Լրահոս

Հայաստանի ճեղքումը. Սկսվում է նոր յոթնամյա փուլ

 

Սերժ Սարգսյանը պաշտպանական ազգային հետազոտական ինստիտուտում հայտարարեց, որ հանձնարարել է մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր՝ 2018-25 թվականների համար: Սարգսյանի հայտարարության առանձնահատկությունն այն էր, որ նա փաստացի հայտարարեց այդ ծրագրի իրականացման համար իր պատասխանատվության մասին:

Այդ հայտարարությունը շատերի մոտ արդարացիորեն առաջացրել է հարց կամ ստեղծել տպավորություն Սերժ Սարգսյանի հետնախագահական քաղաքական պլանի հետ կապված, այն իմաստով, որ Սարգսյանը փաստորեն ներկայացնում է իշխանության գլխին մնալու նվազագույնը յոթ տարվա ծրագիր:Այլապես դժվար է պատկերացնել բանակի արդիականացման համար առաջնային պատասխանատվություն, առանց առաջնային իշխանական մանդատի:

Սակայն, Սարգսյանի հայտը ուշագրավ է առավել ընդգրկուն տեսանկյունից, ոչ միայն բուն հետնախագահական կարգավիճակի:Նախ, առանցքային է այն, որ հռչակվում է բանակի արդիականացման նպատակ: Անկասկած, դրանից հետո գրեթե բոլորի մոտ առաջանում են հարցեր, թե Սերժ Սարգսյանն ու իշխանությունը որքանով են ունակ, որքան կամք եւ ցանկություն ունեն լիարժեք իրականացնել դրա իրականացումը եւ արդյոք ամեն ինչ այս անգամ էլ կարգին չի լինի միայն թղթերով:

Բայց ինքնին նպատակի հռչակումը էական է, այդ թվում նաեւ իր կոնկրետությամբ: Եվ այդ առումով, հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը հանդես է գալիս պաշտպանական բնագավառի խիստ կոնկրետ նախաձեռնությամբ, ի տարբերություն խիստ վերացական ազգ-բանակի, որով հանդես է եկել պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Այստեղ էլ ուշագրավ է այն, որ Սերժ Սարգսյանը Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը ողջունելուց բացի, գործնականում որեւէ պատասխանատվություն չի ստանձնել դրա իրականացման համար: Ազգ-բանակի մասին պաշտպանության նոր նախարարը հայտարարեց մեկ տարի առաջ, եւ այդ մեկ տարվա ընթացքում Սերժ Սարգսյանն այդպես էլ չմտավ այդ հայեցակարգի կամ գաղափարի համար պատասխանատվության տակ:

Փոխարենը, նախօրեին նա անմիջականորեն պատասխանատվություն է ստանձնում բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի իրականացման համար: Այդպիսով, Սարգսյանը փաստացի մի կողմ է «հրում» Վիգեն Սարգսյանի առաջ քաշած գաղափարը կամ հայեցակարգը, եւ առաջնային պլան է բերում իր հանձնարարած կամ նախաձեռնած արդիականացման ծրագիրն՝ անմիջական անձնական պատասխանատվության հռչակումով:

Գործնականում, Սերժ Սարգսյանը փաստացի չեղարկեց ազգ-բանակը, բայց ոչ ուղղակիորեն, քանի որ այդ հայեցակարգը նրան անհրաժեշտ է որպես իշխանական համակարգի բալանսավորման գործիք, այդ թվում անհրաժեշտության դեպքում Վիգեն Սարգսյանին կամ առաջ մղելու, կամ էլ՝ «զոհաբերելու» համար:

Բանակի արդիականացման ծրագիրը Սերժ Սարգսյանի համար ռազմա-քաղաքական դիվանագիտության տարր է, արտաքին ուժային կենտրոնների հետ հարաբերության տարր: Գործնականում հայկական բանակի արդիականացումը այլ բան չի կարող ենթադրել, քան բանակի համապատասխանեցում եվրատլանտյան չափանիշներին: Այդ չափանիշներն են, որ թույլ են տալիս զինված ուժերի արդիականացման հարցում բերել առավելագույն արդյունքի, այդ թվում նաեւ համալիր պետական կառավարման շրջանակում, որովհետեւ չափանիշները ենթադրում են քայլեր ոչ միայն զինուժի, այլեւ ամբողջական պետական կառավարման տեսանկյունից:

Սարգսյանի հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ հնչում է Հայաստան Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու այցից մի քանի օր անց: Բանն այն է, որ այդ այցի ընթացքում Վաշչիկովսկին արեց մի շարք հայտարարություններ, որոնց թվում եւ այն, որ ՆԱՏՕ-ի հաջորդ տարի մայիսին տեղի ունենալիք Վեհաժողովից առաջ եկել է լսելու տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ Հայաստանի դիտարկումները:

Փաստացի, Լեհաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ Հայաստանի դիտարկումները նվազագույնը Լեհաստանի համար կարեւոր են ՆԱՏՕ-ի վեհաժողովին պատրաստվելու համար: Իսկ Լեհաստանը ՆԱՏՕ-ի համեմատաբար նոր, բայց բավական նշանակալի դեր ունեցող պետություն է, Արեւելյան Եվրոպայի անվիճելի առաջատարը ու նաեւ ՆԱՏՕ առաջատար ԱՄՆ վստահելի գործընկերը:Ահա այդ հայտարարություններից հետո Սերժ Սարգսյանը հռչակում է բանակի արդիականացման, կամ տողատակում բավական հստակ ու թափանցիկ նշմարվող՝ հայկական բանակը եվրատլանտյան չափանիշների բերելու ծրագրի մասին:

Այլ հարց է, որ Սարգսյանի համար այդ ծրագիրը կարող է դառնալ ընդամենը սեփական քաղաքական խնդիրները լուծելու հերթական գործիք, բայց, մյուս կողմից, խնդիրը նաեւ այն է, թե Հայաստանի ու միջազգային հանրությունը որքանով կկարողանան հռչակված ծրագիրը դարձնել իրենց գործիքը:Այստեղ բնականաբար առանցքային է հարցը, թե ինչպե՞ս է վերաբերելու դրան Ռուսաստանը, չէ՞ որ հայկական բանակի արդիականացումը ենթադրելու է պաշտպանական համակարգի վրա Ռուսաստանի ազդեցության նվազեցում: Հետեւաբար, Մոսկվան դա կդիտարկի որպես մարտահրավեր:

Մյուս կողմից, իրավիճակն այստեղ միարժեք չէ: Մոսկվան ունի անվտանգության հարցերում ազդեցության մի շարք լծակներ, եւ բանակի որակական արդիականացումն այդ իմաստով միայն առաջին հայացքից է Ռուսաստանի համար մարտահրավեր: Վերջին տարիների իրադարձությունների զարգացումը, ապրիլյան պատերազմը հստակ ցույց տվեցին, որ սեփական տարածաշրջանային մարտահրավերները չափման այդօրինակ առերեւույթ միավորներով դիտարկելը ոչ միայն նույնիսկ միջնաժամկետ առումով չի սպասարկում Ռուսաստանի շահը, այլ Մոսկվային կանգնեցնում է խորքային խնդիրների առաջ, որոնք, այդպես շարունակելու դեպքում, երկրորդ անգամ հաղթահարելը կլինի չափազանց դժվար:

Այդ տեսանկյունից, Ռուսաստանին կովկասյան տարածաշրջանից դուրս է մղում ոչ թե ՆԱՏՕ-ն, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնց ռազմավարական ծուղակում է Մոսկվան արդեն մի քանի տարի: Թուրքիային ու Ադրբեջանին այդ հարցում կարող է խանգարել միայն ՆԱՏՕ-ն:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am