Լրահոս

Հայաստանի պատասխանն ադրբեջանական դիվերսիաներին. Երեւանը գրոհու՞մ է

 

arm148602278667

Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակը հայտարարել է Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձի մասին, որը կանխվել է, իսկ հակառակորդը կորուստ տալով նահանջել է: Հայկական կողմը հայտարարել է հարձակվողներից մեկին գերի վերցնելու մասին, հայտնելով նրա անուն ազգանունը, ծննդավայրը:
Այս տեղեկատվությունը կարծես թե ինչ որ առումով աննախադեպ է, քանի որ Ադրբեջանի դիվերսիոն գրոհները հետ մղելու դեպքերում հայկական կողմը չի վերցրել գերիներ, չի հայտարարել այդ մասին:
Ստեղծվում է հետաքրքիր իրավիճակ: Նախորդ տարեվերջին Ադրբեջանը դիվերսիոն ագրեսիա կիրառեց Չինարիի ուղղությամբ: Հայկական կողմը տվեց երեք զոհ: Ադրբեջանն էլ նահանջեց կորուստներով, զոհերից մեկի դին էլ թողնելով հայկական կողմում: Հայաստանը հայտարարեց, որ ունի ադրբեջանական նախահարձակության հստակ եւ անհերքելի ապացույցներ:
Հայկական կողմը հայտարարում է ադրբեջանցու հայկական կողմում մնացած դիակի, ինչպես նաեւ դիվերսիոն փորձի առնչությամբ քննություն իրականացնելու մասին, ադրբեջանցու դին մարդասիրությունից ելնելով վերադարձնելու հորդորներին պատասխանելով, թե կատարվում է քննություն, իսկ մարդասիրությունից խոսելու իրավունք Ադրբեջանը չունի, ելնելով այն հակամարդկային մի շարք օրինակներից, որ արել է այդ երկիրը իշխանության ամենաբարձր մակարդակով:
Չինարիի դիվերսիայից հետո հայտարարությամբ հանդես եկան Մինսկի խմբի համանախագահները, որում բացի մարդասիրությունից ելնելով դիակը վերադարձնելու հորդորին, որ ուղղել էին հայկական կողմին, խոսվում էր նաեւ Վիեննայի եւ Սանկտ-պետերբուրգի պայմանավորվածությունները պահելու եւ հրադադարի պահպանման, հետաքննությունների մեխանիզմի ներդրման գործում առաջընթացի հասնելու անհրաժեշտության մասին:
Օրերս այդ մեխանիզմի ներդրման անհրաժեշտության մասին հայտարարեց նաեւ ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչը Ռուսաստանի պարագայում որոշակի նորություն է, քանի որ Մոսկվան ոչ միայն հակված չէր խոսել այդ մեխանիզմի մասին, այլ գործնականում փորձում էր նաեւ Ադրբեջանին օժանդակել դրան դիմագրավելու հարցում: Բանն այն է, որ այդ մեխանիզմի ներդրումը գործնականում կարող է հիմնովին փոխել հակամարտության կարգավորման գործընթացի եւ նաեւ ռեգիոնալ անվտանգության համակարգի տրամաբանությունը, այդ թվում շոշափելիորեն նվազեցնելով նաեւ հակամարտության «ռազմական մենեջմենտ» իրականացնելու Ռուսաստանի հնարավորությունը:
Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի այդ հնարավորությունը էապես սահմանափակվեց ապրիլի պատերազմին, երբ հայկական զինուժը կարողացավ ինքնուրույն դիմադրել գերսպառազինված Ադրբեջանին, իսկ Հայաստանի հանրության մոտ էլ փաստացի պայթեց այն փուչիկը, թե Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է: Այդ համատեքստում, Մոսկվայի համար ստեղծվեց նոր իրավիճակ, որում ռազմական մեծ ծավալի նոր լարվածությունը շահեկան չէ Ռուսաստանի համար, քանի որ այդ դեպքում Մոսկվան «պարտադրված» է լինելու կամ օգնել Հայաստանին համոզիչ հարված հասցնել Ադրբեջանին, կամ պարզապես ազդարարվելու է Հայաստանի վրա ռուսական գերազդեցության վերջի սկիզբը:
Այդ իրավիճակում Մոսկվան թերեւս շահագրգռված է հրադադարի պահպանման մեխանիզմների եթե ոչ վերջնականապես ներդրման, ապա գոնե միջավայրի առավել հաստատուն լինելու հարցում, լավ հասկանալով, որ այլապես չի հանդիսանում Ադրբեջանին նոր ագրեսիայից հետ պահող վճռորոշ գործոն, եթե մյուս գործոնները դառնան նոր ագրեսիայի համար բարենպաստ:
Միեւնույն ժամանակ, պատժամիջոցներից զգալիորեն թուլացած Ռուսաստանն անկասկած ստիպված է գնալ Արեւմուտքի հետ փոխզիջումների ճանապարհով, որոնք առերեւույթ բացահայտ չեն, սակայն ներքուստ ենթադրում են խաղի որոշակի ընդհանուր նոր կանոնների շուրջ համաձայնություն:
Այդ իրավիճակում, Արեւմուտքն ու Ռուսաստանը կարող են փնտրել ոչ ֆորմալ, «աներեւույթ» հարթակներ, որոնց միջոցով օրինակ կարող են որոշակի քայլեր ձեռնարկել մասնավորապես Արցախի հակամարտության գործընթացում նոր մեծ էսկալացիայի հավանականությունը նվազեցնելու կամ զսպելու գործում:
Եվ այդ տեսանկյունից հետաքրքիր է դառնում հայ-ադրբեջանական սահմանագոտում արձանագրվող նոր միտումը, երբ հայկական կողմը դիվերսիոն հարձակումները, Ադրբեջանի դիվերսիոն ագրեսիան հետ է մղում «իրեղեն ապացույցներ» ձեռք բերելով: Եթե Չինարիի դեպքում դա ադրբեջանցու դին էր, Թալիշի ուղղությամբ ագրեսիայից հետո հայկական կողմը փաստորեն կենդանի «իրեղեն ապացույց» է ձեռք բերում՝ գերի վերցնելով հարձակվողներից մեկին, ինչն անկասկած նոր շտրիխ է լինելու քննության այն գործընթացում, որ Չինարիից հետո իրականացնում է հայկական կողմը՝ դրա մասին հայտարարելով համանախագահներին եւ միջազգային կառույցներին:
Փաստացի, ադրբեջանական շարունակվող դիվերսիոն գրոհներին ի պատասխան Հայաստանը սկսում է հետաքննական գրոհ, որն ինչ որ իմաստով ենթադրում է հետաքննության մեխանիզմի ներդրում, պարզապես ներկայում առավելապես հայկական կողմից: Ինչ որ իմաստով, հայկական կողմի այդ մարտավարությունը կարող է լինել այն ոչ ֆորմալ հարթակը, որում Արեւմուտքն ու Ռուսաստանը, կամ պարզապես Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները գործակցում են հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման շուրջ համաձայնության հասնելու, մեխանիզմի ներդրումն առաջ տանելու, կամ առնվազն հրադադարի պահպանումն առավել կառավարելի դարձնելու հարցում:
Այստեղ իհարկե իրավիճակը միարժեք չէ, եւ առաջանում են հարցեր, թե հայկական կողմի նկատվող նոր մարտավարությունը կամ այլ կերպ ասած «հետաքննական գրոհը» որքանով է կախված հենց երեք համանախագահների մոտ մոտեցումների որոշակի համադրվածության աստիճանի աճից: Քանի որ այդ համադրվածություն  ունի անկասկած տարբեր շարժառիթներ ու պատճառներ, այն կարող է նաեւ չունենալ շարունակվող աճ եւ անգամ ինչ-ինչ գործոնների հետեւանքով ինչ որ պահի ունենալ որոշակի հետընթաց:Արդյոք Հայաստանի «հետաքննական գրոհը» պայմանավորված կլինի այդ հարցում համանախագահների մոտեցումների համադրության մակընթացությունից եւ տեղատվությունից, թե՞ Հայաստանը պարզապես որոշել է այլեւս չսպասել Ադրբեջանին եւ համանախագահներին, հակամարտության կարգավորման գործընթացում ներդնելով հետաքննությունների իր մեխանիզմը:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing