Հայաստանի վախերն ու շահավետ տանգոն

 

18286_b

1in.am — Հայաստանում ընթացիկ շաբաթը ՆԱՏՕ-ի շաբաթ էր եւ դրա շրջանակում Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաներ արեցին մի շարք հայտարարություններ, որոնք մի կողմից կարեւոր նշանակություն ունենալով Հայաստանի համար, մյուս կողմից ըստ էության բացահայտեցին բավականին մտահոգիչ մի պատկեր։ Եվ բավականին տարողունակ այդ հայտարարություններն ու պատկերը ըստ էության հնարավոր է ամփոփել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շիի արած հայտարարության մեջ, որի խոսքերով՝ Հայաստանն ու ՆԱՏՕ-ն հիանալի զույգ են տանգոյի համար։ Եվ սա իհարկե բոլորովին պատկերավոր խոսք չէ, որ հնչում է Հայաստանում անցկացված ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում։

Սա իրականության յուրօրինակ արտացոլում է այն պարագայում, երբ մենք տեսնում ենք, թե Հայաստանն ինչպես է իր անվտանգության հեռանկարները միակողմանիորեն կապում մի կազմակերպության եւ «դաշնակցի» հետ, որոնց գործողությունները ոչ միայն չեն արտացոլում Հայաստանի անվտանգությունն ու շահերը, այլ դրանցում առկա վտանգները ժամանակ առ ժամանակ դառնում են բավական ցավոտ իրականություն, ինչպես ապրիլյան պատերազմն էր։ Հայաստանն իր անվտանգությունը տեղավորել է մի զամբյուղի մեջ, որն ըստ էության լցված է այնպիսի «սննդակարգով», որը հակացուցված է Հայաստանի առողջությանը։ Դա չափազանց ակնհայտ է ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, որտեղ Հայաստանի համար առաջացող վտանգները հնարավոր է լինում չեզոքացնել միայն հենց Արեւմուտքի օգնությամբ, իհարկե ոչ թե Հայաստանի գեղեցիկ աչքերի, այլ պարզապես շահերի համընկնելու շնորհիվ։




Սակայն, ՆԱՏՕ-ի հետ տանգո պարելու փոխարեն՝ ինչի հանդիպակած ցանկության մասին խոսվում է բացահայտ, Հայաստանը նախընտրում է տանգո պարել բոլորովին այլ սուբյեկտների հետ, որոնք Հայաստանի հետ պարելու ցանկություն բացարձակապես չունեն եւ որոնց նպատակն ընդամենը Հայաստանին հրամայելն է, սեփական շահերը Հայաստանին պարտադրելը, դրան զուգահեռ բացարձակապես ուշադրություն չդարձնելով Հայաստանի շահերին եւ անվտանգության խնդիրներին։ Այստեղ հաճախ առաջանում են մանիպուլյատիվ փորձեր, երբ շատերը ձգտում են խաղարկել անվտանգության խնդիրներն ու թուրքական վտանգը, այդպիսով նաեւ ձգտելով ամրագրել հայ հասարակության գիտակցության մեջ Ռուսաստանի անփոխարինելիությունը, հաշվի առնելով նաեւ Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը։ Այդ իմաստով էլ ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթվա ընթացքում բավական պարզ եւ դիպուկ էր ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուի հայտարարությունը, որ Ադրբեջանին սպառազինության վաճառքի թիվ մեկ գործընկերը Հայաստանի դաշնակից համարվող Ռուսաստանն է, ոչ թե ՆԱՏՕ-ի անդամ համարվող Թուրքիան:

Եվ այստեղ ամենեւին խնդիրը Ռուսաստանի եւ Թուրքիայի, կամ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ համեմատություններ անցկացնելը, նրանց միջեւ լավն ու վատը որոշելը կամ ընտրություն կատարելը չէ։ Այստեղ կարեւորը իրականությունից, փաստերից հետեւություն եւ եզրակացություն անելն ու սեփական քաղաքականության մարտավարությունն ու ռազմավարական հեռանկարները հենց դրանց վրա, ոչ թե վախերի եւ կարծրատիպերի վրա կառուցելն է։ Դրանք երբեք չեն կարող լինել արդյունավետ խորհրդատու, հետեւաբար չեն կարող բերել պետական շահից բխող արդյունավետ եզրահանգումների։

Այդ տեսանկյունից, ՆԱՏՕ-ի հայաստանյան շաբաթը, եւ դրան զուգահեռ ծավալված հայ-ռուսական միացյալ զորախմբի ընդլայնման ռուսական բավական խորհրդավոր նախաձեռնությունը տվեցին իսկապես լուրջ մտորումների առիթ՝ կապված այն գործողությունների հետ, որոնք կօգնեն Հայաստանին վերջնարդյունքում գործ ունենալ իրապես փոխշահավետ տանգոյի հետ, հակառակորդի տանկերի հետ հնարավորինս քիչ գործ ունենալու համար։

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

You might also like More from author