Լրահոս

Հայաստանի սահմաններին կպած. Ռուհանիի ու Ալիևի «հիանալի հեռանկարները»

 

դվվզղ

Իրանի նախագահ Հասան Ռուհանին երեկվանից պաշտոնական այցով Բաքվում է: Նա այսօր Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ է վարելու:

Օրերս ռուս-իրանական հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս, Պուտինը ընդգծեց համագործակցությունը ատոմային էներգետիկայի բնագավառում՝ նշելով, որ ռուսական տեխնոլոգիաներով Իրանում կառուցվել է «Բուշեր» ատոմակայանը և ռուսաստանցի մասնագետները մտադիր են ևս ութ բլոկ կառուցել Իսլամական Հանրապետությունում: Բացի այդ, Մոսկվան ու Թեհրանն այսօր բանակցում են նոր նավթագազային համատեղ ծրագրերի, ավիացիոն և էլկտրաէներգետիկայի բնագավառներում համագործակցության շուրջ։ Պուտինի փոխանցմամբ՝ ռուս-իրանական առևտրատնտեսական հարաբերություններն էլ ավելի արագ կզարգանան, եթե ստեղծվի ազատ առևտրի գոտի Իրանի և Եվրասիական միության միջև: «Աշխատանքային խումբ այս հարցով արդեն ստեղծված է», – հայտնել է Ռուսաստանի նախագահը։

Ինչևէ, երեկ Բաքվում կայացավ Ալիևի և Ռուհանիի երկկողմ հանդիպումը: Բանակցությունները, կարելի է ասել, բավական տպավորիչ են եղել: Դեռ Բաքու մեկնելուց առաջ Ռուհանին ասել է, որ «երեք երկրները, մասնավորապես, մտադիր են քննարկել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը, որը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ»: Նրա խոսքով` Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները դառնում են ավելի ու ավելի ռազմավարական: Բացի այդ, նա նշել է տարածաշրջանային և միջազգային հարցերով երկկողմ համագործակցությունը:

Ադրբեջանի և Իրանի նախագահներ Իլհամ Ալիևի և Հասան Ռուհանիի մասնակցությամբ ընդլայնված ձևաչափով հանդիպման ավարտից հետո կայացել է մի շարք փաստաթղթերի ստորագրման հանդիսավոր արարողություն: Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր՝ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի իրագործման ոլորտում Արձանագրություն համագործակցության մտադրության մասին, Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության և Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության միջև էլեկտրոնային անվտանգության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր, Ադրբեջանի Ստանդարտացման, չափագիտության և արտոնագրերի պետական կոմիտեի և Իրանի Ստանդարտների և արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջև ստանդարտացման, չափագիտության, համապատասխանության գնահատման և հավատարմագրման ոլորտներում փոխհամագործակցության շուրջ Փոխըմբռնման հուշագիր: Ստորագրվել են նաև Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարության և Իրանի Մշակութային ժառանգության, արհեստների և տուրիզմի կազմակերպության միջև 2016-2019թթ. զբոսաշրջության համագործակցության ոլորտում Իրագործման ծրագիր, Ադրբեջանի և Իրանի կառավարությունների միջև բույսերի պաշտպանության և կարանտինի ոլորտում համագործակցության շուրջ համաձայնագիր, Ադրբեջանի Կենտրոնական բանկի և Իրանի Կենտրոնական բանկի միջև Փոխըմբռնման հուշագիր:

Ռուհանին Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում նշել է, որ վերջին երեք տարիներին Իրանի ու Ադրբեջանի միջև կապերը զարգանում են կտրուկ, ձեռնարկվել են կարևոր քայլեր երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռուհանին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է մաքսատուրքերի նվազեցման ու առևտրի զարգացման հարցերը. «Համատեղ հանձնաժողովները պետք է ձգտեն հող ստեղծել երկու երկրների միջև ազատ առևտրի ստեղծման համար, ինչը գլխավոր նպատակն է: Մենք հուսով ենք, որ երկու երկրների միջև կիրականացվի ազատ առևտուր: Վերացվել են ԵԱՏՄ երկրների հետ մաքսատուրքերը, և մենք ցանկանում ենք այդպիսի համաձայնագրի հասնել նաև Ադրբեջանի հետ»:

Ռուհանին ընդգծել է, որ զբոսաշրջային ոլորտի զարգացումն ու ընդլայնումը, ավիաչվերթների քանակի ավելացումն արագացնելու նպատակով երկու երկրները ջանքեր կգործադրեն վիզային ռեժիմի չեղարկման ու մի շարք ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: «Վիզային ռեժիմի չեղարկումից հետո քաղաքացիները կկարողանան անարգել այցելել երկու երկրներ: Կարևոր հարցերից մեկը տարանցման հարցն է, որը հատկապես առնչվում է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքին: Այդ հարցը կարևոր է ինչպես երկու երկրների, այնպես էլ տարածաշրջանի երկրների համար: Ներկայումս առավել կարևոր հարցը իրանական Աստարայից մինչև ադրբեջանական Աստարա երկաթուղիների միավորումն է: Երկրորդ հարցը Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցումն է, և երկու երկրներն այդ ոլորտում կանեն համատեղ ներդրումներ և կիրականացնեն համատեղ աշխատանքներ: Այդ նախագծի 50 տոկոսը բաժին է ընկնում Իրանին, մնացյալ 50 տոկոսը՝ Ադրբեջանին: Տվյալ նախագծի իրագործմամբ Ադրբեջանը Պարսից ծոցի միջոցով կապ կհաստատի այլ երկրների հետ»,- նշել է Իրանի նախագահը:

Բացի այդ, բացվում է Նախիջևան-Թավրիզ-Մեշհեդ երկաթուղին: Ալիևը Ռուհանիի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում ասել է, որ իրենք քննարկել են երկկողմ ձևաչափի հարցերի լայն շրջանակ. «Կան հիանալի հեռանկարներ զբոսաշրջային ոլորտում: Իրանի քաղաքացիներն արդեն կարող են Ադրբեջան ժամանել պարզեցված վիզային ռեժիմով, բացվում է Նախիջևան-Թավրիզ-Մեշհեդ երկաթուղին: Հիանալի իրավիճակ է տիրում օդային տրանսպորտի ոլորտում, աճում է չվերթների թիվը: Քննարկվել են բնապահպանական, Կասպից ծովին առնչվող հարցեր, և կարող եմ ասել, որ չկա որևէ տարաձայնություն: Նախագահ Հասան Ռուհանիի այս այցն Ադրբեջան շատ կարևոր քայլ է իրանա-ադրբեջանական քաղաքական, տնտեսական, մարդասիրական կապերի ամրապնդման ուղղությամբ»:

Մետաքսյա Շալունց

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...