Լրահոս

Հայաստանի տարածքը ռուսներն ուզում են վերածել Ռուսաստանի ՀՕՊ բուֆերային գոտու.

 

arm146518876949

lragir.am-ը գրում է.  Ցավով պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության անկախությանը հասցվող անվերականգնելի հարվածները հասել են իրենց գագաթնակետին: Բոլոր հնարավոր ու անհնար ռազմավարական ոլորտները օտար պետությանը՝ Ռուսաստանին հանձնելուց հետո հասել է Հայաստանի անկախ պետականության միակ պատվար մնացած Հայկական Բանակի հերթը:Համատեղ հակաօդային պաշտպանության /ՀՕՊ/ համակարգի ստեղծման անվան տակ ռուսների կառավարմանն է հանձնվում Հայկական հակաօդային պաշտպանությունը:

Նախատեսվում է, որ ՀՕՊ միացյալ ուժերի հրամանատարությունը կիրականացնի ռուսական զինված ուժերի գլխավոր շտաբը, իսկ կոնկրետ Հայաստանի տարածքի ՀՕՊ ղեկավարումը՝ ռուսական զինված ուժերի Հյուսիս Կովկասյան զինվորական օկրուգի հրամանատարությունը:Թե ինչպիսի ջանադրությամբ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի օդային տարածքը, նա ցույց տվեց ապրիլյան պատերազմի ժամանակ: Կարծում ենք, որ այդ պատերազմից հետո Հայաստանում մնացած ամենավերջին հաստագլուխ ռուսամոլն էլ հասկացավ, որ այսօր Հայաստանի անկախությանը սպառնացող ամենամեծ վտանգը գալիս է հենց Ռուսաստանից:

Հայաստանի տարածքը ռուսներն ուզում են վերածել Ռուսաստանի ՀՕՊ բուֆերային գոտու: Նշենք, որ դա հնարավորություն կտա Ռուսաստանին կառավարելու Հայաստանի ոչ միայն ռազմական օդային հաղորդակցությունը, այլև քաղաքացիական օդանավերի շարժը և օդանավակայանները, ցանկության դեպքում սահմանափակելով դրանց գործունեությունը և վնաս հասցնելով Հայաստանի տնտեսությանը, ներառյալ Հայաստանից Արցախ և Արցախից Հայաստան օդային հաղորդակցության կապը։Այս վերջին տարիներին Ռուսաստանը բացահայտ գրոհի է անցել: Զինելով Ադրբեջանի Հանրապետությանը հարձակողական ծանր զենքերով, նրանց անընդհատ քսի է տալիս հարձակվելու Արցախի և Հայաստանի վրա, հույս ունենալով կոտրել Հայոց Բանակի կամքը:

Հերթական անգամ համոզվելով դրա անհնարինության մեջ, նա մեջտեղ է բերում իր տրոյական ձիուն՝ Հայաստանի իշխանություններին, ովքեր Հայ ժողովրդին թալանելու իրենց անհագ իրավունքը պաշտպանելու համար ամբողջ Հայաստանը և Հայ ժողովուրդը կզոհաբերեն իրենց տերերին՝ ռուսներին և թուրքերին:Գեոպոլիտիկ Ակումբը և Հայդուկը անընդհատ զգուշացնում էին այս սողացող արհավիրքի մասին, պնդելով, որ այս ամբողջ ռուսական ագենտուրան պետք է օր առաջ հեռացվի Հայաստանի իշխանությունից և պատժվի: Հողը պիտի այրվի այդ դավաճանների ոտքերի տակ, նրանց սերունդները պետք է կրեն դավաճանի պիտակը: Կոչ ենք անում համայն հայության սրտացավ, հայրենասեր զանգվածներին թույլ չտալ մեր երկիրը հանձնել թշնամու ձեռքը, օգնել Հայաստանին դուրս գալու այս քաղաքական մեկուսացումից, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ստանա ազատ և բարեկեցիկ ապրել իր անկախ Հայրենիքում:Հ.Գ. Տվյալ գործարքը նույնիսկ ռազմական տեսանկյունից ոչ մի քննադատության չի դիմանում: Մենք պատրաստվում ենք մեր հակաօդային պաշտպանությունը վստահել մի երկրի, որի հակաօդային պաշտպանության ամբողջ հզորությունը կենտրոնացված է միայն մայրաքաղաքը՝ Մոսկվան պաշտպանելու համար: Թե ինչպես են դա էլ կարողանում անել, ցույց տվեց Մատիաս Ռուստը, ով, բարեհաջող շրջանցելով այդ երկրի հակաօդային պաշտպանության բազմաշերտ արգելքը, իր ինքնաթիռով գեղեցիկ վայրէջք կատարեց Մոսկվայի հենց սրտում՝ Կարմիր հրապարակում:

ԱՄՆ Գեոպոլիտիկ Ակումբ

ԱՄՆ Հայդուկ Կազմակերպություն


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing