանը ոչ թե կողմ է ճանաչում, այլ վասալ:
Հարցը այն է, թե Հայաստանի իշխանությունը որպես ինչ է ճանաչում Հայաստանը: Եվ պաշտպանության փոխնախարարի արձագանքը հուշում է, որ Հայաստանի իշխանությունն էլ Հայաստանը ճանաչում է Ռուսաստանի վասալ:
Ընդ որում, գուցե չի բացառվում, որ համատեղ ՀՕՊ հայ-ռուսական համաձայնագիրը Հայաստանի համար ունենա իսկապես լավ բովանդակություն, ընձեռի իսկապես լավ հնարավորություններ: Վերջին հաշվով, համատեղ ՀՕՊ-ը նշանակում է, որ Հայաստանի համար հասանելի կլինի այն տեղեկությունը, որ տնօրինում են ռուսական սարքերը: Իսկ ռուսական ռադարները բնականաբար դիտարկում են շատ մեծ դիապազոն, որը Կովկասի սահմանից էլ դուրս է:
Մյուս կողմից, իհարկե, Հայաստանին այդ մասով հետաքրքիր է թերեւս Ադրբեջանը:
Սակայն, ամբողջ խնդիրն այն է, որ մի բան է հնարավորությունը, մեկ այլ բան սուբյեկտների միջեւ հարաբերության բնույթը: Եվ այդ իմաստով, ՀԱՊԿ-ն էլ, օրինակ, մեծ հնարավորության տեր ռազմաքաղաքական դաշինք է, բայց այն ավելի շատ օժանդակում է Ադրբեջանին, քան Հայաստանին: Համենայն դեպս, անդամ երկրներն ավելի շատ սպառազինություն են մատակարարում Բաքու, եւ մատակարարում ավելի ճշգրտորեն: Նույնը կարող ենք ասել ԵՏՄ մասին:
Եվ այդ իմաստով, հնարավորությունը եւ իրականությունը դեռեւս հոմանիշներ չեն, իսկ հայ-ռուսական հարաբերության դեպքում՝ հականիշներ: Իսկ կոնկրետ պետական շահերի առումով՝ դրանք ընդհանրապես հակադիր, ծայրահեղ բեվեռներ են:
Եվ այստեղ էլ այլեւս որեւէ փակ հարց չկա, քանի որ ապրիլյան պատերազմը բացեց բոլոր փակ թվացող անցքերը, հստակ ցույց տալով, որ Հայաստանն ի դեմս Ռուսաստանի չունի դաշնակից, ինչի մասին խոստովանվում էր անգամ պաշտոնական ամենաբարձր մակարդակով: Ավելին, Ռուսաստանի շահը ներկայում գրեթե լիովին համահունչ է Բաքվի շահին, առնվազն միջնաժամկետ հեռանկարում: Հենց դրա հետեւանքով ընդամենը երկու-երեք տարիների ընթացքում արցախյան գոտում Ռուսաստանի գործուն աջակցությամբ Ադրբեջանը իրավիճակը հասցրեց պատերազմականի:
Դրանից հետո հայկական երկնքի պաշտպանությունը Ռուսաստանի հետ «պայմանագրով» կազմակերպելը մեղմ ասած վտանգավոր քայլ է, առավել եւս, որ առավել քան ակնհայտ է դրա հետ կապված հարցադրումների առատությունն ու դրանց տրվող իշխանական պատասխանների սղությունը:
Ամեն ինչ չափազանց հստակ է ու պարզ՝ հայ-ռուսական միասնական ՀՕՊ-ն արդյոք նշանակում է, որ Հայաստանն այլեւս չունի ինքնուրույն, ինքնիշխան ՀՕՊ, եւ երկնքում որեւէ ռազական խնդիր պետք է լուծվի Ռուսաստանի հետ համաձայնությամբ: Եթե Հայաստանը ունի օդում լուծելու խնդիր՝ խաղաղ, թե պատերազմական շրջանում, էական չէ, դա լուծում է բացառապես ինքնուրու՞յն, թե Ռուսաստանը կարող է համաձայն չլինել այդ լուծման հետ, եւ Հայաստանը չի կարողանա իրականացնել լուծումը: Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգը Հայաստանի տարածքում կիրառելի է բացարձակապես Հայաստանի համաձայնությա՞մբ, Հայաստանի որոշած ծավալով, ձեւո՞վ, թե Հայաստանի երկնքում Ռուսաստանը կարող է գործողություն կատարել նաեւ միայն իր որոշումով, ըստ իր շահի եւ նպատակահարմարության:
Այդ հարցերի պատասխաններից է կախված՝ միասնական ՀՕՊ-ը հավելյալ հնարավորություն է հայկական ինքնիշխան ՀՕՊ համար, թե՞ հայկական ինքնիշխան ՀՕՊ-ի վտանգավոր փոխարինումն է եւ Հայաստանի լիակատար վասալացումն արդեն նաեւ երկնքում:
Պատասխանները, թե այդտեղ կան նաեւ ռազմական գաղտնիքներ, մեղմ ասած վտանգավոր են, քանի որ այստեղ խոսքը վերաբերում է Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող հերթական եւ չափազանց լուրջ վտանգի մասին: Հասարակությանն այդ մասով պետք է տրվի լիարժեք տեղեկատվություն:
Ինչ խոսք, հայ-ռուսական հարաբերության ներկայիս բնույթն այնպիսին է, որ Ռուսաստանն անգամ ոչ ֆորմալ մակարդակում, բայց ունի վերը բերված ռիսկերը ենթադրող ազդեցություն անգամ առանց միասնական համակարգի, բայց փաստացի կարող է ստացվել, որ Ռուսաստանը ֆորմալացնում է այդ ազդեցությունը, ինչի միջոցով Հայաստանի իշխանությունն էլ խուսափում է հասարակության առաջ պատասխանատվությունից:[:]

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am