Հայաստանի նոր կառավարության աններելի կիքսերը

77

Խաղաղասիրության եւ դեմոկրատիայի մանկական խաղերն ավարտվեցին, աշխարհն ավելի կոշտ է, լի չկամներով ու թշնամիներով, որոնք չգիտես ինչու չեն ուրախանում քո ձեռքբերումներով: Հայաստանում հեղափոխությունից հետո մեծ ռեւիզիա է սկսվել, եւ արտաքին քաղաքականությունը տվել է «մեկնարկը»:

Երկրի ներսում նոր կառավարության քաղաքականությունը միայն մեթոդաբանական քննադատությունների է արժանանում, իսկ ռազմավարությունը՝ կոռումպացված քրեաօլիգարխիկ համակարգի ապամոնտաժումը, գրեթե կասկած չի առաջացնում: Այդ առումով, երիտասարդ «անփորձ» կադրերի նշանակումը տեղին է՝ նրանք կոռումպացված չեն, այլ կերպ են մտածում, համակարգի մաս չեն եւ կարող են ապրել «սիրո եւ համերաշխության» մեջ:

Արտաքին քաղաքականությունում, սակայն, անփորձությունն ու ավելորդ «խաղաղասիրությունը» ձախողումների պատճառ են դառնում: Հայաստանի կառավարությունը մեկը մյուսի հետեւից կիքսեր է թույլ տալիս, որոնք հետո դժվար կլինի շտկել: Արդեն սկսում են հարցեր ծագել` արդյոք դա անփորձության հետեւանք է, թե գիտակցված քաղաքականություն:

Առաջին խոշոր կիքսը տվել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «ղարաբաղյան ուղղությամբ»: Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բանակցությունների վերսկսման շեմ դրեց Արցախի մասնակցությունը, նախարարը հանդիպեց ադրբեջանցի գործընկերոջը, եւ ամփոփիչ հայտարարությունում խոսք գնաց առարկայական բանակցությանը վերադառնալու մասին: Դա կարող է բազմաթիվ բացատրություններ ունենալ, բայց ամենահավանականն անթույլատրելի փափկությունն է: Մենք ապրում ենք կոշտ տարածաշրջանում, եւ այսպիսի կիքսերը չեն ներվում:

Երկրորդը Նիկոլ Փաշինյանն է թույլ տվել: Բրյուսելից վերադառնալիս նա լրագրողների հետ զրույցում կշտամբել է Եվրոպային, որ բավարար չեն գնահատել Հայաստանում թավշյա հեղափոխությունը եւ չեն մեծացրել ֆինանսավորումը: Դա Եվրոպայի համար անհասկանալի էր Ռուսաստանի հետ դաշինքին հավատարմության մասին հայտարարությունների ֆոնին: Քաղաքական տեսանկյունից այդ հայտարարությունը ոչ միանշանակ է գնահատվել:

Երրորդ կիքսը տվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ռուսական մամուլը որոշել է, որ ժամանակն է Հայաստանին կշտամբել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար: Ռուսական Կոմերսանտը Գրիգորյանին հարցրել է, թե ինչու է Հայաստանը մասնակցում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը: Հայտարարելու փոխարեն, որ դա Հայաստանի գործն է, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը նպաստում է Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացմանը, Արմեն Գրիգորյանը տարօրինակ հայտարարություն է արել: Նա ասել է՝ քանի որ Ադրբեջանը մասնակցում է ՆԱՏՕ-ի առաքելությանը, Հայաստանը նույնպես մասնակցում է, որ իմանա, թե ՆԱՏՕ-ն ինչ է սովորեցնում Ադրբեջանի զինվորականներին:

Սրանք աններելի կիքսեր են: Չի կարելի Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը արտապատկերել արտաքին աշխարհի վրա: Այնտեղ սերն ու համերաշխությունը կառուցվում են կոշտ շահերի վրա, նշանակություն ունի յուրաքանչյուր ստորագրություն, յուրաքանչյուր քառակուսի մետր եւ յուրաքանչյուր ձեռքսեղմում: Հեղափոխությունները միշտ չեն խաղաղ, առանց մի կրակոցի ավարտվում: Հայաստանի շուրջ ահռելի քանակի մահաբեր զենք կա, պատրաստ կրակելու: Այս իրավիճակում դիվանագիտությունը դառնում է գլխավոր զենքը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache