Լրահոս

Հայաստանն Ադրբեջանի հանդեպ առավել քան երբևէ հանդուրժող և «փոխզիջումային» է դարձել

 

hayk-martirosyan-harcazruyc

hayacq.com-Արցախյան հիմնախնդրի և տարածաշրջանային զարգացումների շուրջ զրուցեցինք քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:
-Պարոն Մարտիրոսյան, Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կրկին լայնորեն քննարկվեց ԼՂՀ հիմնախնդիրը: Ի՞նչ կարելի է ակնկալել այս հանդիպումներից:
-Որևէ լավ բան ես չեմ ակնկալում: Ընդհանրապես, Արցախի խնդրի շուրջ ընթացող որևէ պրոցես ապրիլյան էսկալացիայից հետո չի կարելի դրական գնահատել: Այն ինչ կատարվում է այդ խնդրի շուրջ այսօր, ուղղակի աղետալի է Հայաստանի և հայերի համար, որը սակայն, այժմ արդեն մեր խորհրդարանականները փորձում են ներկայացնել որպես անհրաժեշտություն, այսպես ասած, անհրաժեշտ աղետ, որն այսօր «փոխզիջումներ» է անվանվում: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա իր կոմյունիկեում ՆԱՏՕ-ն բավական սահուն և առաջին հերթին աննկատ կերպով ճանաչում է Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունը և դրանով ընտրում այս կոնֆլիկտի կողմերից մեկին: Դա մի հանգամանք է, որից ՆԱՏՕ-ն որպես ռազմական դաշինք պարտավոր էր զերծ մնալ:
-Ի՞նչ եք կարծում, ՀՀ խորհրդարանի կողմից վավերացրած ՀՀ և ՌԴ միջև հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին համաձայնագիրը որևէ կերպով կսաստկացնի Ադրբեջանի ագրեսիան:
-Ես չգիտեմ, թե այս համաձայնագրով ինչպե՞ս է այդ նոր ՀՕՊ-ի հրամանատար Շամանովը, որը Ադրբեջանի հանրապետության ոչ պաշտոնական հերոս է և կռվել է հայերի դեմ նրանց կողմից՝ արտոնելու ՀՕՊ-ի հայկական սեգմենտի կիրառումը Արցախի երկնքում: Այս մասին որևէ հայ պատասխանատու պաշտոնյա ոչինչ չի ասել, ոչ մի երաշխիք չի տվել, ոչ մի հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել: Ընդհակառակն, տրվել են լղոզված պատասխաններ: Հիմա անհրաժեշտ է հասկանալ, որ ապրիլին Ադրբեջանը չկիրառեց ավիացիա, որովհետև հայկական ՀՕՊ-ն անկախ էր և հաստատ խփելու էր իր կործանիչները: Իսկ ավիացիան պատերազմի աստվածն է: Մինչ այսօր ավիացիան է բոլոր կոնֆլիկտներում որոշում դրա հանգուցալուծումը: Հիմա ապրիլյան նույն սցենարն, ամենայն հավանականությամբ, չի կարող կրկնվել: Արդեն ադրբեջանական ավիացիան հաստատ գործելու է, ընդ որում՝ ամենայն հավանականությամբ՝ անարգել: Կապրենք՝ կտեսնենք, բայց հեռանկարն այս առումով անչափ մտահոգիչ է:
-Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին շրջադարձային կլինի՞ ԼՂՀ հիմնախնեդրի հրատապ լուծման համար:
-Ոչ իհարկե, բայց կարող է մեծացնել լարվածությունը տարածաշրջանում՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև, որը Հայաստանի համար սեփական շահերի տեսանկյունից չի կարող դրական համարվել: Հայաստանն, անպայմանորեն, ներքաշվելու է այդ լարվածության շրջանակ, և դա Հայաստանին հաստատ այս պահին ձեռնտու չէ:
-Թուրքիա-Ռուսաստան մերձեցումը ի՞նչ ազդեցություն կունենա Արցախյան հիմնախնդրի վրա:
-Մերձեցում չկա և չի կարող առայժմ լինել: Կա հաշտեցում: Պետք է նկատի ունենալ, որ ընդհանրապես, ռուս-թուրքական յուրաքանչյուր նորմալ հարաբերությունների ձևաչափն անչափ վտանգավոր է Հայաստանի համար: Կար բացահայտ թշնամության բարենպաստ պատուհան, որը Հայաստանն ինչպես միշտ չօգտագործեց: Ընդհանրապես, կրավորական, քնկոտ, ամորֆ և անդեմ քաղաքականությունն այսօրվա պաշտոնական Երևանի դեմքն ու ինքնագիրն է դարձել: Դա փաստ է, որի հետ ժողովուրդը հաշտված և խաղաղ ապրում է արդեն երկու և կես տասնամյակից ավելի:
-Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրությունները կազդեն արդյոք բանակցային գործընթացի վրա: 
-Անհերքելի է, որ եթե ֆորս-մաժոր չլինի, ապա իշխող ուժը վերարտադրվելու է: Մի փոքր նոր, թարմ, գուցեև երիտասարդ դեմքերով, բայց այն վերարտադրվելու է: Դրանում որևէ կասկած չկա: Եվ եթե լինելու է նույն ուժը, ապա բանակցային ամոթալի պրոցեսն ամենայն հավանականությամբ, նույնը կմնա: Եթե այսօր այդ ուժի գործիչները փորձում են խոսել «փոխզիջումներից», որոնք ոչ այլ ինչ են, քան զիջումներ վերացական և վտանգավոր բաների դիմաց, ապա՝ կուրսի կտրուկ փոփոխությունն ուղղակի անհնար է: Թվում է, ապրիլը պետք է բան փոխեր երկրի քաղաքական ուղեծրում և Արցախի հարցում դասեր տար, բայց տպավորություն է, որ պատերազմ ընդհանրապես չի էլ եղել և որ Հայաստանն Ադրբեջանի հանդեպ առավել քան երբևէ հանդուրժող և «փոխզիջումային» է դարձել: Իրականում անարգվել է զոհված զինվորների արյունը և ակնհայտ դարձել, որ նրանք, փրկելով իրենց երկիրը և թիկունքում՝ ողջ Հայաստանը, նույն այդ Հայաստանին դրդել են դեպի պարտվողականություն: Սա մի իրավիճակ է, որ անպատկերացնելի է որևէ այլ երկրում, որ հակառակ է որևէ տրամաբանության և, որ շատ վատ է խոսում հայկական ներկայիս հասարակության մասին: Ժողովուրդը տեր չէ իր հեղած արյանը և, իր կարծիքով, փրկելու համար հավելյալ զոհերից պատրաստ է հանձնել թշնամուն իր պատմական տարածքները, իր հայրենիքի մի մասը՝ Աղդամով հանդերձ, առանց հասկանալու, որ դա անքննելի երաշխիք է առավել սարսափելի և մեծ զոհերի, նաև՝ ցեղասպանություն և իհարկե, ողջ երկրի վերջնական կորստյան: Եվ, սա ապոկալիպտիկ սցենար չէ: Նայեք մերձավորարևելյան մյուս երկրներին. ընթանում է եզիդիների և քրիստոնյաների ցեղասպանություն, վերաձևվում են պետություններ, ոչնչացվում են մեգապոլիսներ և երբեմնի ծաղկուն քաղաքներ, փոխվում է աշխարհակարգ: Իսկ Հայաստանում կարծում են թե թշնամին քաղաքակիրթ է, բանակցություններին ու հնարավոր պայմանավորվածություննրին հավատարիմ, և որ հայրենիք հանձնելով, կարելի է ոչ թե երաշխավորված առավել աղետաբեր պատերազմ, այլ՝ երաշխավորված խաղաղություն ստանալ: Առավել անմիտ, ինքնասպան և ապիկար մոտեցում ես պատմության մեջ չեմ հիշում:
Զրուցեց՝ Լուսինե Մանանդյանը

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing