good-banner
Լրահոս

Հայաստանում իրադրությունը կտրուկ փոխվեց

 

arm146985797596

lragir.am — Հուլիսի 17-ից հետո Հայաստանում ծավալվող իրադարձություններն ակնհայտորեն ունեին մի քանի շերտեր, որ տարբեր գործընթացների տեսքով կուտակվեցին Սասնա ծռեր ջոկատի իրականացրած գործողությամբ ստեղծված նոր իրավիճակի վրա:
Այդ ամենը արժանացավ եւ շարունակում է արժանանալ հասարակական բուռն քննարկումների, տարբեր ծայրահեղություններից մինչեւ իրավիճակը վերլուծելու տարբեր փորձերով արտահայտվող վերաբերմունքի, մեկնաբանությունների:
Դրանք կարծես թե դեռեւս չեն շոշափել տեղի ունեցող գործընթացների բավական նուրբ մի շերտ, որը սակայն առանցքային նշանակություն ունի ոչ միայն վերջին օրերի, այլ ընդհանրապես ամիսների, իսկ ավելի շուտ՝ ապրիլի պատերազմից հետո առկա իրավիճակի համատեքստում:
Հուլիսի 17-ից հետո իշխանությունը հանրային տիրույթում արտահայտվում է գերազանցապես ոստիկանության տեսքով, իսկ ոստիկանությունն էլ ինքնարտահայտվում է բացառապես բռնությամբ, օրենքի կարծես թե ցուցադրական արհամարհմամբ:
Ինչ վիճակ էր Հայաստանում մինչ այդ, ապրիլի պատերազմից հետո: Հայաստանում ընդհանուր իրավիճակային տրամաբանության մեջ թելադրող գործոնը պատերազմն էր եւ ադրբեջանական ագրեսիան հետ մղած եւ պատերազմը կասեցրած հայկական բանակը, բանակի զինվորը, սպան, կամավորը: Այդ հանգամանքը բերել էր ներքին իրավիճակի մի տրամաբանության, երբ իշխող համակարգը լռել էր կամ ստիպված էր խոսել միայն հենց այդ հանրային թելադրանքի տրամաբանությունից: Իսկ հանրային թելադրանքի ուժն էլ բանակն էր, այսինքն բանակը՝ զինվորն էր թելադրողը, իսկ թելադրանքն իրականացվում էր հասարակության միջոցով:
Իշխող համակարգն աստիճանաբար փորձում էր ուշքի գալ այդ իրավիճակից եւ փոխել այն, փոխել դրա տրամաբանությունը, աստիճանաբար վերգտնել իրեն, ըստ այդմ նաեւ հասարակության ու պետության հաշվին կյանքը վայելելու իր օրակարգը:
Ներկայում, հուլիսի 17-ից հետո, իշխանությունը կրկին լուռ է եւ փաստացի չի խանգարում ոստիկանությանը, քանի որ զգացել է իրեն վերգտնելու բեկումնային հնարավորությունը: Եվ դա այն նուրբ շերտն է, որ ծավալվում է այսօր տեղի ունեցող զարգացումներում, եւ ոստիկանությունը բերելով թելադրող դիրք, իշխող համակարգը փաստացի փորձում է օրակարգում փոշիացնել բանակի թելադրանքի տրամաբանությունը:
Ներկայում իշխող համակարգը փորձում է ոչ միայն լուծել կոնկրետ բարդ խնդիրը ՊՊԾ գնդի շուրջ, այլ նաեւ մի շարք այլ, առավել ընդգրկուն խնդիրներ, այդ թվում՝ թելադրող զինվորին թելադրող ոստիկանով փոխարինելու խնդիրը: Իսկ թելադրող զինվորը ենթադրում է մի տրամաբանությամբ ներքին, ներպետական մթնոլորտ, թելադրող ոստիկանը՝ բոլորովին այլ: Ոչ միայն իշխող համակարգի առաջ դրվող պահանջների տեսանկյունից, այլ նաեւ հասարակական տրամադրության, հոգեվիճակի:
Թելադրող զինվորը, որ կանգնած է առաջնագծում, ենթադրում է հասարակության առավել ոգեւորված հոգեվիճակ, երբ կա հստակ նպատակ՝ օգնել, աջակցել զինվորին: Թելադրող ոստիկանը հասարակությանը հասցնում է նյարդային հոգեվիճակի, որտեղ մեծ հաշվով որպես այդպիսին կորում են կառուցողական նպատակները, հասարակությունը հայտնվում է որոշակի անզոր հոգեվիճակում: Թելադրող զինվորն ուժ է տալիս հանրությանը, թելադրող ոստիկանը՝ ուժասպառ անում, դնում ջղագրգիռ վիճակում, որն արգելակում է հասարակության արդյունավետ գործողությունների հոգեբանական եւ մտավոր համակարգը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am