Լրահոս

«Հայաստանում երաշտ է սկսվել, որի մասին լռում են». Հրաչ Բերբերյան

 

«Հայաստանում երաշտ է սկսվել, որի մասին մեր ընկերները լռում են՝ վախենալով իրենց դիրքից։ Ջրամբարների պատմությունն այդպես էլ հանելուկ է մնում, թե ինչպես են դրանք դատարկվել։ Պետք է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի այդ համակարգը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ հատկապես Շիրակի, Գեղարքունիքի մարզերում և ամբողջ հանրապետությունում ոռոգման ջրի հարցը բավականին մեծ խնդիրներ է առաջացրել.

«Ես զարմանում եմ մեր պատգամավորների վրա, որոնք առանց խորանալու, ուսումնասիրելու հարցը, թե ջրամբարներում ջուր ինչո՞ւ չկուտակվեց, կողմ քվեարկեցին Սևանա լճից հավելյալ 100 մլն խմ ջուր բաց թողնելու նախագծին։ Պատճառաբանում են, թե անձրևներ չեն եղել, ձնհալ չի եղել, տարբեր բաներ են ասում, որոնք անընդունելի են։ Պետք է ուսումնասիրել, թե ջրամբարներն ու ջրատարներն ինչո՞ւ չեն մաքրվում։ Պետք է ուսումնասիրել ՋՕԸ-երի աշխատանքը, գիտեք, որ ջրամբարներից օգտվում են որոշ հէկ-եր, որոնց ջրօգտագործումը չի ֆիքսվում»։

Հետևաբար, ըստ նրա՝ խնդիրը լուծելու համար պետք է լինի անկախ հանձնաժողով, որի անդամներն առանց կաշկանդվելու կուսումնասիրեն ոլորտը.

«Այսօր ջրի մոնոպոլիա է, որը պետք է վերացնել։ Ջուրը տալիս են ՋՕԸ-երին, վերջիններս վաճառում են, այսինքն՝ երկրորդ-երրորդ ընտրություն չկա։ Օրենսդրական դաշտը պետք է շատ արագ բարեփոխենք»։

Ագրարագյուղացիական միավորման նախագահի խոսքով՝ եթե խոշոր ֆերմերը որոշում է՝ ջրբաշխից անձամբ ջուր բերել, ուրեմն՝ պետք է այդպես էլ անի. «Շատ ֆերմերներ ունենք, որոնք իրենց հողատարածքում խորքային հորեր են տեղադրում, 50-60 հազար դոլար փող են ծախսում, և մարդիկ հույսը կտրել են ջրամբարների ջրերից։ Խոշորները կարողանում են այդպիսի ներդրումներ անել, իսկ այն միջին գյուղացին, որը սպասում է, թե որ ժամին ջուրը կգա, իսկ գյուղատնտեսության համար ժամը շատ կարևոր է, կանգնում է փաստի առաջ։ Օրինակ՝ եթե շոգ ժամին ոռոգում ես կատարում, ձմերուկը կարող է ճաքել։ Դա կոչվում է ջերմային ռեժիմի խախտում»։

Բերբերյանի խոսքով՝ երաշտը կվնասի հատկապես կարտոֆիլի բերքին. «Հիմնականում Շիրակի մարզում ենք լուրջ խնդիրներ ունենալու»։



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am