Հայաստանի պատասխանն Ադրբեջանին

273

1in.am — Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ծրագրում են 6,1 տոկոսով ավելացնել պաշտպանական ծախսերը, դրանք հասցնելով ավելի քան 1 միլիարդ 700 միլիոն դոլարի: Սրանք թվեր են, որոնք Հայաստանի պարագայում ավելի շուտ համեմատելի են ամբողջ պետական բյուջեի, քան զուտ պաշտպանական ծախսերի հետ: Մյուս կողմից՝ այս թվերը ոչ թե ընկճվելու, հուսահատվելու, այլ հակառակը՝ կոռուպցիայի և յուրացումների դեմ պայքարում ավելի հաստատակամ, հետևողական և անխնա լինելու խթաններ են:

Բանն այն է, որ նավթի ու գազի պաշարներով Ադրբեջանի հետ զուտ ֆինանսական ծավալների համեմատությամբ Հայաստանը գոնե տեսանելի ապագայում համեմատվել կամ մրցակցել չի կարող: Հայաստանը պետք է դա փոխհատուցի կառավարման որակով ու էֆեկտիվությամբ, պաշտպանական ծախսերի համար նախատեսված յուրաքանչյուր լումայի առավելագույն արդյունավետ ծախսի կազմակերպմամբ և ապահովմամբ:

Ահա այս տեսանկյունից է նաև, որ վերջին օրերին տեղի ունեցող գործողությունները՝ բանակի համար նախատեսված մատակարարումներում չարաշահումների ու յուրացումների կապակցությամբ, ըստ էության, ունեն շատ ավելի լայն նշանակություն, քան զուտ օրինականության հաստատումն ու պատասխանատվությունը քրեորեն հետապնդելի հնարավոր արարքների համար: Սա Հայաստանի համար անմիջական ռազմաքաղաքական, անվտանգային քաղաքականության տարր է, որը հավասարազոր է, օրինակ, որևէ արդիական սպառազինության ձեռքբերման հետ, որևէ արդիական ռազմատեխնիկական սարքավորման ձեռքբերման կամ մշակման հետ, որը թույլ կտա առավել բարձրացնել Հայաստանի, Զինված ուժերի ու յուրաքանչյուր զինվորի անվտանգությունը:

Ահա այս տեսանկյունից մենք չունենք սպասելու, հապաղելու ժամանակ, պետք է շտապենք, որովհետև միայն այդպես կարող ենք մրցակցել ու չեզոքացնել Ադրբեջանի նավթի ու գազի օբյեկտիվ առավելությունը: Խնդիրն այն է նաև, որ եթե մենք այդ առավելությունը չչեզոքացնենք մեր ներքին ռեսուրսների և կարողությունների առավելագույնի հաշվին, մենք չենք կարող ակնկալել հավելյալ օժանդակություն նաև արտաքին հարթության վրա, դաշնակցային, գործընկերային, բարեկամական կապերով ու խողովակներով:

Այստեղ է, որ առաջին հերթին անվտանգության խնդիրներից կտրված թվացող ներքին գործընթացները իրականում անմիջական կապ ունեն այդ խնդիրների հետ, որովհետև Հայաստանում խնայված, չարաշահումից զերծ պահված յուրաքանչյուր լուման ավելացնում է Հայաստանի թե՛ պաշտպանունակությունը, թե՛ արտաքին քաղաքական կենսունակությունն ու լսելիությունը: Սակայն միևնույն ժամանակ, զուտ թվաբանական խնայողությունն ու օպտիմալությունն անկասկած նվազագույնն է, քանի որ այն պետք է լինի ոչ թե նպատակ, այլ միջոց: Միջոց արդեն որակական առավելության ձգտելու և հասնելու համար, որովհետև Հայաստանը, ներառյալ Արցախը, ունի ոչ միայն յուրաքանչյուր լումա իր, այսպես ասած, դրամավարկային ծավալով խնայելու, պահելու և փայփայելու, այլ նաև իր օգտակար գործողության գործակցով բազմապատկելու խնդիր: Այսինքն՝ այն, ինչ ստանում է Ադրբեջանը պայմանական մեկ միավոր դրամից, Հայաստանը պետք է գերազանցի առնվազն կրկնակի՝ ստացված արդյունքը:

Սա, իհարկե, հաջորդ փուլն է, որը սակայն արդեն իսկ պետք է պատրաստ լինի առնվազն նախնական մշակումների և հայեցակարգերի տեսքով, որովհետև այստեղ էլ, ըստ էության, ժամանակ չկա, և խնայված գումարները գրեթե անհապաղ պետք է վերածվեն կրկնապատկվող ՕԳԳ-ի:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache