Հայաստանից կույս աղջիկների «արտահանում»՝ Ֆրանսիա

2

Անահիտը 22 տարեկան է, ֆրանսերեն է սովորում, դպրոցում օտար լեզուն գերմաներենն է եղել, դժվարությամբ է ընկալում ֆրանսերենի լեզվական առանձնահատկությունները: Խոստովանում է, որ դպրոցում գերմաներենով առանձնապես չի զբաղվել, սեր չի ունեցել լեզվի նկատմամբ, այնուամենայնիվ, անցումը մեկ օտար լեզվից մյուսին դժվար է:

Ամեն օր հագած-կապած, մազերը հարդարած, տետրն ու գրիչը ձեռքին գնում է ֆրանսերեն սովորելու. նա ամուսնանալու է Ֆրանսիայում, բնակվելու է այնտեղ:

«Ֆրանսիայից մեր բարեկամներից մեկին հարցրել էին, թե գյուղում ի՞նչ լավ աղջիկ կա, նրանք էլ մի քանի աղջիկների նկարներ էին ուղարկել, ինձ էին հավանել»,-ասում է Անահիտը:

-Իսկ դու հավանե՞լ ես: 

Ամաչկոտ ժպտում է. երևի չի էլ պատկերացնում թե «հավանել» կամ սիրելը որն է: Նրա և նրա ընտանիքի միակ երազանքն Անահիտին Ֆրանսիա ուղարկելն է:

Փարիզ, Էյֆելյան աշտարակ. այսքանից այն կողմ նրա գիտելիքները Ֆրանսիայի մասին չեն անցնում, Փարիզը նրա համար ողողված է ծիրանագույն լույսերով, և հույս ունի, որ բարի փերու փայտիկի մեկ հարվածով երիտասարդ աղջկա բոլոր երազանքները կիրականանան:

Ընտանեկան կյանքի խնդիրների, դժվարությունների, օտարազգիների հարևանությամբ ապրելու մասին բացարձակ չի մտածում:

Հարցին, թե ինչո՞ւ է փեսացուն ցանկացել Հայաստանում կին գտնել, ասում է, որ Արմենը՝ փեսացուն, ասում է, որ այնտեղ դժվար է «նորմալ» աղջիկ գտնել, և ընտանիքով որոշել են հայրենի գյուղից աղջիկ տանել:

-Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ է նշանակում ապրել օտար երկրում՝ առանց ազգականների և հարազատների. հանգամանք, որ հայերիս համար խիստ կարևոր է:

Գլուխն է օրորում: Ամբողջ կյանքում ընտանեկան հարկի տակ ազգականների, եղբոր ընտանիքի, ծնողների հետ բնակվելն Անահիտի համար ապրելակերպ է, սակայն կյանքի մեկ հատվածում նրա ճակատագիրն ուղղվել է դեպի Ֆրանսիա:

«Մերոնք ասում են՝ լավ կլինի, կգնաս, լավ ապրուստ, տուն ու տեղ կունենաս, ստեղ ի՞նչ կա՝  ոչ մի բան: Ամբողջ օրը ծաղիկ ենք մշակում, բայց պարտքերի մեջ ենք»,- ասում է Անահիտը:

Փեսացուն աղջկան ստիպել է դուրս գալ աշխատանքից՝ ձևակերպելով, որ շուտով տանից հեռանալու ես, հարազատներիդ հետ երկար ժամանակ չես տեսնվելու, լավ կլինի, որ տանը մնաս, Անահիտն էլ հլու-հնազանդ աշխատանքից դուրս է եկել:

Պարզվում է՝ Անահիտը միակը չէ, որ ֆրանսերեն սովորելու համար դիմել է ուսուցչուհու օգնությանը: Տիկին Սուսանը ևս մի քանի աշակերտուհիներ ունի, ովքեր մեկնելու են Ֆրանսիա՝ ամուսնանալու նպատակով:

«Անահիտն արդեն 4-րդ աղջիկն է, որ ինձ մոտ ֆրանսերեն է պարապում. գնալու են Ֆրանսիա: Աշակերտ եմ ունեցել, որ 17 տարեկան էր, չէր պատկերացնում անգամ՝ Ֆրանսիան որտեղ է և ընդհանրապես երկրի մայրաքաղաքը որն է: Վերջերս է իմացել, որ Փարիզն է: Նկարներն ազգականները ցույց են տվել Ֆրանսիայի Ամյեն քաղաքում բնակվող իրենց ազգականին, նրանք էլ հավանել են, եկել են, նշանել, ու շուտով նա էլ է գնալու»,— ասում է տիկին Սուսանը:

Նա նաև պատմում է, որ հարևան գյուղից մի աղջիկ է ամուսնացել Իսպանիայում, եկել-տարել են, սակայն մեկ տարի հետո բաժանվել-եկել է հայրենի գյուղ: Իսպանիայում ամուսինն օրերով տուն չի եկել, կնոջն ուշադրություն չի դարձրել, նա էլ ամբողջ օրը տանը փակված է եղել, ամուսինը գնացել-եկել, վիրավորել-կոպտել է, և օրերից մի օր, երբ ամուսինը 10 օրով տնից բացակայել է, վեր է կացել, եկել տուն: Այժմ ամուսնացած է, և երևի թե իր երջանկությունը գտել է հայրենիքում:

Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին օտար երկրներ արտագաղթած հայ ընտանիքների տղաները աշխատում են Հայաստանից աղջիկ տանել՝ համոզված լինելով, որ Հայաստանի աղջիկները կույս են, օտար բարքերին անհաղորդ և տանը գործերով կզբաղվեն:

Կարճ ասած՝ Հայաստանից արտագաղթած հայ ընտանիքներին կույս հարսներ են պետք:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache