Լրահոս

Հայաստանի փրկության երկու քայլերը՝ Armexit և Russexit

 

putin-3

168.am — Վլադիմիր Պուտինը ծաղրեց Հայաստանին՝ շնորհավորելով ԵԱՏՄ-ին անդամակցության արդյունքում արձանագրած 10 տոկոս աճի համար, ու իր պաշտպանության նախարարին ուղարկեց Բաքու՝ Ալիևի հետ քննարկելու ռազմատեխնիկական համագործակցության հարցեր։ Պուտինը ծաղրեց Հայաստանին, բայց կյանքը շարունակվում է։
Հայաստանում առաջնորդվում են ոչ թե՝ ծաղրին համարժեք պատասխանելու արժանապատվությամբ, այլ համոզմունքով, որ, եթե ծաղրողը Պուտինն է, ապա դա ոչ թե ծաղր է, այլ հաճոյախոսություն։ Ինչպես ամուսիններից մերժված կանայք են ամուսնու հայհոյանքն ընդունում որպես քնքշանք՝ հայհոյում է, ուրեմն սիրում է։ Ու Ռուսաստանի հետ հարաբերություններում հենց այդպիսի կարգավիճակում գտնվող Հայաստանում որևէ մեկը, բնականաբար, չի մտածում, որ դա ոչ թե ուղղակի ծաղր է, այլ Հայաստանի հետ վարվող քաղաքականության արտահայտություն, որն իր մեջ պարունակում է ամեն ինչ, բացի սուվերեն երկրի նկատմամբ հարգանքից։

Հայաստանում այդ մասին չեն մտածում, ու չմտածելով՝ չեն կանխատեսում, ու չկանխատեսելով` չեն մտահոգվում, որ այսօր Հայաստանին ծաղրող Պուտինը վաղը ծաղրը վերածելու է նվաստացման, նվաստացումն էլ՝ հանձնումի՝ նյութական, ֆիզիկական, տարածքային։ Ու չմտածելով ու չկանխատեսելով՝ չեն հասկացել նաև, որ ռուսները ոչինչ հենց այնպես չեն ասում։ Ու եթե մի բան ասում են, ուրեմն անում են դա։ Ու այդքանով ազնիվ են։ Չեն մտածել ու չեն կանխատեսել, որովհետև չեն հիշել դեռևս 2004 թվականին Երևանում ՌԴ Պետդումայի ղեկավար Գրիզլովի հայտարարությունը, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է տարածաշրջանում։

Ու չհիշելով Գրիզլովի հայտարարությունը, այն չեն համադրել 2004-ին հաջորդած 12 տարիներին տեղի ունեցածի հետ, ու չհամադրելով՝ չեն արձանագրել, որ Ռուսաստանն ավելի քան հետևողական է իր պաշտոնյայի այդ հայտարարությունն իրագործելու հարցում և անում է այն, ինչի մասին հայտարարել էր Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի վարքագիծն արտահայտող ազգանվամբ այդ պաշտոնյան։

Բայց արժե գոնե հիմա հիշել Գրիզլովի հայտարարությունը, երբ Պուտինը շնորհավորում է անդունդը գլորվող տնտեսություն ունեցող Հայաստանին տնտեսական երկնիշ աճի կապակցությամբ ու դրանից առաջ հասցրած է լինում թեյել Ալիևի հետ ու հայտարարած լինել, որ ղարաբաղյան հակամարտությունում չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ։ Արժե հիշել ու չմոռանալ նաև, որ Պուտինի այդ հայտարարությունը վերաբերում է 1994 թվականին պատերազմը հաղթած ու պարտված կողմերին։ Իսկ պատերազմում այդ հաղթել է հայկական կողմը, ու պարտվել է Ադրբեջանը։

Պուտինը հայտարարում է պատերազմի արդյունքները սրբագրելու, հաղթող կողմին հաղթանակից զրկելու մասին, որովհետև, երբ հայտարարվում է, որ չեն լինելու հաղթողներ ու պարտվողներ, նշանակում է՝ հաղթանակի առարկան հաղթողից վերցվելու ու փոխանցվելու է պարտվողին։

Ինչպես վերցվել է Հայաստանի ինքնիշխանությունը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, որը պետությունից ֆորպոստ դառնալու ճանապարհին վերջին խոչընդոտի հանձնումն էր Ռուսաստանին։

Որքա՞ն է շարունակվելու այս ընթացքը՝ Հայաստանը՝ որպես ինքնիշխան միավոր, վերացնելու ընթացքը։ Կա՞ արդյոք այն կանխելու հնարավորություն, թե՞ ամեն ինչ կորսված է անդառնալիորեն։

Հնարավորություն, իհարկե, միշտ կա, անգամ այն դեպքերում, երբ թվում է, որ գնացքը վաղուց գնացել է։ Բայց այդ հնարավորությունը ժամանակի հետ սպառվում է, ու սա «լավ է ուշ, քան երբեք» պարագան չէ։ Սա կարող է լինել ուշից ավելի ուշ պարագան, որը որպես չափողականություն՝ անցյալի նման է։ Այսինքն՝ արդեն կորսված է, ինչպես այն անցյալը, որի վրա ապագա կառուցելու մազոխիզմը Հայաստանին հասցրել է այս վիճակին։
Հնարավորություն, իհարկե, կա։ Բայց դա Պուտինի ծաղրին Ռուսաստանի գիտատեխնիկական առաջընթացի կամ նավթի գնի եռանիշ աճի առթիվ շնորհավորելով պատասխանելը չէ։

Պուտինին և Հայաստանին ծաղրողներին պետք է պատասխանել գործողություններով։ Ու պատասխանել պետք է աշխարհի համար հասկանալի լեզվով ու գործընթացներով, որի նախադեպը, ի դեպ, նույն աշխարհը տվել է տակավին վերջերս։ Խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, ԵՄ-ից նրա դուրս գալու քայլի՝ Brexit-ի մասին է, որը, որքան էլ ցավալի էր արևմտյան աշխարհի ու ԵՄ-ի համար, այդուհանդերձ, ընդունելի ու հասկանալի էր, քանի որ արտահայտում էր առանձին վերցրած երկրի քաղաքացիների կամքը։

Հայաստանը կարող է ու պետք է նախաձեռնի Аrmexit՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը։ Կարող է ու պետք է նախաձեռնի լրջորեն, ոչ թե առանձին վերցրած պսևդոհակառուս պատգամավորի կամ փոքր խմբակի հայտարարության տեսքով, այլ դրան վերաբերվելով՝ որպես Հայաստանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերի։
Ո՞վ կամ ովքե՞ր կարող են նախաձեռնել իրական Аrmexit-ը։ Հաստատ ո՛չ Հայաստանը ԵԱՏՄ խցկած իշխանությունը։

Ո՛չ էլ Հայաստանը Ռուսաստանի ավելի խորը ծայրագավառ դարձնելու պատրաստ արմատական ընդդիմությունը։ Ո՛չ էլ անգամ ու առավել ևս՝ անվանումներում արևմտյան արտահայտություններ ունեցող հասարակական կազմակերպությունները կամ քաղաքացիական նախաձեռնությունները։

Եվ ուրեմն, եթե խնդիրն իշխանություններինը չէ, քաղաքական ուժերինը չէ ու քաղաքացիական նախաձեռնություններինը չէ, ապա հասարակությանն է, որից նշված բոլոր միավորները հեռացել են այնքան ու այնպես, ինչպես Հայաստանը՝ ինքնիշխանությունից։ Եվ եթե ճիշտ են ու մտացածին չեն հայ ժողովրդի իմաստնության մասին ասույթներն ու առածները, ուրեմն հասարակությունը պետք է կարողանա գտնել մարդկանց, այդ մարդկանց համապատասխան հարթակներ բերելու մեխանիզմներ՝ ինչպես կրկին ասույթներում է ընդունված ասել, երկրին տեր կանգնելու, ու ինչպես Սահմանադրության առաջին հոդվածում է գրված՝ Հայաստանը ինքնիշխան պետություն դարձնելու համար։

Հ.Գ. Armexit-ը կարող է հասնել իր նպատակին, եթե զուգահեռաբար կամ գոնե որպես դրա հաջորդ քայլ՝ Հայաստանում իրականացվի Russexit։ Հայաստանը պետք է դուրս գա Ռուսաստանի կայսերապետության քարոզչության համար ստեղծված ԵԱՏՄ-ից, Ռուսաստանն էլ պետք է իր ռազմաբազան հանի Հայաստանից։ Իսկ ընդհանրապես Հայաստանում Russexit պետք է իրականացվի գրեթե բոլոր ոլորտներում՝ սկսած պետական կառավարման ապարատից ու քաղաքական համակարգից, մինչև մարդկանց գիտակցություն։ Armexit-ը և Russexit-ը կկատարեն այն գործառույթը, որը պետք է կարգավորվի «Լյուստրացիայի մասին» օրենքով, ինչը, հասկանալի պատճառներով, Հայաստանը չունի ու չի ունենալու։

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...