Լրահոս

[:am]Հայաստանի իրական սպառնալիքը գալիս է Թուրքիայից[:]

  [:am]

68370_b

hetq.am-ը գրում է. Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, այդ պաշտոնում ընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը, ավանդույթի համաձայն, կատարել է Ադրբեջան՝ վերահաստատելով իր համար վերջինիս ստրատեգիական նշանակությունն ու երկու երկրների «եղբայրական» հարաբերությունները։ Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ Յըլդըրըմը հայտարարել է, թե Ադրբեջանի ընկերն իրենց ընկերն է, նրա թշնամին՝ իրենց թշնամին: Ապա հավելելով, թե Լեռնային Ղարաբաղի հարցում իրենք միշտ աջակցում են Ադրբեջանին՝ ընդգծել է, թե ժամանակն է կանգնեցնել Հայաստանին։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը մե՛կ հավաքվում, մե՛կ ցրվում է: Խոսքերի ժամանակն անցել է, պետք է գործի անցնել: Մեկ րոպեում որոշում կայացնողները, երբ գործը վերաբերում է Ադրբեջանին և Թուրքիային, հակառակն են անում: Երբ Ադրբեջանի տարածքները ազատագրվեն, այն ժամանակ էլ կլուծվի այդ հակամարտությունը: Ժամանակն է՝ աշխարհը մոռանա երկակի ստանդարտների մասին»,- ամփոփել է Յըլդըրըմը:

2010թ. Ադրբեջանում ընդունված ռազմական դոկտրինի համաձայն, Հայաստանը պաշտոնապես հռչակվել է այդ երկրի թշնամի։ Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի թշնամին նաև իրենց թշնամին է, այս իմաստով կարելի է ընդունել որպես Թուրքիայի կողմից Հայաստանին իրեն թշնամի հռչակելու պաշտոնական հայտարարություն։ Չնայած առանց այդ հայտարարության էլ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի գործողությունները՝ կապված շրջափակումը շարունակելու, Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց հրաժարվելու, Ադրբեջանին տենդագին սպառազինելու հետ, դե ֆակտո թշնամական էին, սակայն նման հայտարարության հնչեցմամբ Անկարան առկա իրավիճակին տալիս է պաշտոնական և որոշ իմաստով իրավաքաղաքական կարգավիճակ՝ դրանից բխող հետևանքներով։

Հատկանշական է, որ վարչապետ Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարած այցին և Բաքվում այս կարգին հայտարարություն անելուն զուգահեռ, Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Կարս քաղաքին կից, փաստացի Հայաստանի հետ սահմանից ոչ հեռու, լայնածավալ զորավարժություններ են սկսել, որին մասնակցում է 1200 զինծառայող։ Ուշագրավ է երկու հանգամանք։

Նախ՝ զորավարժությունները ղեկավարում են Թուրքիայի երրորդ բանակի հրամանատար, բանակի գեներալ Սերդար Սավաշը և Նախիջևանի հատուկ համազորային բանակի հրամանատար Քերեմ Մուսթաֆաևը: Զորավարժությունների նպատակն է երկու երկրների զինված ուժերի միջև փոխգործակցության զարգացումը, զինված ուժերի օղակների միջև գործողությունների համաձայնեցումը, դրանց պատրաստվածության ստուգումը, համատեղ օպերացիաներ իրականացնելու ունակության բարձրացումը: Ինչպես հայտնի է՝ Թուրքիայի բանակը վաղուց արդեն գրեթե ամբողջական վերահսկողության տակ է առել Նախիջևանի հատուկ համազորային բանակը՝ ստանձնելով վերջինիս մարտունակության բարձրացման, կատարելագործման, նաև՝ տեխնիկական ապահովման գործառույթը։ Իսկ 3-րդ թուրքական բանակը, որը կազմում է մոտ 250 հազար զինվոր, փաստացի տեղակայված է հենց Հայաստանի սահմանի երկարությամբ, որի կենտրոնակայանը Էրզրում քաղաքն է։ Ակնհայտ է, որ հատկապես Հայաստանի հարավարևմտյան սահմաններին տեղակայված Նախիջևանի ադրբեջանական համազորային առանձնացված բանակի հետ Հայաստանի արևմտյան սահմանների երկարությամբ տեղաբաշխված թուրքական 3-րդ բանակի համատեղ զորավարժության անցկացման թիրախը, հատկապես երբ դրա նպատակներն են համատեղ օպերացիաներ իրականացնելու պոտենցիալի ուժեղացումն է, միանշանակ Հայաստանն է։

Երկրորդ հանգամանքն այն է, որ զորավարժություններին զուտ ներկայացուցչական մակարդակով մասնակցում է նաև վրացական բանակը։ Սա հաստատում է, որ զորավարժությունները չեն կարող լինել Վարաստանի նկատմամբ ուժի ցուցադրության դրսևորում։ Իսկ ինքնին այն հանգամանքը, որ Վրաստանը միայն ներկայացուցիչների մակարդակով է դրանց մասնակցում, ցույց է տալիս, որ Թբիլիսին ևս թուրք-ադրբեջանական զորավարժությունների թիրախում տեսնում է Հայաստանին և չի ցանկանում դրանում անմիջական մասնակցություն ունենալ։

Քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում։ Զորավարժությունները հենց վարչապետ Յըլդըրըմի՝ Ադրբեջան կատարած այցի օրերին կազմակերպելով՝ Անկարան գործնականացնում է Հայաստանին պաշտոնապես թշնամի հռչակելը։ Սա ակնհայտ ռազմական սպառնալիք է Հայաստանի նկատմամբ:

Պետք է ենթադրել, որ դրան էապես նպաստել է Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ընդունման գործընթացը և այդ համատեքստում Գերմանիայի Բունդեսթագի կողմից հայտնի բանաձևի ընդունումը։ Դրա մասին է վկայում Բաքվում Յըլդըրըմի արած այն հայտարարությունը, թե Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ «մեկ րոպեում որոշում կայացնողները» երկակի ստանդարտներ են կիրառում։ Նա ակնհայտորեն նկատի ունի Գերմանիային, որը մի կողմից այդ բանաձևն ընդունող վերջին և Թուրքիայի համար ամենազգայուն երկիրն է, իսկ մյուս կողմից նախագահում է ԵԱՀԿ-ն, որի շրջանակներում անցկացվում են ղարաբաղյան բանակցությունները։ Թուրքիայի վարչապետը փաստացի իրար է կապում Ցեղասպանության միջազգայնորեն ճանաչման գործընթացը և ԼՂ հիմնահարցը՝ դրանք մատուցելով որպես Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ Հայաստանից եկող սպառնալիքներ։ Թուրքիան բացահայտ ցույց է տալիս, որ որքան ինտենսիվանում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որքան երկիրն ավելի շատ է թաղվում էրդողանական միահեծան դիկտատուրայի և ազգայնական իսլամիզմի ճահճի մեջ, այնքան ավելի շատ է Հայաստանն ընկալում որպես կոկորդում խրված ոսկոր, որը կամ պետք է հանել, կամ՝ կուլ տալ:

Թուրքիայի վարչապետի աննախադեպ կոշտ հայտարարությունները և Հայաստանի թիրախավորմամբ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժությունների անցկացումը բացահայտում է, որ Հայաստանի հիմնական սպառնալիքը գալիս է ոչ թե Ադրբեջանից, այլ Թուրքիայից։ Խնդիրն անմիջականորեն թուրքական ներխուժման վտանգի մեջ չէ: Սակայն ղարաբաղաադրբեջանական ռազմական նոր բախումը կարող է ռեալիզացվել Նախիջևանի և Հայաստանի սահմանին: Դրա նախանշաններն արդեն կային ապրիլի վերջրերին, երբ հայ-ադրբեջանական սահմանագծի այդ հատվածում փոխհրաձգության հետևանքով արձանագրվեցին մարդկային կորուստներ, իսկ ՀՀ ՊՆ-ն հաստատեց հակառակորդի կողմից մարդկային կոնտիգենտի և զրահատեխնիկայի կուտակումների փաստը: Եթե նախիջևանյան բանակը մտնի ռազմական գործողությունների մեջ, Թուրքիան կարող է դա պատրվակ դարձնել որևէ ձևով միջամտություն ցուցաբերելու համար: Գուցե Կարսում հենց նման զարգացումներն են սցենարավորվել:

Առ այսօր Հայաստանն իր ռազմական անվտանգության հայեցակարգը փաստացի կառուցել է այն մոտեցման վրա, որ հիմնական սպառնալիքը գալիս է Ադրբեջանից և շեշտը դրել է տարածաշրջանում հենց նրա հետ ռազմական հավասարակշռություն ապահովելու վրա: Հայաստանն իհարկե, չունի ոչ ռեսուրս, ոչ էլ ժամանակ՝ Թուրքիայի հետ անգամ համեմատելի պարիտետ ստեղծելու համար: Արևմուտքից անվտանգության սպառնալիքների չեզոքացման հիմնական բեռը դրվել է ինչպես ռուսական սահմանապահ ուժերի, այնպես էլ գլխավորապես Գյումրիում և Երևանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի վրա: Նախորդ տարի դրան ավելացվեց նաև ՌԴ-ի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծումը: Սակայն ղարաբաղաադրբեջանական ապրիլյան պատերազմի շրջանակում Ռուսաստանի դրսևորած վարքագիծը ավերել է վստահությունն առ այն, որ այդ երկրի ռազմական ներկայությունը Հայաստանում հակված է իրականացնելու Հայաստանի անվտանգության ապահովման իր պայմանագրային պարտավորությունները: Մյուս կողմից՝ ռուսական ռազմաբազան հիմնականում սիմվոլիկ, քաղաքական «զսպաշապիկի» դեր կարող է կատարել: Նրա ոչ զինվորական և ոչ էլ տեխնիկական պոտենցիալը չեն կարող հակազդել և զսպել, եթե թուրքական 3-րդ բանակի առջև դրվի Հայաստանն օկուպացնելու խնդիրը:

Այս իրողությունները ստիպում են շատ արագ վերանայել Հայաստանի և Արցախի անվտանգության համակարգը: Հայաստանը ստիպված է ցանկացած գնով թուրքական սպառնալիքը չեզոքացնելու համարժեք ռազմական, քաղաքական և դիվանագիտական միջոցներ ձեռնարկել: Արդեն պարզ է, որ ներկա պահին խնդիրը ոչ թե ԼՂՀ-ի փրկությունն է, այլ առնվազն այս տարածաշրջանում հայկական պետականության, գուցե նաև էթնոսի գոյության երաշխավորումը: Միջազգային հարթակներում Հայաստանը պարտավոր է հստակ բարձրացնել Թուրքիայից Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյության սպառնացող իրական վտանգի և դրանց ցանկացած միջոցով դիմագրավելու իր բնական իրավունքի մասին: Թուրքիայի նոր կառավարության և նոր վարչապետի նման գերագրեսիվ հայտարարությունները փաստում են, որ Հայաստանն այլևս իրավունք չունի ոչ հապաղելու, և ոչ էլ միայն ղարաբաղաադրբեջանական ուղղության վրա կենտրոնանալու:

[:]


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing