Լրահոս

Հայաստանի վրա ռուսական ազդեցության կոռուպցիան

 

12668_am_1

1in.am —  Չնայած Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե Հայաստանում բարեկեցությունն աճել է, Հայաստան ուղարկվող տրանսֆերտները շարունակում են բավական մեծ տեմպով նվազել: Իսկ եթե տրանսֆերտները նվազում են, ապա ոչ միայն նվազում է Հայաստանի քաղաքացիների բարեկեցությունը, այլ նաև Հայաստանի տնտեսության աճի հեռանկարները, քանի որ տրանսֆերտներն այդ աճի համայնապատկերում հանդիսանում են հիմնարար գործոններից մեկը: Այդ հանգամանքը չեն հերքում անգամ կառավարության անդամները: Այս իրողության ֆոնին, Հայաստանում տնտեսական փոփոխությունների մասին բոլոր խոսակցությունները, մեկնաբանություններն ու գնահատականները գալիս և հանգում են մի պատի` Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանից: Եվ տրանսֆերտների օրինակը ևս մեկ անգամ ի ցույց է դնում խորքային խնդիրը` Հայաստանի տնտեսությունը չի կարող զարգանալ, եթե չի ձերբազատվել Ռուսաստանի կախվածությունից: Իսկ Հայաստանի տնտեսությունը դրանից ոչ միայն չի ձերբազատվել, այլ կառավարությունը ֆինանսների նախարարի մակարդակով հայտարարել է, որ 2017 թվականի համար նախատեսված 3․2 տոկոս տնտեսական աճը կարող է ապահովվել այն դեպքում, երբ Ռուսաստանի տնտեսությունն ունենա դրական զարգացումներ: Բայց Ռուսաստանի տնտեսության դրական զարգացումների հույսը մեղմ ասած՝ իրատեսական չէ, ինչի մասին վկայեց նաև ՌԴ նախագահ Պուտինի նախօրեին հնչեցված ուղերձը ՌԴ Դաշնային Խորհրդի առաջ: Այդ ուղերձում բացակայում էր տնտեսական պաթոսը, փոխարենը Պուտինը բավականին զգալի կենտրոնացել էր ներքին ռեսուրսների վերակազմավորման, ներքին կառավարման արդյունավետության բարձրացման և այդ կարգի քայլերի վրա, ինչը հուշում է, որ Ռուսաստանի տնտեսությունն իսկապես լուրջ խնդիրներ ունի, եթե Պուտինը իր ուղերձում շեշտը դնում է ներքին անելիքների վրա, այլ ոչ թե ուղենշում տնտեսական անկման ավարտ և վերելքի հեռանկարներ: Եվ սա ևս մեկ անգամ վկայում է, ընդ որում ծանրակշիռ կերպով, որ Ռուսաստանի հետ կապված հույսերը, մեղմ ասած՝ արդարացված չեն: Ավելին, այստեղ սպասվողը իրականում ոչ միայն հույսերի արդարացումը չէ, այլ նույնիսկ ավելի վատին պատրաստ լինելը, ըստ էության հուսախաբությունը:

Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը պարզապես չունի այլընտրանք: Այլընտրանքի բացակայությունն ունի երկու պատճառ` քաղաքական գերկախվածությունը Ռուսաստանից, որը Հայաստանին թույլ չի տալիս սկզբունքային քայլեր կատարել Ռուսաստանից տնտեսական կախվածությունը հաղթահարելու ուղղությամբ, հատկապես երկարաժամկետ առումներով, և նաև Հայաստանի կոռումպացված համակարգը, որը հանդիսանում է արևմտյան դոնորների և ներդրողների համար Հայաստանի վստահելիության լուրջ խոչընդոտ: Հայաստանի իշխանությունը գործնականում չի պայքարում երկու առանցքային խնդիրներից և ոչ մեկի դեմ:

Միաժամանակ, այդ երկու խնդիրներն ըստ էության շաղկապված են միմյանց, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանի վրա ապահովվում է նախ և առաջ կոռումպացված համակարգի միջոցով: Այսինքն՝ այդ համակարգի պահպանման շահառուն ոչ միայն դրա հայաստանյան սեգմենտներն են, այլ նաև Ռուսաստանը, որը Հայաստանի վրա ազդեցության խնդրի մասով էական կորուստ կունենա, եթե Հայաստանում համակարգային պայքար մղվի կոռուպցիայի դեմ: Այդ իմաստով, Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրը, ուզենք, թե ոչ, ըստ էության դառնում է իսկապես միջազգային նշանակության քաղաքական խնդիր: Եվ այս հարցում, այդ խնդիրը հետապնդող հանրային և քաղաքական շրջանակները ըստ էության հազիվ թե կարողանան ավելիին հասնել, քան այսօր, առանց խնդրի այդ կոնտեքստը դիտարկելու և իրենց մոտեցումներում դրանից բխող լրացումներ կամ փոփոխություններ անելու:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing