Լրահոս

«Հայաստանի իշխանությունները փակուղում են, պետք է որոշ հարցերում Մոսկվայից անկախ լինեն». Անդրեյ Պիոնտկովսկի

 

Piontovski-3

168.am-ը երևանյան երկշաբաթյա դրամատիկ իրադարձությունների, «Սասնա ծռեր» զինված խմբավորման գործողությունների, պահանջների ու ստեղծված իրավիճակից քաղվելիք դասերի մասին զրուցել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկիի հետ

– Պարոն Պիոնտկովսկի, երկու շաբաթ շարունակ հայկական զինված «Սասնա ծռեր» խմբավորումը գրավված պահեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը՝ պահանջելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այս ամենն ուղեկցվեց նաև զանգվածային հանրահավաքներով, երթերով և բախումներով Ոստիկանության և ցուցարարների միջև: Գործընթացի շուրջ հնչում էին նաև պահանջներ՝ ուղղված ՀՀ նախագահին՝ հստակեցնել՝ արդյո՞ք պատրաստվում է Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները՝ ռուսական պարտադրվող ծրագրերի համաձայն: Երեկ զինված խումբը զենքերը վայր դրեց, սակայն իրավիճակը դեռ երկար է քննարկվելու: Ըստ Ձեզ՝ ի՞նչը Երևանում հանգեցրեց իշխանության դեմ բողոքի նման արմատականացման:

– Իհա՛րկե, հայ հասարակությունը հետևում է և հասկանում, թե ինչ է կատարվում ողջ հետխորհրդային տարածքում: Այսինքն՝ սա մի ընդհանուր հետընթացի, հետխորհրդային տարածքում առկա խնդիրների դեմ համընդհանուր բողոքի երևանյան դրսևորումն էր: Սակայն երևանյան իրադարձությունների շարժիչ ուժը, իմ կարծիքով՝ ներքին խնդիրներն էին, ինչպես և՝ ողջ հետխորհրդային տարածքում: Կոմունիզմի կործանումից հետո համարյա թե բոլոր երկրներում, Մերձբալթյան երկրներում վերականգնվում էին ավազակապետությունները, պուտինյան ռեժիմի կրկնօրինակները, որոնք հանգեցրեցին հասարակության լայնածավալ բողոքների բոլոր ոլորտներում, դեգրադացիայի, ուստի հասարակական դժգոհությունն այս տարածքում խոշոր ծավալների է հասնում ու տարբեր ձևեր է ընդունում: Մենք տեսանք նարնջագույն հեղափոխություն Վրաստանում, Ուկրաինայում, զանգվածային երթեր ու բողոքի ակցիաներ Մոսկվայում, Ղազախստանում, այսինքն՝ այս իրադարձություններն անխուսափելի են այս երկրներում առկա ռեժիմների պարագայում: Հայաստանը հետխորհրդային տարածքի ամենանշանակալի երկրներից մեկն է, երկրի ղեկավարությունը մի խումբ մարդիկ են, որոնք ոչ միայն ղեկավարում են երկիրը, այլև տիրապետում երկրի բոլոր ակտիվներին, այդ համակարգը հավիտենական չի կարող լինել, քանի որ չի կարող ապահովել տնտեսական զարգացում և երկրի բարգավաճում, կարող է լինել միայն հակառակ գործընթացը: Ուստի նման զարգացումներ ու նման իրավիճակներ վաղ թե ուշ ստեղծվելու էին ու դեռ կստեղծվեն: Կպատասխանեմ հարցին, թե ինչո՞ւ սա տեղի ունեցավ հիմա և ոչ՝ կես տարի առաջ: Ինչպես ճիշտ նշեցիք, այս ամենը պայմանավորված է նաև Մոսկվայի նոր ծրագրերով: Իրականում Մոսկվան ցանկանում է մեկ պարզ բան՝ համոզել Հայաստանի նախագահին՝ հանձնել այդ տարածքները և տեղակայել ռուս խաղաղապահ ուժեր Ղարաբաղում:

Այսինքն՝ Մոսկվան ցանկանում է բոլոր հնարավոր միջոցներով ռազմական ներկայությունը մեծացնել Հարավային Կովկասում: Մոսկվան ամենաքիչը խնդրի լուծման մասին է մտահոգվում, Մոսկվան հետաքրքրված է լարվածության պահպանմամբ, որպեսզի երկու մայրաքաղաքի նկատմամբ ազդեցության լծակ ունենա: Իսկ նոր ուժեր տեղակայելով Հարավային Կովկասում՝ Մոսկվան կկարողանա խոչընդոտել Վրաստանում իր համար ոչ ցանկալի զարգացումների ընթացքը, քանի որ շատ է վախենում ռուսամետ Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցության պարտությունից: Մոսկվայի շահագրգռությունն ինձ համար շատ պարզ ու հասկանալի է:

Հայկական կողմի դիրքորոշումը և մտածողությունը ևս ինձ համար ընդունելի է եղել, քանի որ Հայաստանում մարդիկ տարիներ շարունակ մտածել են, որ ապրում են ծանր սոցիալ-տնտեսական պայմաններում, բայց հասել են Ղարաբաղի անկախությանը, հաղթել են Ղարաբաղյան պատերազմում: Սակայն պարզվեց, որ այս ռուսական պլանները վտանգի տակ են դնում այն, ինչ հայ հասարակությունը համարում է իր միակ ձեռքբերումը հետխորհրդային 25 տարիների ընթացքում: Հայ հասարակությունը հասկացավ, որ այդ հանդուրժողականությունն անտեղի է:

Դեռ չեմ պատկերացնում, թե ինչ ճակատագրի կարժանանան խմբավորման տղաները: Իմ համոզմամբ՝ նրանք հերոսներ են, որոնք վտանգի ենթարկելով իրենց կյանքը՝ գնացին նրան, որպեսզի նման բողոք բարձրացնեն ու արտահայտեն, որի արդյունքում պարզվեց, որ հասարակության մեծ մասն աջակցում է նրանց առաջադրած պահանջներին: Նրանց ձերբակալությունը, նրանց հետապնդումը և նման բռնի գործողությունները նրանց և նրանց կողմնակիցների նկատմամբ չեն վերացնելու այն տարաձայնությունները, հասարակական այն դժգոհությունը, որի մասին ես խոսեցի: Այդ դժգոհությունը միայն աճելու է:

Քննարկվում են նաև ստեղծված իրավիճակում արտաքին միջամտության վարկածները, ի դեպ, թե՛ ռուսական, թե՛ արևմտյան: Կա վարկած, համաձայն որի՝ Մոսկվան նման ճգնաժամով փորձեց ստիպել, սպառնալ ՀՀ նախագահին՝համաձայնել վերադարձնել շրջանները: Որքանո՞վ է արդարացված այս զարգացումներում արտաքին միջամտության փնտրտուքը:

– Արտաքին միջամտություն ես չեմ տեսնում: Ինչպես ասացի՝ իրավիճակը ներհայաստանյան պատճառներ ունի, և դրանք էլ ավելի են խորանալու: Ինձ համար այս վարկածները տրամաբանական չեն թվում: Մոսկվան ցանկանում է, որպեսզի Սարգսյանը զիջի տարածքները, բայց չէ՞ որ վերջին օրերի ելույթներում խմբավորման ներկայացուցիչները, հանրահավաքների կազմակերպիչներն այս հարցի դեմ էին արտահայտվում: Բայց իրադարձությունները ցույց տվեցին, որ ոչ բոլորն են կիսում պայքարի նրանց մեթոդները, մարդիկ կիսում են բողոքը երկրում ստեղծված ներկայիս իրավիճակի և տարածքների վերադարձի հարցում: Ուստի, եթե նույնիսկ սա Մոսկվայի պրովոկացիան էր, ապա այն անհաջող էր, Մոսկվային չմոտեցրեց իր նպատակներին: Այս իրադարձություններից հետո Սարգսյանի համար շատ ավելի բարդ է տարածքների վերադարձի հարց քննարկելը, քան մինչ այս զարգացումները:

– Իրենց հանձնվելու նախորդող օրը խմբավորման առաջնորդներից մեկը հայտարարեց, որ պետք է պայքարել Հայաստանի ապագաղութացման դեմ՝ նկատի ունենալով Ռուսաստանից կախվածության վերացումը: Ինչի՞ մասին է խոսում այս պահանջը: Ի՞նչ հետևություններ պետք է անեն իշխանությունները:

– Ամենաքիչը ես հակված եմ իշխանություններին խորհուրդներ տալ: «Ապագաղութացում» տերմինի կիրառությունն ինձ հետաքրքիր է թվում, ու, ցավոք սրտի, տեղին է նման տերմինով խոսել: Հետխորհրդային ոչ մի երկիր, նույնիսկ այնպիսի երկրներ, որոնք Ռուսաստանի վասալներն են համարվում, չեն հայտնվել Ռուսաստանից այսչափ բացարձակ կախվածության մեջ: Վերցնենք, թեկուզ, Բելառուսին և Բելառուսի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության դեպքում: ՀՀ ղեկավարությունը Հայաստանի արտաքին քաղաքականությունն ամբողջությամբ է տապալել, էլ չխոսենք ներքին քաղաքականության, տնտեսական քաղաքականության մասին, իրեն գցել է մի այնպիսի փակուղու մեջ, որ Մոսկվան կես ժամում լուծեց ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցիացման տապալման խնդիրը: ՀՀ իշխանություններն այլ ելք չունեն, քան որոշ հարցերում Մոսկվայից անկախություն, ինքնիշխանություն ցուցաբերելը, օրինակ՝ հենց այդ խաղաղապահների տեղակայման հարցում: Սա իսկապես ճակատագրական որոշում կարող է դառնալ Հայաստանի համար, քանի որ, ինչպես նշեցի, այս խնդիրների պահպանումը Հայաստանին սպառնում է նորանոր նմանատիպ և ավելի խորը ճգնաժամերով:

– ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան չէր բացառել Թուրքիայի մասնակցությունը, նրա խոսքով՝ դրական ներդրումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Սա ի՞նչ է նշանակում ԼՂ հակամարտության և Հարավային Կովկասի համար ռուս-թուրքական մերձեցման կոնտեքստում:

– Ոչ մի լավ բան չի նշանակում սա: Ընդհանրապես տիկին Զախարովան զարմանալիորեն անտակտ տիկին է, և արտաքին քաղաքականության մեջ նրա ոճը պարզապես ապշեցուցիչ է: Օրինակ՝ Եվրոպայում յուրաքանչյուր ահաբեկչական ակտից հետո նա սպառնում է Եվրոպային, որ, եթե Եվրոպան չհամագործակցի Ռուսաստանի հետ, Եվրոպայում ավելի շատ են պայթյուններ իրականացվելու: Նա նույնիսկ չի թաքցնում, որ Մոսկվան կապ ունի այդ պայթյունների հետ և որոշակի ազդեցություն իսլամիստների գործունեության վրա: Նրա ասածը Թուրքիայի վերաբերյալ հետևյալն է նշանակում. «Եթե չհնազանդվեք Մոսկվային, թուրքերը ձեզ համար ևս մեկ Ցեղասպանություն կկազմակերպեն»: Սա պետք է ընկալել հենց ԼՂ հակամարտության կոնտեքստում: Ես այսպես կմեկնաբանեի այդ հայտարարության նշանակությունը: Սա պարզապես բացարձակապես պատմական անտեղյակության և զոռբայության դրսևորում է այն երկրի նկատմամբ, որը մոսկովյան աշխարհում համարվում է վասալ:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...