Լրահոս

Հայաստանի «պայծառակերպությունը». Վտանգավոր խաղ, թե փրկության շանս

 

Այս լուսանկարը տարածել է ՀՀ ԱԺ Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Այսպես նա նշել է Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպության տոնը:
Աշոտյանը «վաստակել է» դա, նախօրեին հստակ պատասխան տալով Հայաստանում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու ՌԴ Պետդումայի նախագահի առաջարկին: Նա ասել է, որ այդ թեման փակված է:
Ավելի վաղ, Աշոտյանը հանդիպել էր ԱՄՆ դեսպան Միլզին: Միլզը հույս էր հայտնել, թե ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովն Աշոտյանի գլխավորությամբ կվարի ճիշտ ու արդյունավետ արտաքին քաղաքականություն:
Վերջին շաբաթներին տեղի են ունենում ուշագրավ իրադարձություններ: Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերություններ են պարզում, Մոսկվան կիրառում է բլիթի ու մահակի միջոցը Բաքվի հանդեպ: Զուգահեռ մահակ է կիրառվում Հայաստանի հանդեպ: Մոսկվան Ադրբեջանին ակնհայտորեն մղում է ինչ որ քայլերի, որոնց թվում փորձագետները չեն բացառում նաեւ «լոկալ» պատերազմի վերսկսումը Ղարաբաղում: Ռուսաստանն ակնհայտ շփոթվածության մեջ է եւ չի գտնում փակուղուց դուրս գալու ելքեր, եւ այս իրավիճակում այս վարկածը իրական է թվում:
Այս ֆոնին, Հայաստանում տեղի է ունենում որոշակի աշխուժություն Արեւմուտքի ուղղությամբ: Հայտնի է դարձել, որ Հայաստանը մասնակցելու է Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի Noble Partner 2017 լայնամասշտաբ զորավարժությանը: Նկատելի է, որ Հայաստանն իր հերթին «բլիթի ու մահակի» քաղաքականություն է սկսել Ռուսաստանի հանդեպ, մի կողմից քայլեր անելով Արեւմուտքի ուղղությամբ եւ ատամ ցույց տալով Մոսկվային, մյուս կողմից չզլանալով կրկնել պրոռուսական բլոկներն ընտրելու օգուտների մասին:
Ի՞նչ է սա՝ պետական քաղաքականության վերաիմաստավորո՞ւմ, իրավիճակային արձագանքնե՞ր, ինչպես օրինակ ապրիլյան պատերազմից հետո, թե սովորական առեւտուր Մոսկվայի հետ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի համար:
Աշոտյանն ասում է, որ հիմքում բացառապես Հայաստանի պետական շահն է: Սակայն իշխանությունը տեղ չի թողել դրան հավատալու համար: Ամենայն հավանականությամբ, գործ ունենք վերը թվարկված բոլոր տարբերակների հետ, ամենից մի քիչ՝ իշխանության խնդիրների լուծման համատեքստում: Չի բացառվում նաեւ, որ սա արվում է Մոսկվայի թելադրանքով, Ադրբեջանի հետ ՌԴ խնդիրների կարգավորման համար:
Սակայն իրավիճակը կարող է զարգանալ բավական արագ ու անկանխատեսելի ձեւով ու միջոցներով, եւ Սերժ Սարգսյանի Հայաստան-2040 «հայեցակարգը» կարող է այդպես էլ մնալ որպես հուշ իշխանության համար: Այդ հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է պետական հստակ քաղաքականություն, որն իսկապես կբխի ոչ թե իշխանության մանր նպատակներից ու «ինադից», այլ պետական շահից: Մանր նպատակներով խաղերը չափազանց վտանգավոր են, եւ «ջրի մեջ» կարող են հայտնվել բոլորը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing